Հայաստանում ծնողական իրավունքից հրաժարվում են հիմնականում երեխայի հաշմանդամության պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 29, 2011 11:00
2010 թվականի ընթացքում իրենց երեխաների նկատմամբ ունեցած իրավունքներից հրաժարվելով` ծնողների կողմից մանկատուն են հանձնվել 120 երեխա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչությունից` տարվա ընթացքում, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, հաշվառվել է 232 հոգի:
Որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա եւ նրանց թվին պատկանող անձ` նախարարությունում կենտրոնացված հաշվառման է վերցված 1750 երեխա: Վարչությունից տեղեկացրին նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում ծնողները կամ միակ ծնողը երեխայի նկատմամբ իր իրավունքներից հրաժարվում է հիմնականում երեխայի հաշմանդամության (բնածին կամ ձեռքբերովի մտավոր եւ ֆիզիկական արատներ) պատճառով, երբեմն նաեւ երեխայի ծննդի գաղտնիությունը պահպանելու նպատակով:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները տեղավորվում են մանկատներում: Երեխայի նկատմամբ իր իրավունքներից հրաժարված ծնողները կորցնում են երեխայի նկատմամբ ունեցած իրավունքները, եւ երեխայի հետագա ճակատագրի մասին որոշումը կայացվում է` առանց նրանց մասնակցության: ՀՀ օրենսդրությունը երեխայի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու դեպքում տուգանք չի նախատեսում:






Facebook
Tweet This
Email This Post
