Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Փարիզ և Իլ դը Ֆրանս նահանգ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 29, 2011 20:02
Ապրիլի 25-ից 28-ը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում:
Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքապետ Կարեն Կարապետյանը  ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` ի հիշատակ նահատակների: Այնուհետև Փարիզի Աստվածամոր տաճարում Երևանի քաղաքապետը մասնակցել է զոհերի հիշատակին մատուցված պատարագին:
Պատվիրակությունը մասնակցել է  Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Բերտրան Դելանոեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ընդունելությանը:
Իր հարգանքն ու երախտիքը հայտնելով ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական պետությանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է , որ Փարիզի քաղաքապետարանում ավանդական դարձած այս ընդունելությունը խոսուն փաստ է և արտահայտում է այն բոլոր ջանքերը, որ ներդրվում են ի նպաստ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և հարաբերությունների  ամրապնդման:
Պատվիրակությունն  այցելել է նաև  Հայ առաքելական եկեղեցի և հանդիպել  Ֆրանսիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի հետ:
Ապրիլի 26-ին Երևանի քաղաքապետը  հանդիպել է  Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հետ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը նախկինում կատարված և ներկայումս կատարվող համագործակցության ծրագրերի համար,  առաջարկել է  ավելի ակտիվացնել և գործնական հիմքի վրա դնել երկկողմ հարաբերությունները:  Կարևորելով երկու քաղաքների գործարար շրջանակների փոխգործակցությունը, Ժերար Կոլլոմբը պատրաստակամություն է հայտնել  կազմակերպել տրանսպորտի, մետրոյի կառավարման, աղբահանության ոլորտները ներկայացնող գործարարների խմբի այցը Երևան: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել  մշակել համագործակցության կոնկրետ ուղղությունները` նոր եռամյա ծրագիրը ստորագրելու համար: Երևանի քաղաքապետը վերահաստատել է  Լիոնի քաղաքապետին Երևանում հյուրընկալելու իր հրավերը:
Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել  Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի և նախագահի տեղակալ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին հաջորդել է «Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրիե ստորագրման արարողությունը:
Երկուստեք կարևորելով համաձայնագրի նշանակությունը, կողմերը նշել են, որ այն  նոր լիցքեր կհաղորդի բարեկամական համագործակցության ու հայ-ֆրանսիական գործնական  երկխոսության համար:
Կարևորելով երկկողմ  կապերի ակտիվացումն  ու  խորացումը, Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ հարաբերությունների զարգացումը թույլ կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել`  ամրապնդելով և ավելի ծանրակշիռ հիմքերի վրա դնելով գործակցությունը:
Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել  փորձագետների խումբ ուղարկել Երևան` համագործակցության ուղղությունները հստակեցնելու և կոնկրետ ծրագիր իրականացնելու համար:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Փարիզի քաղաքապետ, Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հանդիպման ընթացքում  քննարկվել են հոկտեմբերի 24-27-ը Երևանում կայանալիք Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Կարեն Կարապետյանն առաջարկել է  ակտիվացնել գործարար շփումները, նշելով, որ  Երևանը բաց է ներդրումների համար.  «Հրավիրում ենք ներդրումներ կատարել քաղաքային տնտեսության այն ոլորտներում, որոնց կառավարման արդյունավետ, ձևավորված մշակույթ կա: Մենք պատրաստ ենք Երևանում Ֆրանսիայից ոչ պակաս հարմարավետ բիզնես միջավայր ստեղծելե,– ասել է Կարեն Կարապետյանը: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել  համագործակցությունը նոր ձևաչափով շարունակելու վերաբերյալ:
Ապրիլի 27-ին  “ACCOR” ընկերության փոխնախագահ Քրիստիան Կարաոգլանյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ստորագրվել է  մտադրությունների արձանագրություն, որով նախանշվում են  հյուրանոցային կառավարման հայտնի ընկերության` «ACCORե-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության շրջանակները` Երևանում հյուրանոցային տնտեսության ոլորտում ներդրումների բնագավառում:
Այցի ընթացքում տեղի են ունեցել  մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի,  ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն
Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply