Բաց դաս` նվիրված Վուդրո Վիլսոնին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2011 11:16

ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է  Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող  միջոցառումների  ծրագիր, որի շրջանակներում հանրակրթական դպրոցներում նախատեսված է բաց դասերի անցկացում:

Ծրագրի շրջանակներում ապրիլի 27-ին  Երևանի հ.136  հիմնական դպրոցում կազմակերպվեց  բաց դաս, որն անցկացրեց  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եվրոպագիտության բաժնի մագիստրոս Անի Աբրահամյանը: Վերջինս ներկայացրեց ԱՄՆ-ի 28-րդ նախագահ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, հայոց պետականության ստեղծման ջատագով  Վուդրո Վիլսոնի աշխատանքային գործունեությունը` շեշտը դնելով նրա հայանպաստ դիրքորոշմանը:

Բաց դասի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը հուշանվերներ հանձնեց դպրոցի տնօրինությանը` երախտագիտության խոսք հայտնելով արդյունավետ համագործակցության համար: Նշենք, որ  հ.136 դպրոցը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերում հանդես է եկել բազմաթիվ միջոցառումներով ` մասնավորապես Մայրենի լեզվի օր, «Մեր մեծերը» ծրագրերի  շրջանակներում: Այն հայաստանյան եզակի դպրոցներից է, որտեղ ստեղծվել  է «Սփյուռք» կենտրոն թանգարան:

Բաց դասը համընկավ դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման հետ` նվիրված Ծաղկազարդի և Սուրբ Զատկի տոներին: Աշակերտները ներկայացրեցին ավանդական Ծաղկազարդի և Սուրբ Զատկի տոները`թատերականացված սցենարով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն տիկին Գրետա Թունյանը, ով պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցել և աջակցել նախարարության ծրագրերին`մասնավորապես «Արի տուն» ծրագին, որի իրականացման համար ներկայացրել է շուրջ երկու տասնյակ հյուրընկալ ընտանիքների հայտադիմում:

Հարկ է նշել, որ ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների համար «Քույր դպրոցներ» ծրագրով նախատեսվում է բարեկամության կամուրջ հաստատել հ.136 դպրոցի և Բոստոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի միջև:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply