Մինչև 100-ամյակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | April 28, 2011 14:28
Հայոց ցեղասպանության 96-ամյակի նշումը իրադրային կարևորություն ներկայացնող հիմնական կետով կհատկանշվի։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մակարդակով հայտարարված է նախապատրաստություն Ցեղասպանության 100-ամյակի նշումին։ Համապետական մոտեցում է հայտարարվածը, համահայկական բովանդակությամբ և համազգային ներկայացուցչությամբ՝ ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնության ձևաչափի առավելագույն նկատառումով։
100-ամյակի հանձնաժողովին գործառույթներն իրենց մանրամասնություններով չեն բանաձևված անշուշտ, այսուհանդերձ աշխատանքի ընդհանուր ուղղվածությունը հստակ է։ Գործառույթներու հստակացումեն առաջ, սակայն, երևույթն ինքին արդեն որոշ խորհրդածություններու տեղի կու տա։
Ամեն բանե առաջ 100-ամյակը իրադրային դարձակետ նկատի ունենալու և այժմեն իսկ նախապատրաստվելու նախագահական մակարդակով առնված որոշումը քաղաքական հստակ պատգամ կփոխանցե ինչպես ներազգային ուղղությամբ, այնպես ալ՝ Թուրքիո և համայն աշխարհին։
Հայության կարևորագույն հիմնախնդիրը ազգովին, համախմբված և նպատակաուղղված ձևով արծարծելու հայեցակետը քաղաքական որոշ փիլիսոփայություն կներփակե իր մեջ։ Կկանխարգիլվի այս հարցին մեջ ներհայկական որևէ հակասություն տեսնելու, ենթադրյալ հակասություններուն վրա խաղալու, «հանդուրժողական» Հայաստանին և «ծայրայեղ» սփյուռքին միջև սեպ խրելու և իբրև թե տեսնված այդ տարբերություններուն վրայ խաղալով թշնամիին կողմե երկխոսության գործընթացի շղարշ ստեղծելու։
Համազգային հանձնաժողովի կազմությունը կհարվածե նաև թրքական ա՛յն մարտավարությունը, որ հարցին վաղեմության մասին անհիմն իրավական բացատրություն կփորձեր տարածել, որուն համաձայն 100-ամյա ժամանակահատվածե ետք, որևէ միջազգային դատ կկորսնցնե իր իրավական նշանակությունը։ Նման որոշումի հրապարակում անուղղակի պատասխան է թրքական ապատեղեկատվության, որ պարզապես ժողովրդային մակարդակի վրա բարոյալքումի ալիք կփորձե հառաջացնել։
100-ամյակի նախապատրաստությունը քաղաքական նման մեկնաբանություններու նկատառումով դուրս կու գայ սոսկ ոգեկոչական հանդիսություններու կազմակերպումներուն նոր տարողություն ապահովելու պարունակեն։ Մինչև 100-ամյակ ևս կարևոր հանգրվան է։ Համապետական- համազգային ներգրավվածության նման համապատկեր մը կհուշե, որ նախապատրաստության փուլը կամ մինչև 100-ամյակը նույնքան կարևոր է որքան ի՛նքը 100-ամյակը։ Արդեն կնախանշվի Ցեղասպանության հատուցումի իրավական թղթածրարի պատրաստության անհրաժեշտությունը։ Հայրենազրկումի կամ ավելի մասնակիորեն Սևրով ամրագրված իրավարար վճիռի ճշտած սահմաններուն այժմեական-իրավական նշանակության մասին կխոսվի հայկական դաշտի բոլոր կեդրոններեն։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մակարդակեն սկսյալ։
Այս արդեն մինչև 100-ամյակ մեր պահանջատիրության նոր տարողության, նոր բովանդակության մասին կխոսի։ Տարողություն, որ նոր բարձրակետեր ապահովելու նախադրյալները փոխանցած է արդեն։ Ու թերևս պատահական չէ, որ Թուրքիո ամենահեղինակավոր հրապարակախոսներեն Ալի Պիրանտը հայտարարած է, որ Թուրքիա լրջորեն կվախնա Հայոց ցեղասպանության 100-ամյակեն։
100-ամյակի նախապատրաստությունը հատուցման իրավական թղթածրարի պատրաստության փուլ է։ Այս նախանիշն ունի արդեն պետական հնչեղություն և համազգային ներգրավվածություն։ Իսկ Պիրանտն իրավացի է։ Թուրքերը մտահոգ են։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
