Բաց նամակ Հ1-ին, Արմենիային և Շանթին հեռուստասերիալների բովանդակության շուրջ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 2, 2011 16:13

Հարգելի′ հեռուստաընկերություններ,
մենք` Երիտասարդ Կոնֆլիկտաբանների Ակումբի անդամներս, հայտնում ենք մեր մտահոգությունը ներկայումս հեռարձակվող սերիալների բովանդակության վերաբերյալ:
Տպավորություն է ստեղծվում, որ հայկական նորահայտ սերիալների հեղինակների առանցքային նպատակը հերոսների համար հնարավորինս շատ դժբախտություններ ու տառապանքի պատճառներ հորինելն է: Իսկ հերոսները կա՛մ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, կա՛մ շատ դաժան ճակատագրեր ունեցող մարդիկ, ինչի արդյունքում հեռուստադիտողների մոտ ձևավորվում է թյուր պատկերացում կյանքի նմուշների վերաբերյալ: Հերոսներն անընդհատ հիասթափություն են ապրում, հայտնվում անհուսալի իրավիճակներում հարազատների դավաճանության, ստի, ինչ-որ անհայտ չարագործների պատճառով: Այս ֆիլմերում ուրախության պահերն ուղղակի շռայլություն են, որոնք հերոսները ստանում են միայն վերջին սերիայում:
Այդ սերիալները ստաբիլ կերպով դիտող հեռուստադիտողները սկսում են ապրումակցել հերոսներին. հատկապես խիստ զգացմունքային են արձագանքում հերոսին պատուհասած հերթական դժբախտությանը: Ապրումակցումը հեռուստադիտողների մոտ ուղեկցվում է սթրեսով, ինչը, բնականաբար, խորը բացասական ազդեցություն է թողնում նրանց առողջության ու աշխարհայացքի վրա: Սերիալներն ուղղակի լեցուն են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զազրելի տեսարաններով: Ընդ որում` դրանց զգալի մասը հեռուստադիտողի աչքում «արդարացվում» է սցենարային զանազան լուծումների միջոցով:
Նմանատիպ սցենարները, հեռուստադիտողների մոտ ստեղծելով սերիալային անցանկալի ինքնություն, նրանց դրդում են ներկայացվող վարքը պրոյեկտել իրական կյանքում: Այդ միջոցով հասարակության տևական «մշակումը» մարդկանց մոտ ձևավորում է խեղված հոգեբանություն:
Նշյալ սերիալները բացասաբար են անդրադառնում հատկապես անչափահասների վրա, ովքեր տեսածն իբրև իրականություն ընկալելու առումով ավելի խոցելի են: Նրանց մոտ ձևավորվում է պատկերացում, որ անընդմեջ դեպրեսիվ ապրումները նորմալ են, որ դժբախտություններն ամենուր են, ու դրանցից խուսափել հնարավոր չէ, որ ուզածին հասնելու համար կարելի է դիմել ցանկացած միջոցի, այդ թվում` բռնության: Ավելին, անչափահասները, սերիալների հերոսներին ընդունելով որպես չափանիշ, «հաջողությամբ» նմանակում են նրանց վարքը, խոսելաոճը և բառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են մեր մայրենին:
Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ սերիալները գովազդելու և հեռուստալսարան գերելու նպատակով գովազդային հոլովակները «խոստանում են» հերոսի կյանքում նորանոր խոչընդոտներ ու դժբախտություններ: Սա իրագործվում է այն հիմնավորմամբ, որ հեռուստադիտողները նախընտրում են հենց վերը նշված բովանդակությամբ սցենարները: Մինչդեռ հենց սերիալներն են իրենց՝ ամեն գնով կախվածություն առաջացնող բովանդակությամբ թելադրում լսարանին նմանատիպ «ճաշակ»:
Հաշվի առնելով վերոնշյալ լրջագույն վտանգները՝ կոչ ենք անում բոլոր հեռուստաընկերություններին խորքային ուշադրություն դարձնել նկարահանվող սերիալների սցենարների վրա՝ գիտակցելով, որ բարձր վարկանիշն ու շահույթը, անկասկած, կարելի է ապահովել` անգամ զերծ մնալով վերոհիշյալ բացասական միտումներից:

Այս նամակը հանձնվել է նաև ՀՌԱՀ-ին:
Երիտասարդ Կոնֆլիկտաբանների Ակումբ (ԵԿԱ)
Կոնտակտային տվյալներ`
www.facebook.com/eka.cyc
www.eka_cyc.livejournal.com
էլ. հասցե՝ eka.cyc@gmail.com
Հեռ.՝ 055 266 663 (Արտակ Բեգլարյան), 093 529 505 (Աստղիկ Խաչատրյան), 094 444 566 (Անի Դալլաքյան)

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply