Կոտրված տաշտակի առջև

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 2, 2011 15:36

Եթե ծանրամարտի Հայաստանի հավաքականը, Եվրոպայի առաջնությանը երկրորդ կազմով մասնակցելով, շուրջ մեկուկես տասնյակ մեդալի է տիրացել, և անգամ այդ պարագայում  կասկած է առաջացել, որ արդյունքը կարող է գոհացնել, ապա մարտական կազմով նույն Հին աշխարհամասի առաջնությանը մասնակցած Հայաստանի ձյուդոյիստների ընտրանիի ձեռնունայն մնալը պարզապես  որևէ քննադատության չի դիմանում: Ընդ որում, առաջին անգամ մեր երկրի ընտրանին պաշտոնական լուրջ փորձությունում տատամի էր դուրս բերել հավաքականի ռումինացի գլխավոր մարզիչ Ադրիան Կրիոտուրուն: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները նույնպես վստահվել է օտարերկրացու, ռումինացի մեկ այլ մասնագետի` Կոստանտին Բոգդանին:

Նման բան, որ ազգային հավաքականի մարզիչը և ֆեդերացիայի նախագահը օտարերկրացի լինեն, երկուսն էլ նույն երկրից, մեկ այլ պետությունում չես հանդիպի:

Դժվար է ասել, թե որն է այդ օտարամոլության պատճառը: Իսկ նախապատմությունն այն է, որ հայկական ձյուդոյում որոշվել էր հեղափոխություն անել, վերացնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի պաշտոնավարությունը:  Նա չէր ցանկանում թողնել զբաղեցրած դիրքը: Եվ երբ նրա իրավունքները պաշտպանելու համար 2010-ին Երևան ժամանեց Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը, Ավետիսյանին վստահեցրել էին, որ ամեն  ինչ լավ կինի, եթե ինքնակամ վայր դնի իր լիազորությունները,  չխանգարի ուսումնասիրություններին: Նպատակ կար պարզել, թե ինչքանով են հիմնավոր Ալեքսանյանի հասցեին հնչող մեղադրանքները: Ի դեպ, բողոքողները  նրա ամենամտերիմ անձինք էին:

Հայաստանի ազգային օլիմիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն  էլ Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցի դահլիճում` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ Ավետիսյանին կվստահվի ՀԱՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը: Կարճ ասած, եթե Ավետիսյանը մեղավոր էր, պետք է  պատժվեր, մինչդեռ, նրան ավելի բարձր պաշտոն էր սպասում: Բայց հետո հայտնեցին, թե դա չի լինի, իսկ թե ինչու, պետք է  միայն ենթադրություններ անել:

Իսկ աշխատանքները շարունակվեցին: Իրականում դրանք կատարում են ռումինացի մասնագետների կողքին կանգնած այն մարզիչները, որոնց համար Ավետիսյանի ներկայությունը ֆեդերացիայում անսպասելիորեն դարձել էր անցանկալի: Փաստորեն, նրանք են դրության իրական տերը: Եթե այս փոփոխություններից հետո արդյունք լիներ, ապա  որևէ կասկած չէր կարող առաջանալ: Բայց այժմ հայկական ձյուդոն հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Այդ մասին է ահազանգում նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտված այդ մարզաձևի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանից 5 ձյուդոյիստ և 1 ձյուդոյիստուհի մասնակցեցին: Նրանց թվում էին Եվրպայի, աշխարհի առաջնություններում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկներ: Եվ այդ արդյունքները գրանցել էին ֆեդերացիայի նախկին նախագահի օրոք: Իսկ այս անգամ մեր երկրի ներկայացուցիչներից լավագույնները նրանք էին, ովքեր մեկական հաղթանակ տարան, իսկ մյուսները, տանուլ տալով առաջին իսկ գոտեմարտերը, հանդիսական դարձան:

Մինչդեռ Եվրոպայի առաջնությունը 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր: Այսինքն` մեր մարզիկներին օդի պես անհրաժեշտ էր միավորներ վաստակել, որպեսզի իրենց քաշային կարգերում 22 լավագույնների շարքում տեղ զբաղեցնեին և ուղեգրեր ստանային: Վերջնական արդյունքները ամփոփվելու են վարկանիշային բոլոր միջազգային մրցաշարերի ավարտից` 2012-ի մայիսից հետո: Այնպես որ քայլեր ձեռնարկելու դեպքում կարելի է շտկել դրությունը: Իսկ Եվրոպայի այս առաջնության արդյունքը, երբ մեր բոլոր ձյուդոյիստներն էլ նախնական փուլում են անհաջողության մատնվում, որևէ մեկնաբանություն չի էլ պահանջում: Ահա թե ովքեր էին այն մարզիկները, ովքեր բոլոր հնարավորություններն ունեցել են լավ նախապատրաստվելու համար. ուսումնամարզական հավաքներ են անցկացրել, իրենց կարողությունները միջազգային մրցաշարերում փորձել, սակայն հիասթափեցրել են Հովհաննես Դավթյանը (60 կգ , Գյումրի), Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան), Համբարձում Տոնոյանը (66 կգ, Գյումրի), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ, Գյումրի), Հակոբ Առաքելյանը (100 կգ, Երևան), Գայանե Հարությունյանը (48 կգ, Երևան):

Ի դեպ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան կարիքները հոգալու համար պետությունից աջակցության կարգով տարեկան մեծ գումար` 71 մլն դրամ է ստանում: Հայաստանի չափանիշներով պատկառելի վարձատրություն են ստանում նաև ձյուդոյի Հայաստանի հավաքականի օտարերկրացի գլխավար մարզիչը և  ֆեդերացիայի նախագահը: Բայց երբ արդյունքը զրոյական է, կարելի է ասել, որ այդ փողերը նպատակին չեն ծառայում:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply