Գարնանային սրացումներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 1, 2011 6:41

Գարուն. սիրո ու ծաղկման ժամանակ և նաև հիվանդությունների, անքնության ու մելամաղձության շրջան: Ինչո՞ւ է այդպես և  ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ:

Օրգանիզմը  շատ տարբեր է արձագանքում  սեզոնափոխությանը: Աշնան հետ կարծես ամեն ինչ պարզ է. ջերմությունն ու լույսն օր օրի նվազում են, մերթ անձրև է, մերթ քամի: Էլ ինչպե՞ս կարող ես չթախծել կամ  ինչպե՞ս կարող ես խուսափել մրսելուց: Սակայն ինչո՞ւ են տհաճ անակնկալները մեզ դարանակալում գարնանը, երբ կարծես ամեն ինչի համար միայն պետք է ուրախանաս, այնքան գեղեցիկ է զարթոնք ապրող բնությունը:

Վերակառուցում ու արագացում

Կենսառիթմերին բոլորն են ենթակա, երկրի վրա ապրող բոլոր էակները: Այդ ռիթմերից  կախված` մեր մեջ ժամանակ առ ժամանակ փոփոխվում  է ինքնազգացողությունը, ինտելեկտուալ հնարավորությունները, տրամադրությունը: Այդ ամենի պատճառն արյան մեջ հորմոնների խտությունն է:

Ձմեռն ու ամառը համարվում են հարաբերականորեն կայուն շրջաններ:  Բայց ահա աշնանն ու գարնանը օրգանիզմը վերակառուցվում է, հարմարվում: Գարնան այդ փոփոխությունները  «+» նշանի տակ են , այսինքն` արագանում է նյութափոխանակությունը, ակտիվորեն նորանոր բջիջներ են առաջանում: Դրա հետ մեկտեղ, սակայն, օրգանիզմը կարող է սովոր ռիթմից հետ ընկնել, ինչի հետևանքով սրվում են զանազան խնդիրներ, հատկապես գաստրիտն ու խոցը: Բանն այն է, որ գարնանը մարսողական համակարգը սկսում է ավելի ակտիվ աշխատել, իսկ պաշտպանական ֆերմենտներն ավելի դանդաղ են արտադրվում: Եթե մարդը, ի լրումն, նաև նյարդայնանում է, ապա իրեն կրկնակի վտանգի է ենթարկում: Դեպրեսիան ու վատ տրամադրությունը նույնպես կապվում են սեզոնային կենսաբանական ժամացույցի խանգարման հետ:

Իհարկե, պետք է նշել, որ պաշտոնական բժշկությունը չի շտապում գարնանային խնդիրներին կենսառիթմային բացատրություն տալ` ասելով, որ իսկապես էլ սրվում են շատուշատ խնդիրներ, սակայն դրանց բացատրությունը շատ ծանրակշիռ է, օրինակ`

1.պաշարների պակասը. ձմռանը մեր «պահեստները» սպառվում են, իսկ դրանք լրացնելու  համար դեռևս «հումք» չկա: Այստեղից է տկարությունն ու իմունիտետի  թուլացումը:

2.Սակավաշարժություն. մենք, փաստորեն, մի քանի ամիս «նստել ենք» ջեռուցվող սենյակներում, գրեթե առանց շարժման: Հետևանքը` ապատիա , թուլություն, մկանային ու հոդացավ ունենք:

3.Արևային ճառագայթում. գարնանն այն ուժգնանում է, դրա հետ մեկտեղ էմոցիոնալ գրգռվածությունն է սաստկանում:

4.Մթնոլորտային  ճնշման կտրուկ փոփոխություն. դրա պատճառով գլխացավ է առաջանում, ինքնազգացողությունը վատանում է, տատանվում է ճնշումը:

5. Գարնան քմահաճությունները. դրսում մե՛կ տաքանում է, մե՛կ ցրտում: Մենք աշխատում ենք բառիս բուն իմաստով թոթափել ձմեռվա ծանրությունը. հանում ենք գլխարկը, տաք հագուստը, ու բնականաբար, մրսածությամբ պայմանավորված, զանազան հիվանդությունների վտանգն է մեծանում:

6. Ավիտամինոզը գարնան ուղեկիցն է. վիտամինների պակասի ախտանշանները դժվար չէ ճանաչել: Քնատություն, աշխատունակության անկում, գերհոգնածություն (հատկապես աշխատանքային օրվա վերջում):  Երբ քամին թեթևակի փչում է, մրսածությունն ու կոկորդացավը պատրաստ  են: Տրամադրությունն էլ կարծես փարոս լինի. մե՛կ ամեն ինչ կարգին է, մե՛կ աշխարհը կարծես գլխիդ փլվում է: Բանն այն է, որ գարնանային արևը օրգանիզմին  ամառվա լարվածությանն է  նախապատրասում: Լուսային օրն ավելի երկարում է, իսկ  մեր օրգանիզմը, որ ձմեռային քուն է անցկացրել, այդպիսի բեռնվածությունների պատրաստ չէ: Խանգարվում է նյութափոխանակությունը, և օրգանիզմի բոլոր ֆունկցիաները, ասես փոխհամաձայնեցված, արգելակման վիճակի մեջ են հայտնվում:

Այս վիճակից ելնելու համար պետք է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով ապահովել:

Գարնանը մեզ ուղեկից են տագնապը,  մելամաղձությունը, թախիծի նոպաները: Ինչո՞ւ:

Օրգանիզմում վերակառուցումը միշտ էլ զուգորդվում է հոգեկանի հետ: Ձմռանն ակտիվ է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է  տեղեկության ընկալման համար, իսկ որոշումներ կայացնելու հատվածը, ընդհակառակը, արգելակված է: Գարնանը հակառակն է կատարվում: Այս վիճակի պատճառով խախտվում է «ընկալում-գործողություն» շրջափուլը: Հետևանքը` մելամաղձություն, քնկոտություն, անտարբերություն: Ի դեպ, նույնիսկ հոգեբանները չեն կարողանում վերջնական պատասխան տալ, թե ինչու է  գարունը մեզ հոգեկան տառապանք պատճառում: Սեզոնային դեպրեսիան սկսվում է 20-30 տարեկանից (կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ): Ամենայն հավանականությամբ, ինչպես կարծում են նրանցից ոմանք, այս պարագայում մեծ է լուսավորության տատանման գործոնը: Արեգակի լույսն անմիջականորեն ազդում է մեր ինքնազգացողության վրա. առաջացնում է նյարդային ազդակներ, որոնք աչքի ցանցաթաղանթից գնում են հիպոթալամուս, իսկ այդտեղից էլ տրամադրության, քնի, ախորժակի կարգավորման վրա ազդում, և հակառակը, արևի «առատությունը» կարող է հոգեկան խնդիրների պատճառ դառնալ: Սա այն դեպքում, եթե այդ տատանումները կտրուկ են, և, հետևաբար, օրգանիզմը չի հասցնում հարմարվել դրանց:

Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ գարնանային խնդիրները խառնվածքի առանձնահատկություններով են պայմանավորված: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ես ընդունում աշխարհը. լավատեսները, օրինակ, «լույսը» տեսնում են բոլոր եղանակներին, իսկ վատատեսները արևից էլ ուրախ չեն: Կանայք ավելի հակված են գարնանային դեպրեսիաներին, քանի որ ավելի զգացմունքային են, հետևաբար հոգեկանն էլ ավելի խոցելի է: Հաճախ «գարնանային տառապյալների» ցուցակում հայտնվում են նաև նրանք, ովքեր իրենք իրենց երդվել են նոր տարուց նոր կյանք սկսել, իսկ գարնանը պարզ է դարձել, որ խոստումներն իրականացնել չեն կարողացել:

Բժիշկները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, քանի որ սեզոնային դեպրեսիաներն անվտանգ են ու ոչ խորը:

Այնպես որ, արժե հետևություններ անել.

  1. Գարնանային սրացումն ամենևին էլ մտացածին լեգենդ չէ, այն իսկապես էլ գոյություն ունի: Սեզոնային անցմանը ենթակա են նաև լիակատար առողջ համարվող մարդիկ, եթե հատկապե ունեն շարժուն ու ազդվող հոգեկան:
  2. Գիտությունը դեռևս չի կարողանում բացատրել գարնանային դեպրեսիայի բնույթը: Եթե այն ձգվում է մեկ ամսից ավելի և կրկնվում է  ամեն տարի, ապա պետք է  դիմել մասնագետի:
  3. Ստամոքսի և աղիքային տրակտի հիվանդությունների հակում ունեցողները պետք է ճիշտ սնվեն:
  4. Ի վերջո, դուք անհամբեր սպասել եք գարնան գալուստին, ու ահա նա եկել է: Իսկ դա, խոստովանենք, արդեն վատ չէ:
Դիտվել է 2351 անգամ:
Print Friendly

Leave a Reply