Թուրքերը ներողություն են խնդրել

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 29, 2011 6:32

Օրերս Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 31 պետությունների պայքարում տիրացել են 13 մեդալի` 1 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե: Այդուհանդերձ, գնահատականները միանշանակ չեն:

Ոմանք կատարվածն օրինաչափ են համարում, մյուսները կարծում են, որ այդ ավարը պետք է ավելի մեծ լիներ և այլն: Ընդ որում, առաջնության ընթացքում մի վիճահարույց միջադեպ է եղել, որի մասին շարունակ խոսվում է: Փաստորեն, այնպես է ստացվել, որ մրցավարների մեղքով երկամարտում չեմպիոն դառնալուց զրկվել է Հայաստանի հավաքականի ծանրորդը: Մեր երկրի պատվիրակության վերադարձից հետո ահա թե ինչ ասաց «Անկախին» Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը.

– Հայաստանի հավաքականը մրցավայր էր ներկայացել երկրորդ կազմով: Բանն այն է, որ մեր անվանի մարզիկների մի մասը 2012-ի օլիմպիական խաղերից հետո, տարիքն առնելու պատճառով,  տեղը մրցահարթակում զիջելու է ներկայիս երիտասարդներին: Եվ վերջիններիս չի կարելի անտեսել, թույլ չտալ, որ կարողությունները փորձեն խոշորամասշտաբ ստուգատեսներում: Եվ նույնիսկ այդ պարագայում Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների մրցելույթը կարելի է բավարար գնահատել: Իսկ որպես թիմ` մեր երկրի տղամարդկանց հավաքականը գերազանց հանդես եկավ և այդ կազմով գրավեց 4-րդ տեղը` արժանանալով հատուկ գավաթի:

Կարելի՞ է ասել, որ սա տակտիկական քայլ էր:

– Այո: Տանն  էինք  թողել աշխարհի երկու չեմպիոնի, Եվրոպայի  մի շարք չեմպիոնների և մրցանակակիրների:  Մեր հավաքականի հիմնական կազմից Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանը, Նազիկ Ավդալյանը, Մելինե Դալուզյանը ազատ էին: Նրանց պահել ենք, որպեսզի մասնակցեն նոյեմբերին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2012-ի օլիմպիական խաղերի համար: Իսկ որ մեդալների ավելի վառ հրավառություն կարող էր լինել, եթե այս մարզիկները մասնակցեին Եվրոպայի առաջնությանը, կարելի  է չկասկածել: Միայն մեկ օրինակ բերեմ: Երբ հայտնի դարձավ,  թե ինչ արդյունքով է Եվրոպայի չեմպիոն դարձել գերծանրքաշային ռուսաստանցի ծանրորդը, անմիջապես զանգահարեցի Ռուբեն Ալեքսանյանի մարզիչ Գառնիկ Ալեքսանյանին և խնդրեցի, որ նրա սանը մրցափորձ կատարի և արդյունքի մասին անմիջապես հայտնեն: Եվ Ռուբենը պոկում, հրում վարժություններում գլխավերևում է պահել 190 և 240 կգ-ոց ծանրաձողը, այսինքն` Եվրոպայի չեմպիոն Լապիկովից 11 կգ-ով ավելի: Վերջինս բարձրացրել է` 419 (192+227) կգ:

Ո՞ր մարզուհիների և մարզիկների մրցելույթից եք գոհ, և ովքեր չարդարացրին սպասելիքները:

– Եռակի արծաթե մեդալակիր Էլեն Գրիգորյանը (53 կգ) փայլուն հանդես եկավ: Բանն այն է, որ նախկինում պոկում վարժության նրա ամենաբարձր արդյունքը 80 կգ է եղել, իսկ այս անգամ 23-ամյա մարզուհուն ենթարկվեց 85 կգ-ոց ծանրաձողը: Նա հրում վարժության իր ցուցանշը նույնպես բարելավեց 5 կգ-ով` 110 կգ: Հռիփսիմե Խուրշուդյանի ձախ ոտքի ճկույթը կոտրված էր: Նա այդ վիճակում արծաթե մեդալակիր դարձավ` 255 (114+141) կգ: Ընդ որում, նա  մինչև մեկնարկը պոկում վարժություն չէր կատարում: Երբ նա մրցելույթից հետո պետք է դոփինգի ստուգման եթարկվեր, դժվարությամբ հանեց մարզակոշիկը, քանի որ ոտքն այտուցված էր:

Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանից ավելին էինք սպասում: Բայց նա 18 տարեկան է և դեռ կասի իր խոսքը, սակայն անպայման պետք է փոխի իր քաշային կարգը,  մասնակցի 62 կգ  քաշային ծանրորդների պայքարին: Փորձը ցույց է տալիս, որ Սմբատը չի կարողանում քաշ գցել: 69 կգ քաշայիններ Սամվել  Գրիգորյանը և Վանիկ Ավետիսյանը, թեև մրցանակակիրներ չդարձան, զբաղեցրին 5-րդ և 6-րդ տեղերը, սակայն Սամվելն առաջին անգամ էր հանդես գալիս մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, իսկ Վանիկը բարելավեց իր ցուցանիշը, որը 2010-ին ցույց էր տվել  Լիմասոլում կայացած Եվրոպայի երիտասարդական (մինչև 23 տարեկաններ) առաջնությունում: Այդ ստուգատեսի իր ցուցանիշը բարելավեց նաև 77 կգ քաշային Արայիկ Միրզոյանը, որ երկամարտում արժանացավ արծաթե մեդալի` 347 կգ: Վատ մասնակցեց նույն քաշային կարգում հայտավորված Աղասի Աղասյանը: Անսպասելի էր, որ այս տիտղոսակիր մարզիկը կարող է տապալել հրում վարժության երեք մրցափորձը: Փաստորեն, նա չբարձրացրեց իր իսկ պատվիրած 190 կգ-ը: Եթե Աղասյանը «սանձեր» ծանրաձողը, ապա Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընդհանուր հաշվարկով կզբաղեցներ երկրորդ տեղը:

Թեև 85 կգ քաշային Էդգար Գևորգյանը երկամարտում 5-րդ տեղը զբաղեցրեց (350 կգ), նրա համար հավաքականի դռները փակված կարելի է համարել: Գևորգյանը 29 տարեկան է, վերջին անգամ էր իրեն դրսևորելու հնարավորություն ստացել: Փաստորեն,  էդգարը պոկում և հրում վարժություններում պարտավորվել էր բարձրացնել 175 և 200 կգ, բայց նա ցույց տվեց, համապատասխանաբար, 165 և 185 կգ: 94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանն  էլ 2010-ին Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում ցույց էր տվել 385 (170+210) կգ, այս անգամ նա  389 (173+216) կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը և թեպետ 9 կգ-ով բարելավեց իր ցուցանիշը, նրա աշխատանքից դժգոհ եմ: Պողոսյանն ի վիճակի էր  բաձրացնել 178 և 220 կգ: Բայց քանի որ այս կարճ ժամանակահատվածում ծանրորդն  ակնհայտորեն առաջադիմել է, նրա հասցեին քննադատական որևէ խոսք ասել չի կարելի: 105 կգ քաշային Արթուր Բաբայան էլ այլևս չի կարող Հայաստանի հավաքականի համար օգտակար լինել: Ծանրորդը 28 տարեկան է և չկարողացավ կատարել այն պարտականությունը, որը դրվել էր նրա վրա:

Այդուհանդերձ, Հայաստանում մեր ծանրորդներից միշտ սպասելիքները շատ մեծ են: Կա՞ր իրավունք բավարարվելու այդքանով:

– Եթե Արայիկ Միրզոյանը  չեմպիոն դառնար, ուղղակի ամեն բան հիանալի կլիներ, սակայն նրանից ոսկե մեդալը խլեցին: Մեր մարզիկի մրցակիցը` թուրք  Սեմիհ Յագչին, պոկում վարժությունը կատարելիս երերաց, փաստորեն, նա  չբարձրացրեց հաղթական 192 կգ-ոց ծանրաձողը: Այդ պատկերը կա ինտերնետում: Բայց մրցավարները արձանագրեցին, որ նա հաղթահարել է ծանրությունը: Եվ այդ կողմնակալ վերաբերմունքից մեր մարզիկը տուժեց: Ինքս անմիջապես մոտեցա մրցավարական հանձնաժողովի անդամներին և հայտնեցի մեր դժգոհությունը: Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլիտաևը համաձայնեց, որ իրավացի ենք, սակայն ծանրամարտում այդպիսի կարգ չկա, որ տեսագրության օգնությանը դիմեն և վերանայեն արդյունքը: Այդուհանդերձ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային:

Իսկ բողոքարկումն ի՞նչ արդյունք կարող է տալ:

– Կազանում արդեն հարցը քննարկվել է, և երկու մրցավար հանվել է առաջնությունից: Նրանք երկու տարով որակազրկվել են: Իսկ մրցավարական հանձնաժողովի երկու անդամի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան զգուշացում է հայտարարել: Ցավոք,  ոսկե մեդալը հայ մարզիկին չհանձնվեց: Կանոնադրությամբ այդպիսի բան հնարավոր չէ անել, սակայն առաջիկայում այդ կարգը կվերանայվի: Ի դեպ,  անգամ մրցակիցներն են խոստովանում, որ մեր մարզիկը հաղթել է: Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հասան Ակուշը մոտեցավ և ողջագուրվելով հայտնեց, որ իրենք մեղք չունեն: Ընդ որում, չեմպիոնը նույնպես,  ներողություն խնդրելով, ասաց, որ մրցավարները պետք է իր արդյունքը չհաշվեին:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply