Բնական մազերի փոխարեն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 2, 2011 16:06

Ի՞նչ է ուզում կինը, երբ մոտենում է հայելուն. իհարկե ուզում է իսկական գեղեցկուհու տեսնել, իսկ գեղեցիկ լինելու գործում մեծ նշանակություն ունի կնոջ սանրվածքը: Պատկերացրեք մի չքնաղագեղ կնոջ, բայց ամբողջությամբ ճաղատ. սա շոկից բացի, ոչինչ չի առաջացնում: Շքեղ, խնամված ու գեղեցիկ մազերն իսկապես ավարտուն տեսք են հաղորդում կնոջ գեղեցկությանը: Շատ կանանց նկատմամբ բնությունը շռայլ է գտնվել` շնորհելով շքեղ մաղեր, իսկ նրանք, ովքեր հպարտանալու տեղ չունեն, իսկապես մտածում են` ինչպես հարթել այս հարցը: Ահա այս դեպքում է, որ ընդգծվում է կեղծամի դերը: Նախ նշեմ, որ արդեն կոտրվել է այն կարծրատիպը, թե կեղծամ են դնում միայն կանայք, ովքեր այս կամ այն հիվանդության հետևանքով ճաղատացել են:
Ոչ, կեղծամն այսօր հարմարավետություն է: Ժամանակակից կինն այսօր այնքան անելիք ունի, որ շատ հաճախ ժամանակը չի բավականացնում մազերին հետևելու ու սանրվածքներ ապահովելու համար, իսկ կեղծամը փրկություն է, արագ լուծում: Բացի այդ, կեղծամը նաև կարևոր պարագա է այն կանանց համար, ովքեր սիրում են փորձեր անել իրենց արտաքինի վրա: Առհասարակ կեղծ մազափունջը, շինիոնը, ինչպես նաև կեղծամն այսօր կնոջ հարդարանքի պարագաների դարակում իրենց ուրույն տեղն ունեն:
Մազ երկարացնելու կամ երևանյան բարբառով ասած` մազ կպցնելն ավելի տարածված է. պատճառն այնէ, որ որակյալ և ճիշտ կեղծամ դժվար է գտնել: Որակյալ կեղծամը պետք է պատրաստված լինի այնպես, որ գլխամաշկը հանգիստ շնչի: Օդափոխությունը կարևոր տարր է իսկական մազերի աճի և որակի համար:
Սա է որակի կարևոր չափանիշը: Կեղծամի թեթևությունը նույնպես ցանկալի գործոն է, իսկ կարևորագույն գործոններից մեկը կեղծամը գլխին ամրացնելու պահն է, որպեսզի կեղծամ կրող կինը հանգիստ լինի ու չվախենա, ասենք, չարաճճի երեխա գրկելուց, պետք է, որ կեղծամը գլխին ամրանալու լավ երաշխիք ունենա:
Վերջապես թերևս հիշեմ մերօրյա մի անեկդոտ. ասում են` ժամանակակից կանայք այսօր արհեստական թարթիչներ են դնում, արհեստական եղունգներ են դնում, արհեստականորեն երկարացնում են մազերը, արհեստականորեն մեծացնում կուրծքը, արհեստականորեն փոխում են աչքերի գույնը ու հետո էլ բողոքում, որ իսկական տղամարդ դժվար է գտնել:
Ինչևէ, առաջ, սիրելի կանայք և աղջիկներ, անվարան կիրառեք այն բոլոր միջոցները, որոնք դույզն-ինչ կարող են ընդգծել ձեր գեղեցկությունը:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 3127 անգամ:
Print Friendly

Leave a Reply