Աղոթք ամփոփող ծաղիկների կյանքը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2011 23:52

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի երկայնքով սպիտակ, երկար սավաններ են փռված: Իսկ  սավաններին` երփներանգ ու բուրումնավետ հազարավոր ծաղիկների թերթեր: 300 կամավորներ հավաքում են Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիր բերված միլիոնավոր ծաղիկները Անմար կրակի մոտից և  առանձնացնում են ցողունը թերթիկներից:

«Արևորդի» էկո-ակումբի սաները չորացած ծաղկաթերթիկներից  թուղթ  կվերամշակեն,իսկ  թղթի  մի մասը կհանձնեն Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին`թուղթը հուշագրեր, շնորհակալագրեր, պատվոգրեր գրելիս օգտագործելու համար:

«Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար»,- բացատրում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի աշխատակից Հրիփսիմե Խաչատրյանը,- «Մինչեւ 2010 թ.-ը Ապրիլ 24-յան միլիոնավոր ծաղիկներն ամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի մեր հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված ծաղիկների հավաքման և հետագա կիրառման այլընտրանքային,  ավելի  օգտակար, հետաքրքիր ու բնապահպանական տարբերակ: Այս տարի ևս այստեղ ենք և  սա շարունակական է լինելու»: Գնահատելով անցած տարվա խորհրդանշական աշխատանքը, այս տարվա  միջոցառմանը շատ կամավորներ, կազմակերպություններ են միացել:

Ակցիայի պաշտոնական բացումը իրականացրեցին Հիմնադրամի Արևորդի էկո-ակումբի և «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» կազմակերպության սաները`  «ՓոքրՄհեր» կրթահամալիրի հայկազունիների հետ համատեղ: Նրանք մոտեցան Անմար կրակին, խոնարհվեցին և ւմ Հայր մերն ասելուց հետո սկսեցին  հավաքել ծաղիկները:

15-ամյա Տիգրան Սիմոնյանը Արևորդի էկո-ակումբի սան է, նա առանձնացնում է ծաղկի թերթերը ցողունից, ցողունը գցում հատուկ տարայի մեջ, իսկ թերթիկները թափում սպիտակ սավանի վրա: -«Պարտքի զգացում կա էս ծաղիկների առաջ, չէ որ հազարավոր մարդիկ երկար քայլելով էս ծաղիկները բերել, հասցրել են Անմար կրակի մոտ, մտքերում հաստատ աղոթք են ասել ու էդ աղոթքը փոխանցվել է ծաղիկներին…չպիտի չէ թողնենք, որ ծաղիկները աղբ դառնան: Ինձ թվում է սա ամենասիրուն, ամենաշնորհակալ գործն է, որ այսօր անում ենք այստեղ բոլորս», -ասում է նա:

Ակցիային միացել էին նաեւ «Հայ կամավորներ» կազմակերպության երիտասարդները: Նրանց մեջ էր 22-ամյա Թալին Աղանյանը` Մեծ Բրիտանիայից: Շրթունքին, քթին օղեր ունեցող Թալինը արդեն 7 ամիս է Հայաստանում է:Նա  ասում է,- «Եկել եմ լեզուն սովորելու, ծնողքս Պարսկաստան ծնած են, ես Անգլիա կբնակեմ: Տեսնում էի, որ տարբեր եմ իմ շրջապատից, ընկերներից, ուզեցի գալ իմանալու համար ով եմ ես: Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում ու այս լավ գործը անում»:

Թալինին այնքան է դուր գալիս այս ամենը, որ նա մտածում է մի օր Հայաստան տեղափոխվելու մասին: Իսկ ի?նչ կլիներ, եթե նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտնվեր երեք տարի առաջ, նույն օրը:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանիը  պատմում է, թե ինչպես է ծնվել ծաղկահավաքի գաղափարը,- «Մի քանի տարի առաջ Ապրիլի 24-ից մի քանի օր հետո հյուրեր ունեի արտերկրից և նրանց հետ եկել էինք Ծիծեռնակաբերդ: Անմար կրակի մոտ ծաղիկները հավաքում էին եղաններով, շատ տգեղ պատկեր  էր: Մեզ հետ լուսանկարիչ կար և նա լուսանկարեց այդ տեսարանը, որը  հետագայում հրապարակեց: Ես սկսեցի ավելի գեղեցիկ, առավել բնապահպանական ու խորհրդանշական տարբերակ փնտրել»: Խաչատրյանը Հայոց ցեղասպանությունը անվանում է «չավարտված ողբերգություն» և գտնում, որ Ծիծեռնակաբերդի ծաղկաթերթերով վերամշակված թղթերը  յուրօրինակ  փոքրիկ «message»-ներ, որ սփռվում են աշխարհով մեկ:

Դիտվել է 1782 անգամ:
Print Friendly

Leave a Reply