Կոստան Զարյան. Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 4, 2011 15:21

Պատմության խնայած փաստերը ուսումնասիրողներին դրդել են իրար կողքի դնելու այս անունները: Եղել են վստահ հավաստիացումներ, եղել են ոչ պակաս համառ առարկություններ: Այսպես վեճը եկել, հասել է մեր օրերը: Գրող Կոստան Զարյանի նոթերը մի փորձ են հիմնավոր քննության առնելու հարցը: Այս առիթով է ահա, որ մենք կրկին իրար կողքի ենք դնում` Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը:

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են արվեստով, ճանաչում են Լեոնարդո դա Վինչիին, որի  հանճարը ոչ միայն տիրապետում էր XV դարու իտալական վերածննդյան շրջանը, այլ նաև արվեստի և գիտության բոլոր շրջանները:

Նա նման էր հստակ ու զգայուն մի հայելիի, որի մեջ արտացոլվում էին կյանքի ամենաբարդ երևույթները: Նրա սուր միտքը` խոր, տրամաբանական, հանդուգն, խուզարկում էր մարդկային մարմնի և հոգու գաղտնիքները: Նա մշտապես լարված հետաքրքրություն էր, բարդ զգայնություն, որ թրթռում էր բոլոր այն ապրումների հետ, որոնք շարժում են մարդկային սիրտը:

Լեոնարդոն իսկապես հանելուկային մարդ է:

Եվ ահա ծագում է մեզ հետաքրքրող հարցը. եղե՞լ է նա Հայաստանում, ինչպես նա մեզ հավատացնում է:

Նախ քննենք ձեռագրերի վիճակը: Լուրջ և ամենայն հավատքի արժանի վկաներ, ինչպես, օրինակ` Արագոնի կարդինալի քարտուղարն է, վկայում է, որ Լեոնարդոյին Կլոում այցելելու ժամանակ նա տեսավ «մի անվերջանալի հատորների թիվ, ամբողջովին գրված ռամիկ լեզվով»: Ինքը` Լեոնարդոն, խոսում էր 120 գրքերից կազմված ձեռագիրների մասին, որոնցից դժբախտաբար մեզ  հասել է միայն կեսը, դա էլ բոլորովին անկատար վիճակում: Գանք ուղղակի այն էջերին, որոնք գտնվում են Ատլանտյան մատյանի մեջ և պարունակում են հռչակավոր «Հայկական նամակները»:

Իր կյանքի այդ շրջանին նա թափառել է  մի տեղից ուրիշ տեղ` միշտ որոնելով մի վայր, մի երկիր, ուր նրան հնարավորություն տրվեր իրագործելու իր բազմաթիվ ծրագիրները: Նա պիտի նախընտրեր մեկնել հեռավոր մի երկիր:

Եվ երբ որոշեց մեկնել մի հեռավոր երկիր, հարց է ծագում, ինչու նա ընտրեց Հայաստանը, Էրմենիա, ինչպե ինքը գրում է: Չ՞է որ այլևս անկախ չէր և Կիլիկյան մասը անցել էր Եգիպտոսին: Եվ սակայն ամբողջ իր գրվածքի մեջ նա միշտ շեշտում է Էրմենիա անունը և անտեսում Եգիպտոսի անունը:

Հարցն այն է (և որ օտար քննադատներն այդ ամբողոջվին անտեսել են), որ հայերը Ֆլորանսում շատ ավելի մեծ ժողովրդականություն էին վայելում, քան առհասարակ կարծվում է:

Նախ, Ֆլորանսին տիրապետող այն գեղեցիկ բլուրը, որի վրա կանգնած է մի սքանչելի բազիլիկ, և ուր ինքը Լեոնարդոն սիրում էր ժամերով նստել և դիտել բնության երևույթները, կրում էր Սան Մինիատո անունը: Այդ սուրբը հայ էր, որ 250-ին մտցրել էր քրիստոնեությունը Տոսկանիայում մարտիրոսանալով:

Այնտեղ Լեոնարդոն հանդիպում էր եկեղեցու հետևում գտնվող վանքի հայ վարդապետներին, որոնք, ըստ հայր Լուգանոյի, հայեր էին, որոնք պատմում էին ստիպողական կերպով լքած հայրենիքի մասին, նրա դժբախտությունների, բարքերի և գեղեցկությունների մասին և նաև այն պայքարի մասին,որ իրենց ժողովուրդը մղել է հավատքը պաշտպանելու համար: Բացի դրանից, հայերին կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի: Չ՞է որ հայերը Իտալիայում շինել էին մոտ 34 եկեղեցի և վանք և տվել էին այդ երկրին 11 սուրբ: Այո, անկասկած Լեոնարդոն ճանաչում էր հայերին:

Իր ձեռագրում` «Հայկական նամակներ» անվանված հատվածում,  կից լեռնային  տեսարանի գծագրություն է, որ երևի կոչված է լուսաբանելու իր գրվածքը:Էջի աջ կողմում` մի շարք կարճ նախադասություններ «Գրքի բաժանումը» տիտղոսի տակ: Այստեղ հանդիպում ենք նշանակալից մի կետի. Լենարդոն Հայաստանից ստացած  ամբողջ տպավորությունները, ապրումները, չարչարանքները մտադիր է վերածելու մի գրքի, որի  մեջ հայ ժողովրդի տանջանքները  պիտի պաստառ ծառայեին մի հսկայական կրոնափիլիսոփայական, գրեթե բիբլիական աշխարհայացքի: Այստեղ նա պիտի բացատրեր հայ ժողովրդի չարչարանքների պատճառները և նաև մեծ պատկերացումներով նկարագրեր նրա ողբերգությունը:

Առհասարակ, նրա տված տեղեկությունները պարզ են ու անմիջական, և կասկած չկա, որ դրանք անձնական փորձառության արդյունք են: «Իմ նամակներիս միջոցով ես ձեզ ծանոթացրել եմ այստեղի անցուդարձերի մասին և հիմա էլ  զգում եմ, որ չպետք է լռությամբ անցնել այն դեպքերը, որ տեղի են ունեցել այս վերջին օրերին»: Նա նկարագրում է այն անել վիճակի մասին, որի մեջ ընկել է տեղական բնակիչների հետ միասին: Վիճակն այնքան հուսահատեցնող է, որ նրանք «նախանձում էին մեռելներին»: Նա գրում է. «Երբեք այն ժամանակներից ի վեր, որ տարրերը կազմել են աշխարհը, նրանց հզորությունը և կատաղությունը այդպիսի ավերներ չէր ցանել»:«Նախ մենք հարձակման և բռնության ենթարկվեցինք զորավոր և կատաղի քամիների կողմից և կարծես դա չէր բավի, ձյունամրրիկներ լցրին հովիտը, քանդեցին քաղաքի մեծ մասը և դեռ ավելի` ջրհեղեղը ծածկեց քաղաքի վարի մասը:  …Եվ վերջապես դրան հաջորդեց մի հսկայական հրդեհ, ոչ միայն քամիների պատճառով, բայց  և նաև մոտ 30 000 սրիկաների պատճառով, որոնք քարուքանդ արին երկիրը և շարունակում են քանդել: Սակավաթիվ վերապրողներ այնպիսի հուսահատական վիճակում են, այնպիսի սարսափի մեջ, որ ինչպես ապշածներ` հազիվ համարձակվում են մեկի հետ խոսել: Ամեն ինչ թողած,  մեկ մեկի կպած ապաստանել են եկեղեցիների ավերակներում… Եվ եթե չլինեին նրանք, որ առաջ մեր թշնամիներն էին, մենք կմեռնեինք անոթությունից»:

Դա ականատեսի ցնցիչ և հուզիչ, միանգամայն ճշմարիտ նկարագրությունն է հայկական ջարդի: Եթե նա իր սեփական աչքերով տեսած չլիներ այդ սարսափները` իբրև հեռավոր-օտարական, երևակայել իսկ չպիտի կարողանար այդ ողբերգությունը: Պարզ և ճշգրիտ այդ նկարագրության ընկերանում են նույնքան ճշգրիտ և ռեալիստական նկարագրություններ: Ուղտեր, որոնց միջոցով բնակիչները անցնում են գետը և երեք հայերի գլուխներ: Եվ նաև ճարտարապետական գծագրություններ:

Դա Վինչիի Կիլիկյան ճամփորդությունը հաստատող ուրիշ բազմաթիվ փաստեր կան: Երբ, օրինակի համար, նա նկարագրում է հեռվից դիտված Կիպրոսը` «Ոսկե Վեներայի այդ աշխարհը» և խոսում է բազմաթիվ նավաբեկությունների մասին, որ տեղի են ունեցել կղզու վտանգավոր ժայռերի մոտ:

Ուրիշ մի կարևոր պարագա. Լեոնարդոն նկարչական գույների մասին խոսելիս, գործ է ածում տերրա Արմենա գույնը, որ մութ դեղնավուն է կամ բաց շագանակագույնը, որ ուրիշներ երբեք չեն գործածած:

Պետք է  ենթադրել, որ  այդ գույնը հայկական հողի գույնն է. Լեոնարդոն ինքն էր Հայաստանից բերել: Հարց է ծագում. ինչո՞ւ է դա Վինչիի Հայաստան կատարած ուղևորության փաստը հերքվում արևմտյան և հատկապես իտալական պատմաբանների կողմից: Գուցե այն պատճառով, որ հերքելով Լեոնարդոյի ուղևորությունը` նրանք փորձում են հերքել նաև նրա վրա  հայկական ճարտարապետության որոշակի ազդեցությունը:

«Իտալիային վիճակված էր,-ասում է հայտնի ավստրիացի պատմաբան Ստրժիգովսկին իր «Քրիստոնեական եկեղեցու ծագումը» գրքում,- Եվրոպային կրկնակի ծանոթացնել արևելաարիական գմբեթին…Վերածնունդին վիճակված էր ընդունել հայկական պարզ գմբեթի էական առավելությունը և երկար ժամանակով նրան տեղ տալ եվրոպական  ճարտարապետության մեջ»: Գոթական ոճով կառուցված ֆլորենտական մայր տաճարը տասնյակ տարիներ առանց գմբեթի է մնացել, այն կարողացավ ծածկել Բրունելլեսկին` միայն հայկական ոճին ու տեխնիկային դիմելով:«Դիտարկելով այն արևմուտքից ու ներսից,- ասում է պատմաբանը,- մարդը կարող է մտածել, որ այն կառուցել է հայ ճարտարապետը: Երբ ավելի ուշ նույն Բրունելլեսկին կառուցեց Պացիներիի ժամատունը, նա կրկին կիրառեց այն ձևերը, որոնք հանդիսանում են հայ ճարտարապետության առանձնահատկությունը:  Նրա Սանտա Մարիա   եկեղեցու հատակագիծը նույնպես կառուցված է հայկական ոճով:

Ծանոթանալով Լեոնարդոյի` Հայաստանից բերած ուրվանկարներին, համոզվում ես, որ նա առաջինն է ընդունել ու կիրառել գմբեթների  կառուցման այդ ձևը, չնայած նա կիրառել է այն ոչ թե եկեղեցիներում, այլ ուրիշ կառույցներում: Այդ նրա ազդեցությամբ է, որ Բրամանտեն թողել է գոթական ոճն ու ընդունել հայ ճարտարապետության սկզբունքները, որոնք հետագայում նոր ուղղություն տվեցին Սբ Պետրոս տաճարի կառուցման ժամանակ: Բրամանտեի  հանդիպումն ու համագործակցությունը  Լեոնարդոյի հետ, որ եկել էր արևելքից ու բերել հայկական եկեղեցիների գծագրերը, կարծես ճակատագրով կանխորոշված լիներ: Բրամանտեն կիրառեց հայկական ճարտարապետության սկզբունքները: Սան Սատիրո եկեղեցին կարող է դրա վառ վկայությունը լինել:

Լեոնարդոյի «Հայկական նամակներն» ու գծագրերը բերված փաստերի հիման վրա  հնարավորություն են  տալիս եզրակացնելու` այո, Լոենարդո  դա Վինչին եղել է Հայաստանում:

Դիտվել է 5927 անգամ:
Print Friendly

Leave a Reply