Ցեղասպանության դասերն ու հայ-թուրքական հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 27, 2011 17:29

Ամեն տարի Ցեղասպանության տարելիցն ուղեկցվում է ամբողջ աշխարհում հայերի կողմից իրականացվող բողոքի ցույցերով, ելույթներով և ոգեկոչման արարողություններով: Այս տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության օրվան վերաբերող ելույթները, քննարկումներն ու կոչերն առանձնահատուկ նրբերանգներ ունեին, ու դրա համար երկու հիմնավոր պատճառ կար:

1.       2009 թ. hայթուրքական ՙհաշտեցման՚գործընթացի մեկնարկի ֆոնին բոլորը շունչները պահած սպասում էին, թե արդյոք ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կկատարի± Ցեղասպանությանը վերաբերող իր նախընտրական խոստումը: 2010 թ. Հայաստանի իշխանությունները ստիպված եղան խոստովանել, որ Թուրքիան ամենևին չի հրաժարվել նախապայմաններից և անկեղծ ցանկություն չունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ: ՍերժՍարգսյանը հենց ապրիլի 24-ի նախօրյակին սառեցրեց գործընթացը`փաստացի արձանագրելով հայթուրքական հարաբերությունների կարգավորման իր նախաձեռնության տապալումը: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն ավելի շատ հայթուրքական հարաբերությունների և մասնավորապես արձանագրությունների հետկանչի նպատակահարմարության շուրջ քննարկումների ձևաչափ ստացավ:

Արդեն իսկ անցած երկու տարվա փորձով համոզված լինելով, որ Օբամայի խոստումն այդպես էլ խոստում կմնա, և Օբաման չի ասի ավելին, քան, այն, որ իր դիրքորոշումը չի փոխվել պատմության մասին, իսկ հայթուրքական ի սզբանե անհաջողության դատապարտված գործընթացի արդյունքում ևս մեկ անգամ ամրապնդելով այն կարծիքը, որ թուրքը և հատկապես Թուրքիա պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, այս տարի Մեծ եղեռնի օրը մենք նորից դեմ առ դեմ մենակ մնացինք մեր խնդիրների հետ: Արդյունքում` աշխուժացան կարծիքներն ու մտորումները հայության ապագայի շուրջ:

2. Այդ մտորումներին հատուկ ուղղվածություն տվեց այն փաստը, որ Ցեղասպանության օրը համընկավ Սուրբ Զատկի` Քրիստոսի հարության տոնի հետ: Նման պատահական զուգադիպություններ չեն լինում: Կարծես թե աստվածային նախախնամությամբ լայն շրջանառություն ստացավ այն գաղափարը, որ ինչպես Քրիստոսը մեր մեղքերի համար մահացավ ու հետո հարություն առավ, այնպես էլ Ցեղասպանության օրն այսուհետ պետք է դառնա ոչ թե զուտ զոհերի հիշատակի հարգման օր, այլ հայ ժողովրդի վերածննդի անհրաժեշտության խորհուրդը պետք է կրի իր մեջ:

Պետք է դասեր քաղել Ցեղասպանության ողբերգական իրադարձություններից

Ցեղասպանության ժամանակ զոհված մեր նախնիների ոգեկոչումը չի կարող ավարտվել և կամ սկսվել զուտ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելություններով, ոչ էլ զուտ Ցեղասպանության ճանաչման վրա ողջ էներգիան ու ռեսուրսները ծախսելով: Ցեղասպանության ճանաչումն անգամ Ամերիկայի կողմից մեզ ոչինչ չի տալու, եթե մենք հստակ պահանջատեր չենք մեր ազգային հարցերում: Ոգեկոչել Ցեղասպանության պատճառով մահացած մեր նախնիների հիշատակը նշանակում է` ապրել, զարգանալ ու արարել այս հողում, աշխատել Հայաստանում սոցիալական սուր բևեռացվածությունը թուլացնելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի արտագաղթը նվազեցնել և բարելավել բնակչության ժողովրդագրական վիճակը, ամրապնդել Հայաստանի (Արցախի հետ միասին և առաջին հերթին վերաբնակեցման միջոցով) դիրքերը, խորացնել հարաբերությունները Սփյուռքի հետ, խնդիրների ընկալման մեկ ընդհանուր հայեցակարգ ստեղծել և հանդես գալ մեկ ճակատով: Սիրել նախ հայրենիքի այն կտորը, որն այսօր Հայաստան է կոչվում, ոչ թե հեռվից, առանց որևէ պարտավորություն ստանձնելու, սիրել այն, ինչ այսօր դեռևս մեզ չի պատկանում: Այս ճանապարհով է հնարավոր ցույց տալ Թուրքիային, որ հայերին բնաջնջելու և հայրենազրկելու քաղաքականությունը ձախողվել է, և հայերն այսօր, անկախ ու պետականակիր ազգ լինելով, պատրաստ են ու կարող են պաշտպանել իրենց շահերը, հստակ դնել փոխհատուցման պահանջներ և պայքարել անպատժելիության դեմ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ստիպել Թուրքիային հաշվի նստել մեր կարծիքի հետ, հաշտվել իր անցյալի հետ:

