Անչափահասների կողմից հանցագործությունների կատարումը սոցիալական խնդիրների՞, թե՞ սխալ դաստիարակության հետևանք

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | April 28, 2011 14:34

«Անչափահասների շրջանում հանցագործությունների տարածման գլխավոր պատճառը սոցիալական խնդիրներն են»,-նման կարծիք այսօր հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ Լևոն Ավետիսյանը՝ անչափահաս իրավախախտների հետ իրականացվող կանխարգելիչ և վերականգնողական աշխատանքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ:

ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը չհամաձայնեց այդ կարծիքի հետ. «Սոցիալականը մի մասն է ընդամենը, սակայն պատճառներից ամենագլխավորը ընտանիքն ու դաստիարակությունն են»,-ասաց նա:

Նելլի Դուրյանը հայտնեց, որ ոստիկանության քրեական հետախուզության վարչության տվյալների համաձայն` Հայաստանում ավելացել է անչափահաս իրավախախտների թիվը: Եթե 2007-ին հանցագործություն կատարած անչափահասների թիվը  հասնում էր 366-ի, ապա 2010-ին` 452-ի:

Կլոր սեղանի ժամանակ նաև հայտնի դարձավ, որ պայմանական դատապարտության ենթարկված իրավախախտ անչափահասներին վերահսկելու և կրկնահանցագործությունները կանխելու նպատակով նախատեսվում է կիրառել հսկիչ էլեկտրոնային սարքեր, որոնք փակցվում են անչափահասի ձեռքին կամ ոտքին. «Բայց եթե երեխան ընդամենը դպրոցում խուլիգանություն է արել և խնդիր չունի երեկոյան կամ գիշերը տնից դուրս գալու, ապա պարզ է, որ դատարանի կողմից չի նշանակվի հսկիչ էլեկտրոնային սարքի կրում,-պարզաբանեց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ պայմանական դատապարտության ենթարկված մարդը չպետք է խուսափի իր նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնից, պարբերաբար ներկայանա ու հաշիվ տա իր վարքագծի համար: Եթե նախկինում այդ հսկողությունն իրականացնում էր բնակության վայրի Ոստիկանության բաժինը, ապա այժմ՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը (այլընտրանքային պատժի դեպքում մարդը մեղավոր է ճանաչվում, սակայն չի մեկուսացվում հասարակությունից):

«World vision» կազմակերպության «Երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի» ղեկավար Անահիտ Գրիգորյանի խոսքով, կլոր սեղանի նպատակն է ստեղծել երկխոսություն պետական և հասարակական սեկտորի միջև. «Իրավախախտ և հանցագործ անչափահասներին մատուցվում են ծառայություններ և´ պետական, և´ հասարակական կառույցների կողմից, սակայն այդ աշխատանքներում չկա համախմբվածություն, և հաճախ ստացվում է այնպես, որ մի կառույցը մյուսի գործունեության մասին ոչինչ չգիտի և անհրաժեշտության դեպքում չի կարողանում երեխային համապատասխան կառույց ուղղորդել»-ասաց նա:

Նա նշեց, որ խնդիրներ կան հատկապես հանրակրթության ոլորտում: Գրիգորյանի խոսքով, վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունն իրենց է փոխանցել մի տվյալ, ըստ որի Երևանում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվն ընդամենը 6-ն է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ դա չի կարող համապատասխանել իրականությանը»,-ասաց նա:

Դպրոցում երեխաների վարքը վերահսկելու և անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու նպատակով 2010 թվականի սեպտեմբեր ամսից Երևան քաղաքի 11 ավագ դպրոցներում մեկնարկել է դպրոցական տեսուչի փորձնական ծրագիրը: Հաջող ավարտի դեպքում ծրագիրը կներդրվի նաև այլ դպրոցներում:

Որպես կլոր սեղանի ամփոփում՝ «World vision»-ը Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հետ միասին շուրջ 20 իրավախախտ երեխաների համար մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կիրականացնի:

Դիտվել է 2433 անգամ:
Print Friendly

Leave a Reply