Քաղաքական իրադրությունն Անդրկովկասում, 1918 թ. գարնանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 3, 2011 6:02

1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում նոր իրադրություն հաստատվեց: Ցարական իշխանության տապալումով որոշ ժամանակ քաոսային ու վակուումային իրավիճակ էր ստեղծվել: Լարված էր վիճակը հատկապես Կովկասյան ռազմաճակատում, քանզի հեղաշրջման հետևանքով ռուսական զորքը բարոյալքված էր, ահագնացել էր դասալքությունը: Ռուս զինվորները ստորաբաժանումներով լքում էին ճակատը, վերադառնում Ռուսաստան: Ամենուր անկառավարելի քաոս էր: Անդրկովկասյան ժողովուրդների միջև բազում անհաղթահարելի հակասություններ կային, և կենտրոնական իշխանության բացակայությունն ավելի էր ընդգծում խառնակ և անմխիթար իրավիճակը, որ տիրում էր թուրքական յաթաղանի սպառնալիքի տակ գտնվող հայությանը: Հայ իրականության մեջ տվյալ ժամանակահատվածում միակ իրական կազմակերպված ուժը, որ ի վիճակի էր գոնե մասամբ համախմբելու և առաջնորդելու հայությանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն էր:

Ռազմաճակատում կռվում էին հազարավոր հայ կամավորներ, որոնք, սակայն, ընդհանուր հրամանատարության բացակայության պարագայում անկազմակերպ էին և չէին կարող լուրջ դիմադրություն ցույց տալ առաջացող թուրքական բանակին ու փակել Կովկասյան ռազմաճակատում առաջացած ճեղքերը:

1917 թ. նոյեմբերին կազմվում է Անդրկովկասյան կոմիսարիատը: Կազմավորման օրից անդրկովկասյան ժողովուրդների միջև հակասություններն արտահայտվեցին նաև կոմիսարիատում: Կարծիքները բաժանվում էին հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Ադրբեջանի մուսաֆաթականները և վրաց մենշևիկները կենտրոնախույս հակումներ ունեին և ձգտում էին առանձնանալ Ռուսաստանից: Հայ հեղափոխական դաշնակցությունը, սկզբունքորեն դեմ չլինելով դրան, կարծում էր, որ տվյալ պահին Ռուսաստանից անջատվելը ժամանակավրեպ է, և անդրկովկասյան ժողովուրդներն ի վիճակի չեն սեփական ուժերով դիմակայելու թուրքական վտանգը: Սակայն հետզհետե անջատողական ձգտումները տիրապետող էին դառնում, քանզի մուսաֆաթականները, անմիջականորեն ղեկավարվելով Թուրքիայից, ջանում էին ջլատել Անդրկովկասի առանց այն էլ պառակտված ուժերը: Մուսաֆաթական կուսակցությունը, որ ըստ էության, մինչ հոկտեմբերյան հեղափոխությունը չնչին ու աննշան կուսակցություն էր, Թուրքիայի հովանու ներքո և անմիջական ազդեցությամբ, փաստորեն, դարձել էր Անդրկովկասի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, որին չէր կարողանում հակադրվել անգամ վրաց մենշևիկյան կուսակցությունը:

Եվ ահա մուսաֆաթականները դառնում են Կովկասում պանթուրքիստական գաղափարախոսության դրոշակակիրներն ու նպատակ են դնում Անդրկովկասյան կոմիսարիատի տապալումով քաղաքականապես մեկուսացնել հայությանը:

Եվ իսկապես, ռուսական բանակի կողմից ռազմաճակատի լքումից հետո ողջ ճակատի պաշտպանությունը ընկած էր բացառապես հայության ուսերին,  բացի այդ, Հայաստանը հայտնվել էր լիիրավ քաղաքական մեկուսացման մեջ: Չկար տարածաշրջանում գեթ մեկ ուժ, որի վրա կարող էր հույս դնել հայությունը: Իսկ այդ դժվարին, խառնակ ժամանակամիջոցում, այն էլ ցեղասպանությունից հետո, քաղաքականապես ինքնակազմակերպումը գրեթե անհնարին էր:

1917 թ. դեկտեմբերի 5-18-ը Երզնկայում կոմիսարիատի և Թուրքիայի միջև բանակցություններ ընթացան: Արդյունքում Կովկասյան ճակատում կնքվեց զինադադար: Պետք է նշել, որ զինադադարն անհրաժեշտ էր երկու կողմերին էլ: Եթե անդրկովկասյան (տվյալ դեպքում` հայկական) կողմին այն անհրաժեշտ էր ուժերը համախմբելու և ճակատի պաշտպանությունն ամրապնդելու  նպատակով, թուրքերին այն պետք էր անգլիական զորքերի դեմ ճակատն ամրացնելու համար: Թուրքերը զորամիավորումներ հանեցին Կովկասյան ճակատից և ուղարկեցին հարավ` Պաղեստինյան ճակատ` անգլիացիների դեմ:

Սակայն քաղաքական լարվածությունը սրանով չավարտվեց և չթուլացավ: Այս ժամանակահատվածում Թուրքիան դիվանագիտական, երբեմն ռազմական սպառնալիքներով շարունակում էր կոմիսարիատը քայքայելու և այն Ռուսաստանից անկախ հռչակելու պլանի իրագործումը: Ի վերջո, 1918 թ. հունվարի 30-ին թուրքերը, խախտելով զինադադարը, հարձակման անցան ողջ ճակատով ու կարճ ժամանակում գրավեցին Բայբուրդը, Մամախաթունը, Երզնկան, Կարինը…

1918 թ. փետրվարին կազմալուծվեց Անդրկովկասյան կոմիսարիատը, ու կազմվեց նոր քաղաքական միավորում` Անդրկովկասյան սեյմը: Սեյմում հակասություններն ավելի սրված էին: Թուրքիան սպառնալիքների կիրառմամբ պահանջում էր Սեյմի` անհապաղ Ռուսաստանից անկախության հռչակումը: Սեյմի ներսում պառակտումը կատարյալ էր: Վրաց մենշևիկները, հրաժարվելով հայերի հետ միասնական ճակատ կազմելու գաղափարից, ամրացնում էին միայն Բաթումի և Փոթիի սահմանները: Հայկական փոքրաթիվ ջոկատները կենաց ու մահու պայքար էին մղում թուրքերի դեմ, իսկ ադրբեջանական մուսաֆաթը առհասարակ ոչ մի կռվող չէր հանել եղբայրական թուրքական բանակի դեմ և Հայաստանի թիկունքում դավեր էր նյութում:

1918 թ. մարտին Սեյմի վերջին նիստերում քննարկվող հիմնական թեման Տրապիզոնում նախատեսված Թուրքիա-Անդրկովկաս խորհրդաժողովի հարցն էր: Սակայն Սեյմում չկար միասնական կարծիք թե՛ խորհրդաժողովի պատվիրակության կազմի, թե՛ միասնական մարտավարության` բանակցությունների սեղանին դրվելիք հարցերի մասին:

Ի վերջո, հայկական մասով որոշվեց Տրապիզոնի բանակցությունների ժամանակ առաջ քաշել հետևյալ հարցերը. ա. մինչպատերազմյան ռուս-թուրքական սահմանի վերականգնում, բ.  թուրքահայության համար ինքնավարություն թուրքական պետության սահմաններում: Որոշվեց նաև Սեյմի 40 հոգանոց պատվիրակության կազմը, որում մեծամասնություն էին կազմում մուսաֆաթականներն ու մենշևիկները:

Մարտի 14-ին Տրապիզոնում սկսվեցին բանակցությունները: Թուրքերը, որ արդեն ռազմաճակատում ամրապնդել էին իրենց դիրքերը, կոշտ դիրքորոշում ընդունեցին և հրաժարվեցին քննարկել որևէ հարց Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կետերից դուրս: Թուրքական ռազմավարական պլաններում առաջնայինը հենց Անդրկովկասի գրավումն էր, հետևաբար, նրանց համար անընդունելի էին Անդրկովկասի պատվիրակների առաջ քաշած պայմաններն ու առաջարկները:

Եթե թուրքական պատվիրակությունը պատրաստակամ էր Սեյմի պատվիրակների առաջ քաշած երկրորդական հարցերի շուրջ քննարկումներ ծավալել, ապա հայկական հարցերի դեպքում ամենակոշտ դիրքորոշումն էր բռնել: Թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ բեյն անգամ, կորցնելով հավասարակշռությունը, տեսարան ստեղծեց, երբ հայ պատվիրակները խոսեցին Արևմտյան Հայաստանի ինքնավարության մասին:

Թուրքիային ձեռնտու էր Տրապիզոնի բանակցությունների տապալումը: Նրանք դիտմամբ հենց Բրեստի պայմանագրի կետերն էին մեջբերում, որ անընդունելի էին հայերի, մասամբ նաև վրացիների համար, որպեսզի Սեյմի պատվիրակությունը մերժի թուրքական պահանջները, և վերջիններս շարունակեն հարձակումը Անդրկովկասի վրա:

Այդպես էլ եղավ. անօգուտ համարելով հետագա բանակցությունները` Սեյմի պատվիրակները լքեցին Տրապիզոնը:

Իրադրությունը քննարկելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով 1918 թ. ապրիլի 6-8-ը Ալեքսանդրապոլում Հայոց ազգային խորհուրդը խորհրդակցություն հրավիրեց, որին հրավիրված էին նաև Սեյմի հայ անդամները, հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, մտավորականներ, զինվորականներ: Քննարկման թեմաներն էին թուրքական առաջխաղացումը կասեցնելու հարցը և քաղաքական անկանխատեսելի շրջադարձերի ժամանակ հայկական կողմի կիրառվելիք մարտավարությունը: Խորհրդակցության ժամանակ միաձայն որոշում ընդունվեց մերժել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և համատեղ ուժերով վերակազմավորել թուրքական ճակատը: Խորհրդակցության ժամանակ խոսք են ասում նաև հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկովն ու Կովկասյան ճակատի ընդհանուր հրամանատար գեներալ Լեբեդինսկին: Քննարկումների ժամանակ արծարծվեց նաև Արևմտյան Հայաստանի հարցը: Եղավ առաջարկ, անգամ հանդիպել և բանակցել Թալեաթի և Էնվերի հետ, սակայն այդ առաջարկները մերժվեցին:

Ալեքսանդրապոլի խորհրդակցությունից շատ չանցած` թուրքական զորքերը գրավեցին Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Ալեքսանդրապոլը: Հայ ժողովրդի համար օրհասական ժամանակներ էին:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2049 անգամ:
Print Friendly

Leave a Reply