«Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 70,6 տարին է, կանանցը` 77 տարին»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 1, 2011 10:33

Այս տարի առաջին անգամ ներկայացվել են 2009 թ.-ի կտրվածքով Հայաստանի ազգաբնակչության կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները. 2010 թ.-ի տվյալները դեռևս պատրաստ չեն: Այսօր այս մասին լրագրողներին հաղորդեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և նշեց, որ Երևան քաղաքի բնակիչների կյանքի միջին տևողությունը` ամենաբարձրը ` 74,1 տարի, իսկ հանրապետության միջին ցուցանիշը 73, 9 տարին է:

Կյանքի տևողության ամենացածր ցուցանիշը, ըստ Կ. Կույումջյանի, գրանցվել է Շիրակի մարզում` 70,6 տարի, դրանից հետո Լոռու մարզն է` 71,2, Տավուշի մարզը` 72,9 տարի, Արագածոտնի մարզը` 72,1, Արարատի մարզը` 72, 7, իսկ մնացած մարզերը գրեթե մոտ են միջին հանրապետական ցուցանիշին:

«Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 70,6 տարին է, կանանցը` 77 տարին»,- հաղորդեց բանախոսը:

Կարինե Կույումջյանը խոսեց նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցությունից և նշեց, որ 2011 թ.-ի առաջին եռամսյակում գրանցվել է 4604 ամուսնություն` աճը նախորդ տարվա համեմատ 3,9 տասնորդական տոկոս է կազմել: Ամուսնալուծության դեպքերը ևս աճել են` 776 ամուսնալուծության դեպք` անցած տարվա 709 դեպքի համեմատ, աճը կազմել է 9,4 տասնորդական տոկոս:

«2011 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են և’ ամուսնությունները, և’ ամուսնալուծությունները»,- շեշտեց բանախոսը:

Կ. Կույումջյանի տեղեկացմամբ՝ ամուսնալուծություների մեջ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեն 20 տարուց ավելի համատեղ ամուսնական կյանքով ապրածները՝ մոտ 28 տոկոս։ Նրանց հաջորդում է 1-4 տարի համատեղ ամուսնական կյանք ունեցողների խումբը։

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply