Հայող Ցեղասպանության հիշատակության միջոցառում Նորվեգիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2011 16:58

Նորվեգիայում առկա փոքրաթիվ հայկական համայնքը հասցրել է ձևավորել սեփական ավանդույթները: Երեկ Նորվեգիայում Հայկական մշակութային կազմակերպությունը, որ միավորում է Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերին, կազմակերպել էր Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում Օսլոյից ոչ հեռու գտնվող Ասկեր քաղաքի եկեղեցում: Միջոցառումը պարունակում էր թե մշակութային, թե կրոնական և թե ժամանցային տարրեր, այն հատկապես ոգևորում էր համայնքի փոքրիկ անդամներին, ովքեր խանդավառությամբ մրցույթի էին բռնվել գունագեղ ու նկարազարդ հավկիթներով:

Ավանդույթի համաձայն` այսօր տեղական ժամանակով ժամը երկուսին համայնքի անդամները այցելեցին Օսլոի մերձակայքում, Բաերում համայնքում գտնվոգ Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր:

Համայնքի անդամները իրենց փոքրիկների հետ ծաղիկներ դրեցին մեծ նորվեգացու շիրմին ու իրականցրեցին մոմավառություն: Նորվոեգիայի Հայկական Մշակութային կազմակերպության նախագահության անդամ Լիլիթ Մկրտչյանը հիշատակման ելույթ ընթերցեց, որից հետո մի քանի անդամներ ևս երախտիքի խոսքեր ասեցին ուղղված Ֆրիտյոֆ Նանսենին, այնուհետև հավաքվածները երգեցին Հայաստանի հանրապետության օրհներգը և ծածանեցին Հայաստանի և Նորվեգիայի դրոշները:

Հիշատակի միջոցառումը ավարտվեց Նանսենի տան բակում կազմակերպված հյուրասիրությամբ: Հավաքվածները քննարկեցին համայնքին հուզող խնդիրներ:

Նշվեց, որ համայնքի խնդրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշում է ընդունել պաշտոնապես հիմնել Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությունը Նորվեգիայում, որը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 29-ին Շվեդիայում Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ քահանայի կողմից մատուցվող պատարագով: Այդպիսով, Շվեդիայում հայկական եկեղեցին սպասարկող հոգևորականների խումբը նաև կսպասարկի Նորվեգիայի հայ համայնքին:

Պատրաստեց

Էրիկ Գրիգորյան

Օսլո, Նորվեգիա

24-ը ապրիլի 2011թ.

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply