Որո՞նք են ոստիկանության խնդիրները և ի՞նչ պարտականություններ ունեն նրանք

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 2, 2011 4:35

Ոստիկանությունը համարվում է երկրի ուժային կառույցներից մեկը, այն ունի իր  խնդիրները, որոնք հստակ սահմանված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է, որը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս նույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք:

Տվյալ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`

1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում,

2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը,

3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը,

4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը,

5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,

6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:

Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով:

ՀՀ ոստիկանությունն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս հիմնվում է որոշակի սկզբունքների վրա, որոնք սահմանված են հիշյալ օրենքի 3-րդ հոդվածով, ըստ որի`

«Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:

Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ»:

Ոստիկանությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք վերաբերում են տարբեր բնագավառների, մասնավորապես` հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս, հասարակական կարգը պահպանելիս, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, քաղաքացիների կազմակերպությունների գույքը պահպանելիս, արտակարգ իրադրության պայմաններում, հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս, անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և ՀՀ ընտրողների ռեգիստրը վարելիս: Ոստիկանության պարտականությունները նախատեսված են նաև հիշյալ օրենքի 10-րդ հոդվածով, ըստ որի`

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու oրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից,

2) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց,

3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ,

3.1) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին,

4) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների, դատավարության այլ մասնակիցների և դատավարությանն աջակցող անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց oգնություն ցույց տալու համար:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 2423 անգամ:
Print Friendly

Leave a Reply