ՀԱԿ և իշխանություն երկխոսության հնարավորությունը պարզ քաղաքական հաշվարկ է
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | April 28, 2011 12:20
Երբ ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քննադատության հիմնական թիրախը դարձրեց մյուս ընդդիմադիր ուժերին, իսկ իշխանությանը, առանց քննադատական սուր երանգավորումների, հիշեցրեց իրենց երեք պահանջները, Հայաստանի ներքաղաքական դաշտում առավել ակտիվացան խոսակցությունները ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության և անգամ ներքին պայմանավորվածությունների մասին:
Նկատենք, որ կողմերը մինչ այդ էլ արդեն հասցրել էին երկխոսության փոխադարձ պատրաստակամության ժեստեր անել: Որպես դիքերի փոփոխության արդարացում` երկուստեք սկսեց շահարկվել այն միտքը, որ այս երկխոսությունից ամենաշատը շահելու է հասարակությունը, որ այս երկխոսության պահանջատերը հենց հասարակությունն է: Բնականաբար, քաղաքական ուժերի կառուցողական շփումը, անկայունությունն ու հնարավոր մարտիմեկյան իրավիճակները կանխելը բխում է հանրության շահերից, սակայն դժվար թե ՀԱԿ-իշխանություն առճակատման թուլացումը կարելի է դիտել որպես հասարակական պահանջի արձագանք:
Այս դեպքում ավելի շատ խոսում են այս ուժերի պարզ քաղաքական հաշվարկները. անհրաժեշտ է մինչև ընտրությունները քաղաքական դաշտը բաժանել միմյանց միջև այնպես, որ նախ` հնարավոր լինի մյուս բոլոր քաղաքական ուժերին դուրս մղել: ՀԱԿ-ը մյուս ընդդիմադիր ուժերին կմարգինալացնի, Սերժ Սարգսյանը նաև կոալիցիոն հուշագրի ստորագրման միջոցով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը կկանխի (պատահական չէ, որ անցյալ շաբաթ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը դարձավ Ազգային անվտանգության խորհրդի վարչության անդամ):
Իսկ երկրորդ կարևոր պատճառն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր ունի ցույց տալու, որ ի վերջո իրենց 3 տարվա պայքարը տալիս է իր պտուղները, և իշխանությունն ընկրկում է. վախենալով անկանխատեսելի զարգացումներից` կատարում է իրենց պահանջները: Այսպիսով, մի կողմից, հնարավոր կլինի նոր ընտրազանգված համախմբել, մյուս կողմից` կարելի է զսպել համակիրների` ժամ առաջ հեղափոխության գնալու պահանջը: Հետևաբար, զարմանալի չէ, որ մինչև վերջերս հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հասնելու, իշխանությունների անհապաղ հեռացման նպատակների մասին հայտարարող ՀԱԿ-ը փոքր չափաբաժիններով իր կողմնակիցներին սկսեց համոզել, որ ավելի ձեռնտու է իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջը և համատեղ լուծումներ փնտրել:
Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ընտրություններից առաջ նա էլ փորձում է ժողովրդավար ղեկավարի իմիջ ստեղծել, ով, «բնակչության օբյեկտիվ բողոքը հաշվի առնելով», պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ: Դեռևս պատասխաններ չստացած հարցերին անդրադառնալով` նա փորձում է լեգիտիմացնել իրեն և փակել մարտիմեկյան էջը, որն ընդդիմության ձեռքին գտնվող ամենալուրջ խաղաթուղթն է:
«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումներին վերաբերող իր ելույթում:
ՀԱԿ-ն անմիջապես արձագանքեց, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու պատրաստակամություն հայտնելով` իշխանությունները կատարեցին իրենց պահանջներից մեկը, իսկ ապրիլի 26-ին, ըստ էության, իշխանությունները բավարարեցին նաև ՀԱԿ-ի մյուս պահանջը. քաղաքապետարանը չեղյալ համարեց ապրիլի 13-ին կայացրած իր որոշումը և թույլ տվեց ՀԱԿ-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Նույն օրը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չբացառեց, որ դեռևս բանտերում գտնվող ընդդիմադիրները կարող են ժամանակից շուտ ազատ արձակվել: Ու չնայած իշխանական դաշտից միանգամից մի քանի ներկայացուցիչներ պնդեցին, որ իրենց այս քայլերն ամենևին կապված չեն ընդդիմության պահանջների հետ, այլ պայմանավորված են «հասարակութան պահանջով», «ժողովրդավարական բարեփոխումներով», «բարի կամքի դրսևորմամբ», բայց ակհայտ է, որ իշխանությունը, այս քայլերը կատարելով, ակնկալում է համաչափ արձագանք ընդդիմության ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքում, որը, ինչպես հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելու է «կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»:
Հետաքրքիր է նաև այն, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունն առանձնապես չողջունեցին նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկը երկու կողմերի միջև միջնորդ դառնալու մասին` հայտարարելով, որ երկխոսության կայացման համար միջնորդի կարիք չկա: Ու սա ևս մեկ անգամ ապացուցում է կողմերի պատրաստակամությունն ու նպատակադրվածությունը` միասին լուծումներ գտնելու առումով: Հետևաբար, կարելի է կանխատեսել, որ առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական համակարգի ներսում կառուցվածքային փոփոխություններ և ուժերի վերադասավորումներ են սպասվում: Եվ այս ամենին նոր ինտրիգային երանգներ են հաղորդում արտահերթ ընտրությունների հնարավորության շուրջ խոսակցությունները:
Ի դեպ, ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ քննարկումների ֆոնին քաղաքական դաշտից դուրս մնալու հնարավորությունը և իշխանության թվացյալ զիջողականությունը հաշվի առնելով` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն ժամանակահատվածում հանդես եկավ իշխանությանն ուղղած իր պահանջներով: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ինքը հացադուլ էր սկսել` հաշվի առնելով Հայաստանի ազգային-քաղաքական էլիտայի մեծամասնության բացարձակ անպատասխանատվությունը և հույս ուներ նրանց մեջ խիղճ արթնացնել: Սակայն, ըստ Ռաֆֆի Հովհաննիսյանի, ինքը համոզվեց, որ էլիտայի մեծամասնությունը ո՛չ խիղճ ունի, ո՛չ էլ առողջ դատողություն, անտարբերությամբ է նայում բնակչության խնդիրներին ու շահարկում է նրա վստահությունը: Հետևաբար, հստակեցնելով իր մոտեցումները, Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է 1. գումարել Սահմանադիր ժողով` Հայաստանի նոր Սահմանադրության հեղինակման և ընդունման համար, 2. ճանաչել միջազգային քրեական դատարանի իրավասությունը, 3. հրաժարվել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունից և պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ըստ նրա` սրանց իրականացումն անհրաժեշտ է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: Այս պահանջներին անդրադառնալը որևէ կերպ իշխանությունների օրակարգի մեջ չի տեղավորվում, սակայն ամեն քաղաքական ուժ իր քաղաքական խնդիրներն է լուծում և իրավիճակի վրա ազդեցության իր սցենարն ունի:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է ավելի մանրամասն այս խնդիրներին անդրադառնալ մայիսի 21-ին, «Ժառանգության» բաց ժողովում` համոզված, որ մինչ այդ քաղաքական դաշտում վերաձևումներն ավելի հասկանալի կդառնան:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
