Կենսաթոշակային բարեփոխումներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 30, 2011 11:16
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)
Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի (ԿԱԲԾ)
շրջանակում հավաստագրեր են շնորհվել 27 փորձագետների` «Կենսաթոշակային
համակարգի նոր վիճակագրական մոդել» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Ինտենսիվ վերապատրաստման դասընթացին մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև բանկերի, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ և Երևանի պետական համալսարանի Ակտուարական մաթեմատիկայի ամբիոնի ուսանողներ:
Վերապատրաստման նպատակն էր զարգացնել մասնակիցների հմտությունները կենսաթոշակային համակարգի վիճակագրական նոր մոդելը կիրառելու ուղղությամբ, օգնել հասկանալ, թե ինչ ցուցանիշներ և ենթադրություններ են կիրառվում` կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կանխատեսումներ անելիս:
ԿԱԲԾ-ի փորձագետների օգնությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը
գործող և բարեփոխված կենսաթոշակային համակարգը բնութագրող ցուցանիշների,
օրինակ` կուտակային նոր համակարգին անցնելու, նոր համակարգի ներդրման և
կառավարման ծախսերի և այլ ցուցանիշների վերաբերյալ
կանխատեսում-հաշվարկներ կատարելու գործում:
ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ն նախաձեռնել է նախկինում գործածվող SPSS մոդելի
մոդիֆիկացման գործընթացը, այն` կենսաթոշակային բարեփոխումների ներկա
փուլի ընթացքում ծրագրի գործընկերների կարիքներին առավել
համապատասխանեցնելու նպատակով: Վերոհիշյալ աշխատանքն իրականացնելու,
վերապատրաստումն անցկացնելու և «Կենսաթոշակային համակարգի վիճակագրական մոդել» ուղեցույցը մշակելու նպատակով ծրագրի շրջանակում հրավիրվել են երկու փորձագետներ` Ակտուարների ամերիկյան միության անդամներ Դագլս Քերին և Լինդսի Վոլֆը:
Մինչեւ վերջերս կենսաթոշակային բարեփոխումների տարբեր սցենարներ
կանխատեսելու և վերլուծելու նպատակով կիրառվում էին կենսաթոշակային
համակարգերի հետևյալ երկու մոդելները` SPSS մոդելը, որը մշակվել էր ԱՄՆ
ՄԶԳ-ի նախկին ծրագրերից մեկի կողմից և PROST մոդելը, որը մշակվել էր
Համաշխարհային բանկի կողմից:
Վիճակագրական նոր մոդելն ընձեռում է տնտեսության, աշխատաշուկայի և
ֆինանսական ցուցանիշների տարբեր սցենարային զարգացումների համար
կանխատեսում-հաշվարկներ կատարելու և տեղեկացված որոշում կայացնելու
հնարավորություն: «Քաղաքականություն մշակողները, որոշումներ կայացնելիս,
կկարողանան օգտագործել այս մոդելը` գնահատելու համար կենսաթոշակային
համակարգի ծախսերը, կենսաթոշակների ակնկալվող մակարդակները, տարբեր
սցենարային զարգացումների դեպքում այդ ծախսերի և պարտավորությունների
փոփոխությունը», – բացատրեց պարոն Քերին:
Ծրագրի մասին` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)
Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի (ԿԱԲԾ) նպատակն է աջակցել անհատներին, տնային տնտեսություններին և համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը կամ կարիքները, ինչպես նաև զբաղվածների և գործազուրկների խոցելի խմբերին, մասնավորապես`
մասնագիտական ցածր որակավորում ունեցող անձանց, կանանց և
հաշմանդամություն ունեցող անձանց` առավել մեծ ուշադրություն դարձնելով
միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը:
Ծրագիրը տրամադրում է տեխնիկական օգնություն և աջակցություն մարդկային և
ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով և ուղղված է
սոցիալական պաշտպանության հետևյալ առանցքային երկու ոլորտներին`
կենսաթոշակային բարեփոխումների իրականացում և միջամտություններ աշխատանքի շուկայում:






Facebook
Tweet This
Email This Post