Մենք պետք է ազատվենք զոհի կերպարից: Ցեղասպանության մասին մանրամասն տեղեկացվածությունն անհրաժեշտ է ոչ թե պարտվողական մտածելակերպի, մեր թուլության և անկարողության մասին պատկերացումների ձևավորման, այլ թշնամուն ճանաչելու ու այդ դիրքերից գործելու, զգոնությունը պահելու համար: Հայաստանում շատ արագ ոգևորության ալիք է բարձրանում, երբ որևէ թուրք մտավորական հայտարարություն է անում ցեղասպանության թեմայով, քանի որ շատ ավելի հեշտ է ապրել պատկերացնելով, թե հարևանդ փոխվել է, քեզ վնասելու որևէ ծրագիր չունի, և հետևաբար, վտանգը կանխելու համար աշխատելու կարիք չկա: Այնինչ, առանձին մտավորականների հայտարարությունները չեն փոխում պետական քաղաքականությունը: Թուրքիայի սահմանադրությունից այդպես էլ չի վերացվել 301-րդ հոդվածը, որով դատվում են Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականները: Ավելին, երբ որ ապրիլի 24-ին Ստամբուլում մի շարք մտավորականներ մոմեր էին վառում ի հիշատակ հայ զոհերի, Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի էին ունենում հակահայկական բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հայերի հիշատակը հարգող մտավորականները պիտակվում էին որպես ՙազգի դավաճաններ՚: Հավանաբար խորհրդանշական է նաև այն, որ ապրիլի 24-ին Թուրքիայի բանակում սպանվել է ազգությամբ հայ մի զիվնվոր:

Թուրքիայի նպատակամղված հակահայկական գործունեությունը

Թուրքիան ու Ադրբեջանն ամեն տարի ամբողջ աշխարհում նախաձեռնում են ժխտողականության լուրջ արշավ, հակերային հարձակումներ են կատարում հայկական կայքերի վրա (այս տարի Ֆեյսբուքում էր լուրջ պայքար ծավալվել հայկական ու թուրքադրբեջանական խմբերի միջև ): Նրանք հակահայկական ֆիլմեր են տարածում ու գրքեր հրատարակում, որոնցում ոչ միայն ներկայացվում է, թե իբր հայերն ընդամենը Առաջին համաշխարհային պատերազմի զոհ են դարձել այնպես, ինչպես հազարավոր թուրքեր, այլև առաջ են տանում այն թեզը, թե իբր ՙդավաճան՚ հայերն են ռուսների օգնությամբ ՙցեղասպանել՚ թուրք ժողովրդին: Բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնելուց զատ, այսօր փորձ է արվում ոչնչացնել դեռևս Թուրքիայում, մասնավորապես` Արևմտյան Հայաստանում պահպանված հայկական մշակութային հուշարձաններն ու եկեղեցիները (Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը վերածեցին մի ամոթալի շոուի) և ջնջել հայկական տեղանունների հետքերը: Թուրքիայի վերաբերմունքի արտահայտման մի տեսակ էլ դարձավ Թուրքիայի իշխանությունների պահանջով Կարսում տեղադրված հայթուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը, որին դեմ դուրս եկած մտավորականը դանակահարվեց:

Թուրքիան նաև Հայաստանի հետ հարաբերություններն ուղղակի պայմանավորում է իր ՙփոքր եղբոր շահերով՚: Ադրբեջանի հետ շրջափակման մեջ է պահում Հայաստանը (ըստ էության` պատերազմական գործողություն է կատարում)` փորձելով տնտեսապես ծնկի բերել, զինում է Ադրբեջանին ի դեմ Հայաստանի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն ու սահմանների բացումը կապում ամբողջությամբ Հայաստանի կողմից ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու հետ, հայտարարում, որ սահմանը բացելու դեպքում էլ անվարան կփակի պատերազմի կամ հայադրբեջանական հակամարտության սրման պարագայում:

Թուրքիան նաև միջազգային կառույցներում շատ բացահայտ առաջ է տանում ընդգծված հակահայկական նախագծեր ու միջազգային ամբիոններն ամեն կերպ օգտագործում է Հայաստանի դիրքերը թուլացնելու համար (ամենաթարմ օրինակը ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլիի գործունեությունն է): Ընդ որում, սկսված հայթուրքական ՙհաշտեցման՚ գործընթացը զգալիորեն ազատեց Թուրքիայի ձեռքերը գործելու Հայաստանի դեմ` առանց հրաժարվելու իր խիստ հակահայկական վարքագծից ու նախապայմաններից: Այս տարբերակով Թուրքիան հայթուրքական հարաբերությունների բարելավման խաղաքարտն օգտագործեց միջազգային հանրության աչքին հարևանների հետ զրո խնդիր ունեցող պետություն դառնալ ձգտող պետության իմիջ ստեղծելու, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը կասեցնելու համար: Այսօր էլ, քանի դեռ հայթուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի խորհրդարանի օրակարգում, մի շարք պետություններում Ցեղասպանության հարցը չքննարկելու հարցը պայմանավորում են ՙերկու ժողովուրդների հաշտեցմանը չխանգարելու ցանկությամբ՚, ինչը ևս մեկ անգամ շեշտադրեց Բարաք Օբաման:

Եվ չնայած մեր իշխանությունները միշտ հայտարարում են, որ պատրաստ են շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե Թուրքիան առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները, սակայն ակնհայտ է, որ վերջին շրջանում հայ պաշտոնյաների ելույթներն ավելի կոշտ են դարձել: Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս անգամ խոսեց Թուրքիայի կողմից նեոօսմանիզմի քաղաքականությանը վերադառնալու մասին, իսկ ապրիլիքսանչորսյան իր ելույթում Թուրքիայի մերժողականությունն անվանեց ցեղասպանության ՙամենաուղղակի շարունակություն՚: Մնում է, որ գործնականում էլ սովորենք ավելի հստակ ներկայացնել մեր շահերը` առանց ավելորդ ՙբարեկամության շուրջ պաթոսի՚ և առաջին հերթին դուրս գանք հայթուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված փակ շղթայից: Դրա առաջին քայլերը կարող են լինել ոչ մի առումով մեր շահերին չհամապատասխանող արձանագրություններից հրաժարվելը և Թուրքիայի հակահայկականությունն ավելի ակտիվորեն մատնանշելը:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply