Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված միջոցառումներ Մադրիդում եւ Բուենոս Այրեսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2011 12:35

Մադրիդ

Ապրիլի 24-30-ը Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունների շարքն իր ավարտն ունեցավ մայրաքաղաք Մադրիդում:

Ապրիլի 30-ին Մադրիդի կենտրոնում գտնվող St. George եկեղեցում տրվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն` պատարագ, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը:

Այնուհետ, եկեղեցու սրահում հավաքվածների առջև ելույթ ունեցան Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և իսպանացի նշանավոր գրող և լրագրող, Հայկական հարցին նվիրված` «Ռումբը» վեպի հեղինակ Խոսե Անտոնիո Գուրիարանը, ով համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում Իսպանիան նույնպես կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում: Ելույթներին հաջորդեց դասական երաժշտության համերգ` հայազգի և իսպանացի երաժիշտների կատարմամբ: Հնչեցին Կոմիտասի, Մոցարտի, Շուբերթի ստեղծագործությունները:

Բուենոս Այրես

Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայի Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարի մոտ ապրիլի 30-ին կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Բուենոս Այրեսից, Բերիսոյից ժամանած և տեղի` Լա Պլատայի հայ համայնքային կառույցների 300-ից ավելի անդամներ:

Մասնակիցների թվում էին նաև Լա Պլատայի արքեպիսկոպոս Էկտոր Ագերան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան, Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Հավաքվածների առջև ելույթներով հանդես եկան Լա Պլատայի Ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Կարլոս Եսայանը, Բերիսոյի հայկական համայնքի ղեկավար Խերարդո Աբգարյանը, Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի նախկին պատգամավոր, նահանգի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործադիր տնօրեն Սերխիո Նահապետյանը, քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան:

Հանդիսությունից առաջ Մայր Տաճարում արքեպիսկոպոս Էկտոր Ագիրեն և Գիսակ արք. Մուրադյանը մատուցեցին սուրբ պատարագ:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply