Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2011 23:04

Նախագահը ողջունել է խորհրդաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած  մեր հայրենակիցներին, նշելով, որ  յուրաքանչյուր հայի համար շատ կարևոր է և պարտադիր՝ պարբերաբար այցելել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի կարողանա  անմիջականորեն տեսնել և զգալ իր պատմական Հայրենիքի ձեռքբերումներն ու խնդիրները, հպարտանա, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, ունենք անկախ պետություն՝ լավատեսորեն և վստահ իր ապագային նայող, հաջողություններ արձանագրող և վստահ` այդ ապագայի նկատմամբ:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ բացի ճանաչողական այցերից, յուրաքանչյուր հայից ակնկալվում է նաև գործնական մասնակցություն ունենալ մեր պետության զարգացման ընթացքին:

«Ցավոք, մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասի մոտ թյուր կարծիք կա, որ չի կարելի Հայրենիքում բիզնես ունենալ, դրամ վաստակել: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետև Հայրենիքում գործարարությամբ զբաղվելը, դրամ վաստակելը ամենագործուն մասնակցությունն է Հայաստանի զարգացմանը, որովհետև Հայրենիքում վաստակած յուրաքանչյուր դրամից որոշակի հարկեր եք վճարում, աշխատատեղ, համախառն ներքին արդյունք եք ապահովում և այլն: Բացի այդ, եղած արտադրության կողքին այսպես, թե այնպես, նաև այլ փոքր ու միջին բիզնեսներ են զարգանում»,-ասել է Նախագահ Սարգսյանը, կոչ անելով հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց սփյուռքահայ բոլոր գործարարներին` մասնակցել մեր երկրի տնտեսական հզորացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությունը՝ ստեղծել «Հայկական առևտրական ցանց» ընկերակցություն: Նախագահը հույս է հայտնել, որ այն կդառնա գործուն կառույց, ի դեմս որի` Հայաստանը կունենա վստահելի գործընկեր, որը կարող է հանդես գալ նախաձեռնություններով, ապահովել հետադարձ կապ նաև գործարար-պետական կառույցներ հարաբերություններում:

Հանդիպման մասնակիցները ևս կարևորել են «Հայկական առևտրական ցանց»-ի ստեղծման նախաձեռնությունը, նշելով, որ այն կարող է ոչ միայն Հայրենիքի, այլ նաև Սփյուռքի գործարար միավորումների միջև ապահովել արդյունավետ կապ և համագործակցություն:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև Հայաստանի տնտեսության, երկրում իրականացվող բարեփոխումների, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:-0-

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply