«Այսօրվա թերթերում և ամսագրերում լուսանկարչությունն իջել է սիրողական մակարդակի»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 3, 2011 15:09

Բախշի Խաչատրյանը 40 տարուց ավելի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Պիոներ կանչից». «Սկզբում էնտեղ որպես ցրիչ էի աշխատում, բայց տեսնելով իմ շուրջը եղած լուսանկարիչներին՝ մեջս մեծ հետաքրքրություն առաջացավ լուսանկարչության  նկատմամբ, և  որոշեցի խորանալ այդ ոլորտի մեջ»,-պատմում է նա:

Նրա առաջին և միակ ուսուցիչը լուսանկարչության ոլորտում եղել է հայտնի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը, որ այդ ժամանակ աշխատում էր «Կոմսոմոլեց» թերթում: 17-ամյա Բախշին այնքան  է սիրում իր աշխատանքը և այնքան շուտ է հմտանում այդ գործում, որ մասնագիտական բարձր չափանիշներ ընդունող «Պիոներ կանչը» շուտով նրան է վստահում լուսանկարչի կարևոր աշխատանքը:

Բախշի Խաչատրյանը շատ նշանավոր մարդկանց է լուսանկարել՝ Մարտիրոս Սարյան, Մհեր Մկրտչյան, Վախթանգ Կիկաբիձե, Հրանտ Մաթևոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Սոս Սարգսյան և ուրիշներ: Հիշում է, որ Սարյանի հետ հանդիպման ժամանակ ինչքան էր զարմացել այդ տարիքում Սարյանի ունեցած եռանդից ու ակտիվությունից. «Սարյանին լուսանկարեցի և՛ իր տանը, և՛ այգում, բայց նյութի համար ընտրեցինք այն դիմանկարը, որում նա աչքերը փակ և ձեռքը ճակատին դրած՝ մտածում է»,-պատմում է նա:

Մհեր Մկրտչյանին լուսանկարելիս արդեն աշխատում էր նորաբաց «Առավոտ» թերթում: Ասում է, որ իրեն միշտ հետաքրքրել է Ֆրունզիկի ճակատագիրը, և իր լուսանկարում փորձել է ցույց տալ հանճարեղ դերասանի ողբերգական, միաժամանակ կատակերգական կերպարը:

Բացի դիմանկարներից, Բախշի Խաչատրյանը նաև բազմաթիվ լուսանկարչական էտյուդների հեղինակ է, որոնք փաստագրական լուրջ արժեք ունեն: Հայտնի է նրա՝ Շուշիի ազատագրման ժամանակ փափմուշտները բռի մեջ պահած մանկահասակ տղայի լուսանկարը կամ Բաքվից փախած և երկու անչափահաս երեխաների հետ փողոցի անկյունում կուչ եկած երիտասարդ հայ կնոջ լուսանկարը:

Ասում է, որ փախստականների վիճակը նկարագրող լուսանկարներ շատ ունի. օրինակ, թե ինչպես էին հանրապետության հրապարակում անտուն-անտեղ հայ փախստական կանայք պարաններ կապում և լվացք փռում. «Երբ անցյալ տարի տեղի ունեցավ իմ լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը, չցանկացա ներկայացնել այդ թեմայով լուսանկարները, փոխարենն ընտրեցի առավել դրական զգացումներ առաջացնող լուսանկարներ»,-ասում է նա:

Մեր ժամանակներում, երբ ամեն մարդ լուսանկարչական սարք ունի և կարողանում է ազատ լուսանկարել, թվում է, թե պրոֆեսիոնալ լուսանկարիչների և լուսանկարչական ստուդիաների դերը փոխվել է, նվազել: Փորձառու լուսանկարիչը, սակայն, վստահ է, որ սիրողական ֆոտոխցիկների լուսանկարները երկար ծառայել չեն կարող. «Օրինակ` շատ է եղել, երբ նման լուսանկար են բերել, որ մեծացնեմ, դե արի էդ նկարը մեծացրու, ախր դա հանարավոր չէ, որովհետև էդ ապարատը, որով արվել է էդ նկարը, օբյեկտիվ չունի, ֆոկուս չունի, լույսը սխալ է արված և այլն»,-ասում է նա:

Բախշի Խաչատրյանը  կարծում է, որ լուսանկարիչը պետք է միշտ խաղա ժամի, լույսի, արևի հետ. «Առանց լույսի, ստվերի ոչինչ անել չես կարող: Եթե ինձ, օրինակ, ժամը 4-ին ասեին՝ գնա Գրողների միության շենքը նկարի, ես չէի գնա, որովհետև էդ շենքը պիտի նկարես առավոտյան ժամը 7-ին, երբ արևը նոր է դուրս եկել և ընկել  շենքի վրա: Հիմա ո՞վ է նման բաների մասին մտածում…»:

Ըստ նրա` այսօրվա թերթերում և ամսագրերում լուսանկարչությունն իջել է սիրողական մակարդակի. «Մեր ժամանակներում գիշերը չէինք քնում, մտածում էինք՝ թերթի առաջին էջին ինչ լուսանկար պիտի լինի կամ մանրամասն տեղեկանում էինք լրագրողի նյութի մասին և հետո նոր լուսանկարում»,- ասում է նա,- իսկ այսօվա թերթերում երբեմն այնպիսի անորակ լուսանկարներ են տպվում, որ ուղղակի զարմանում ես»:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply