Կատարյալ տապալում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 29, 2011 1:44

ՀԱԿ այսօր հրավիրած և ընդամենը մեկ ժամ տևած հանրահավաքը կարելի է բնորոշել որպես կատարյալ տապալում: Հանրահավաքի մասնակիցների թիվն ակնհայտորեն քիչ էր նախորդ հանրահավաքների մասնակիցների թվից, և եթե նախորդ հանրահավաքների ժամանակ ՀԱԿ առաջնորդը հրապարակում էր իր հաշվարկները հանրահավաքի մասնակիցների թվի մասին, ապա այսօր ձեռնպահ մնաց թիվ հրապարակելուց, քանի որ անձամբ պետք է փաստեր մասնակիցների թվի ակնհայտ նվազումը: Սա նշանակում է, որ հասարակության նույնիսկ այն հատվածը, որը վստահում էր Տեր-Պետրոսյանին, հավանություն չի տալիս նրա կողմից իրականացվող քաղաքականությանը:

Բայց խնդիրը միայն հանրահավաքի մասնակիցների թվի նվազումը չէ. պարզ երևում է, որ հանրահավաքի մասնակիցներն այլևս չեն հավատում, որ հնարավոր է հասնել այն խնդիրների (և առաջին հերթին՝ իշխանափոխության) լուծմանը, որոնք իր առջև դրել է ՀԱԿ-ը: Սա հասկանում են նաև հանրահավաքի կազմակերպիչները և այդ պատճառով անընդհատ կրկնում էին, որ անընդհատ հնարավոր չէ երկարացնել իշխանափոխության ժամկետները՝ դրանով իսկ մատնելով իրենց տապալումը:

ՀԱԿ կողմնակիցների մեծամասնությունը ձգտում է արագ և արմատական փոփոխությունների, ձգտում է փոխել գործող իշխանությունը և ձևավորել նորը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը և նրա թիմն առաջարկում է հարցը լուծել իշխանության հետ երկխոսության ճանապարհով, որը կարելի է համարել էվոլյուցիոն, ի տարբերություն հեղափոխական ճանապարհի, որին ձգտում է հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում արձանագրեց այդ իրողությունը՝ ասելով, որ թավշյա հեղափոխությունը սկսված է: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով հեղափոխական տրամադրություններին, բառացիորեն ասաց հետևյալը. «քաղաքական մարգինալների և արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետև նախ՝ դրանք ամենևին տիրապետող չեն, և երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն և, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով»։

Պարզ ասած՝ Տեր-Պետրոսյանը հեղափոխական տրամադրություն կրողներին համարում է մարգինալ և ծայրահեղական, որոնք վճռականություն չունեն իրագործելու իրենց նպատակները և դրա մասին խոսում են միայն խոսելու համար: Մինչդեռ ինքը պատրաստվում է հարցերը լուծել երկխոսության ճանապարհով: Սա, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունն է, բայց չտեսնել, որ նրա տրամադրությունները չի կիսում այն հրապարակը, որին ինքն առաջնորդում է, նույնպես չի կարելի: Օրինակ, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ իշխանությանն առաջադրված երեք պահանջներից երկուսը կատարվել են, իսկ երրորդի կատարման համար տրվել են երաշխիքներ, և հարցրեց, թե այս պայմաններում որն է ավելի ճիշտ՝ սկսել երկխոսություն, թե համարել իշխանության և հասարակության ջրբաժանի օր, բոլորը միահամուռ սկսեցին գոռալ ջրբաժանի մասին, մինչդեռ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պետք է շարունակել երկխոսությունը: Դրանից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին ցրվել, չնայած հանրահավաքից հետո երթ էր նշանակված, որին մասնակցեց հանրահավաքի մասնակիցների կեսից էլ պակասը:

Տեր-Պետրոսյանը հաջորդ հանրահավաքի օրը նշանակեց մայիսի 31-ին: Մինչ այդ, ըստ նրա, ազատ արձակված կլինեն մարտի 1-ի գործով դատապարտված բոլոր կալանավորները: Իհարկե, կալանավորների ազատ արձակումը ոգևորություն կառաջացնի ՀԱԿ համակիրների շարքերում, և հնարավոր է, որ նրանք որոշակի հեղափոխական թարմություն մտցնեն շարժման մեջ, բայց այն, որ Տեր-Պետրոսյանի նկատմամբ վստահությունը սասանվել է անգամ նրա մոլի նվիրյալների շրջանում, միանշանակ է:

Տեր-Պետրոսյանը և նրա գլխավորած ՀԱԿ-ը դեռևս 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո էին մտել փակուղի, քանի որ այն նպատակը, որ հռչակել էր ՀԱԿ-ը՝ իշխանափոխությու,ն հնարավոր չէր իրականացնել: Իշխանությունը ՀԱԿ-ին այդ փակուղուց դուրս գալու հնարավորություն տվեց՝ կատարելով որոշակի զիջումներ, սակայն պարզ է, որ դուրս գալով մի փակուղուց՝ ՀԱԿ-ը մյուս փակուղին է մտնում: Բայց սա ավելի կարճ կտևի, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններն են: Մայիսի 31-ի հանրահավաքի հաջորդ օրն ամառ է, ոչ հանրահավաքային շրջան, իսկ սեպտեմբերից ամբողջ թափով կսկսվեն նախընտրական պատրաստությունները:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

“Ազգային գաղափար’

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply