Հայաստանը` «Հարավկովկասյան քաղաքական բանավեճեր» խորագրով հեռուստաբանավեճի հաղթող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2011 10:46

«Համերաշխ Հայաստան» խումբն ապրիլի 16-22-ը Վրաստանում մասնակցել է «Հարավկովկասյան քաղաքական բանավեճեր» խորագրով բանավեճին եւ հաղթող ճանաչվել: Եզրափակիչ փուլում հայաստանյան խումբը հաղթել է Ադրբեջանի պատվիրակությանը: «Համերաշխ Հայաստան»-ի անդամները ԵՊՀ ուսանողներ, ասպիրանտներ են:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խմբի անդամ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Սիրունյանը, վրացական «Կավկազիա» հեռուստաալիքի ուղիղ եթերում մի շարք բանավեճեր են անցկացվել, որոնց մասնակցել են 4 խումբ Վրաստանից, ինչպես նաեւ մեկական խումբ Ադրբեջանից եւ Հայաստանից:

Նրա խոսքով` խաղերն անցել են բավականին հետաքրքիր եւ ջերմ մթնոլորտում: «Թեեւ խաղի բնույթը բանավեճ էր, սակայն դա չխանգարեց, որպեսզի մենք ներկայանանք որպես քաղաքակիրթ մարդիկ եւ բոլորին ցույց տանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հանգիստ մի սեղանի շուրջ բանավիճել եւ զրուցել, որը չափազանց մեծ ձեռքբերում է»,- նշեց Կ. Սիրունյանը` ավելացնելով, որ խաղի ընթացքում Վրաստանը կարծես թե հանդես է եկել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջնորդ:

«Խաղը եզակի նշանակություն ուներ, քանի որ կոտրվեցին մի շարք կաղապարներ եւ կարծրատիպեր: Բանավեճի ընթացքում մենք աշխատել ենք ցույց չտալ, որ հակամարտող կողմեր ենք, ներկայացել ենք պարզապես երիտասարդներ, ովքեր փորձում են գտնել հակամարտության կարգավորում, ոչ թե հակամարտություն ստեղծում»,- ասաց Կ. Սիրունյանը:

Խաղի մյուս մասնակից, ԵՊՀ ասպիրանտ Արտակ խաչատրյանը նշեց, որ թեեւ մասնակիցները եղել են տարբեր մասնագիտությունների տեր անձինք, այնուամենայնիվ, խաղի ժամանակ հակասություններ չեն եղել: «Մենք լավագույնս ներկայացանք, քանի որ թիմը մտածում էր կուռ կերպով եւ հենց այդ էլ դարձավ մեր հաղթանակի գրավականներից մեկը»,- շեշտեց Ա. Խաչատրյանը: Խաղի հաղթող ճանաչվելու համար անցկացվել է փակ քվեարկություն, որին մասնակցել են ժյուրիի անդամները` փորձագետներ, ինչպես նաեւ հաշվի են առնվել հեռուստադիտողի եւ ներկաների քվեարկությունները:

«Փորձագետները, բացի գիտելիքներից, գնահատեցին նաեւ մեր թիմային խաղը: Բոլոր խաղերում մենք միակն էինք, որ կարողացանք անթերի կատարել մասնակիցների բաշխումը, եւ յուրաքանչյուր մասնակից ակտիվորեն մասնակցեց»,- նկատեց Ա. Խաչատրյանը` շետելով, որ նախագիծը հնարավորություն տվեց սկսել հետաքրքիր երկխոսություն մեր հարեւան երկրների հետ եւ ոչ թե նորից շարունակել փակ մարտավարությունը: Կարեն Սիրունյանը, անդրադառնալով երիտասարդների մասնակցությանը քաղաքական հարցերի լուծման գործում, նշեց, որ եթե նմանատիպ ծրագրեր շատ լինեն, ապա շատ քաղաքական հարցեր իրենց լուծումները մոտ ապագայում կստանան:

«Չի կարելի պատերազմական հայտարարություններով անվերջ սրել իրավիճակը»,- փաստեց Կ. Սիրունյանը: Իսկ Արտակ Խաչատրյանն էլ նկատեց, որ երիտասարդների շնորհիվ հնարավոր է կոտրել տաբուները: «Իհարկե, հասկանում եմ, որ չի կարելի խոսել կարծրատիպի ամբողջապես վերացման մասին, այլ դրա մինիմալիզացման մասին»,- նշեց նա` հավելելով, որ երկխոսություն պետք է սկսել ոչ թե ամեն գնով, այլ նկատի ունենալով ազգային, պետական շահը:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply