Մարիա Պապյան. «…Մի կին կար, օրինակ, որ մի օր ինձ սիրում էր, մի օր չէր սիրում»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 5, 2011 7:00

Ինչո՞ւ է «Ռադիոլուր» լրատվական ծառայության մեկնաբանխմբագիր Մարիա Պապյանն այդքան աշխույժԳաղտնիքն իմացանք վերջերս, երբ հերթական ուղիղ եթերից հետո հանդիպեցինք նրան: Պարզվեց, որ Մարիան ծնվել է փետրվարի 18-ին` Փետրվարյան հեղափոխության օրը

Մարիան երկար տարիներ է, ինչ աշխատում է հեռուստատեսությունում, ռադիոյում, նաև տպագիր մամուլում: Խոստովանում է. «Ռադիոն իմ կյանքն է»:

Մինչ ռադիոն, որտեղի՞ց էր հայտնի Մարիա Պապյանը:

– Երբ 18 տարեկան էի, արդեն աշխատում էի հեռուստատեսությունում: Հայաստանի անկախացումից հետո մի քանի մասնավոր հեռուստաընկերություններ կային, դրանցից մեկն էլ «Մայր հայրենիքն» էր, որը երևի հիմա քչերը կհիշեն: Հեռուստատեսությունում երկար ժամանակ աշխատում էի որպես լրագրող, հետո լրատվական խմբագրությունում դարձա պատասխանատու խմբագիր, բայց այդ ամողջ ընթացքում միշտ էլ համագործակցել եմ Հանրային հեռուստառադիոընկերության հետ:

Հանրային ռադիոյի դռները երբվանի՞ց բացվեցին ձեզ համար:

-Ես 19 թե 20 տարեկան էի, երբ ռադիոյով լսեցի, որ ընդունում են երիտասարդ լրագրող-հաղորդավարների: Մրցույթն անցկացնում էր «Ստերեո-Ստուդիա» ռադիոկայանը. պատասխանատուները լսեցին ձայնս, փորձնական հաղորդումներ էլ ձայնագրեցինք, բայց որևէ բանի ընթացք չտրվեց:

Իսկ Հանրային ռադիոյին թղթակցում էի դեռ ուսանող տարիներից. իմ ֆակուլտետի դեկանը Սարգիս Նաջարյանն էր, որ և՛ անգլերեն, և՛ լրագրություն էր դասախոսում: Նա երբեմն-երբեմն մեզ ընդգրկում էր իր հաղորդումներում: Հետո «ԱՅԳ» հեռուստաընկերության կազմավորման օրվանից առիթ ունեցա ծանոթանալու «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ, հեռուստալրագրող Սերգո Երիցյանի հետ։ Մի կարճ ժամանակ համագործակցեցի նաև  նրա հետ:

Իսկ 2003-ի օգոստոսից, երբ կազմավորվում էր «Ռադիոլուրը», ընկերներիս շնորհիվ ընդգրկվեցի թիմում… ու մինչև հիմա լուրերի խմբագրությունում եմ:

Օրվա լուրը ներկայացնել ամեն ժամի ձանձրալի չէ՞:

– Չէի ասի` ձանձրալի է, բայց  կաղապարվում ես, հետո էլ բառապաշարդ է հետզհետե քչանում: Հիմա մենք խիստ սահմանափակ բառեր ենք օգտագործում, օրինակ` «երկկողմ հարաբերություններ», «աշխարհաքաղաքական դիրք», «արտաքին ու ներքին մարտահրավերներ», «տարածաշրջանային հակամարտություն» և այլն…

Բայց պետք է նկատի ունենալ, որ աշխատում ենք ուղիղ եթերում և լուրերը, որոնք հաղորդվում են ժամը մեկ` մեկը մյուսից տարբերվում են:

Բոլոր մեկնաբաններն էլ առանձահատուկ վերաբերմունքով են պատասխանում այս հարցին: Ի՞նչ է ձեզ համար ուղիղ եթերը:

– Ուղիղ եթերը… Ես գեներով ուշացող մարդ եմ (մայրիկս հայտնի ուշացողներից էր), գիտակցում եմ, վատ բան է, բայց չեմ կարողանում շտկել: Իմ ընկերները գիտեն, որ եթե ինձ հավաքույթի են կանչում, ասում են 2 ժամ շուտ, բայց էլի ուշանում եմ… Տարօրինակ է, որ մինչև հիմա երբեք չի եղել, որ ուղիղ եթերից ուշանամ, քանի որ այն մի ամբողջ կյանք է ինձ համար:

Տեսել եմ, որ խոսափողի մոտ եք հայտնվում այն ժամանակ, երբ արդեն եթերում լուրերի գլխագիրն է

– Այո, իրոք, այդպես է: Ես մաքսիմալիստ եմ: Եթե իմ գործընկերներից որևէ մեկը տեքստը ավարտել է եթերից 1-2 րոպե առաջ, ես անպայման պետք է կարդամ այն: Ահա, թե ինչն է պատճառը, որ խոսափողի մոտ հայտնվում եմ եթերային գլխագրի ընթացքում, երբեմն մի քիչ էլ ուշանում եմ:

Ձեր ավագ գործընկերները երբեմն կատակով ասում են, որ եթե լինի արագախոսների մրցույթ, դուք կլինեք հաղթողը

– Էքստրեմալ վիճակներ են. պատահում է: Ժամանակին, իհարկե, խոստովանում եմ` շատ արագ էի կարդում: Իսկ հիմա սկսել եմ ավելի դանդաղ կարդալ. հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ մեր ունկնդիրը ավագ սերնդից է:

Ես լավ գիտեմ ռադիոլսողներին, այն էլ` հանրայինի ռադիոունկնդիրներին` տատիկներին, պապիկներին, ովքեր բավական ակտիվ զանգահարում են, կարծիքներ հայտնում

– Հաճախ եթերից հետո մի 10 րոպե ստիպված եմ պատասխանել ռադիոլսողների զանգերին: Ինձ հավատարիմ ռադիոլսողների շարքում է նաև Էդուարդը. նա ինձ երբեք չի մոռանում, նույնիսկ տեղյակ եմ իմ շատ սիրելի ռադիոլսողի ընտանիքում կատարվող իրադարձություններին, երբեմն էլ նվերներ է մատուցում: Իսկ երբ հանկարծ տրամադրություն չեմ ունենում, իմ ռադիոլսողները դա զգում են, զանգահարում են, հարցուփորձ անում…

Քննադատություն էլ եք, հավանաբար, լսում, չէ՞

– Իհարկե: Այնքան մարդ կա, որ Մարիա Պապյանին չի սիրում, բայց դա ինձ չի նեղացնում: Չկան մարդիկ, որոնց բոլորը սիրեն: Մի կին կար, օրինակ, որ մի օր ինձ սիրում էր, մի օր չէր սիրում: Բայց պարտադիր ամեն օր զանգում էր: Մի անգամ շատ վրդովված զանգահարեց ու ասաց, որ շատ դժգոհ է ինձնից, պատասխանեցի, թե Մարիան ես եմ, ասաց. «Վա~յ, որ դու չլինես, ռադիո չեմ լսի»…

Պատահե՞լ է, որ մի օր ասեք. «Վերջ, ես գնում եմ լուրերից, գնում եմ, քանի որ ցանկանում եմ նոր հաղորդում պատրաստել, որը շատ հեռու է լուրերից»

-Բացի լուրերից, եղել են հաղորդումներ, որ պատրաստել եմ: Մի ժամանակ Սերգո Երիցյանի հետ «Հեռուստասրճարան» հաղորդումն էի վարում… Ուսանող տարիներին էլ հաղորդումներ կային, որոնց սիրով մասնակցում էի. դրանք հիմնականում թեթև ֆորմատով հաղորդումներ էին:

Իսկ ինչպիսի՞ն է Մարիան տանը և աշխատավայրում:

-Տանը ես շատ ջղային եմ: Աշխատավայրում ավելի համբերատար եմ. կարողանում եմ մի լավ հանգստանալ: Ես սիրում եմ աշխատանքս, ավելի պատկերավոր ասեմ՝ դա ես եմ: Թե՛ ռադիոն, թե՛ հեռուստատեսությունը խիստ տարբեր բաներ են, բայց երկուսին համակցող մի բան կա. ձայնն է:

Զրուցեց Միքայել Ահարոնյանը

Դիտվել է 2044 անգամ:
Print Friendly

Leave a Reply