Քաղաքացիական օդանավերի կործանումը ռազմական հանցագործություն է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 27, 2011 15:15

Վերջերս Ադրբեջանը սպառնացել է, որ եթե Արցախի նոր բացվող օդանավակայանից չվերթներ իրականացվեն, ապա կկործանի թռչող  քաղաքացիական օդանավերը: Հաշվի առնելով այս փաստը` ապրիլի 25-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը և Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպել էին քննարկում «Չճանաչված պետությունների ինքնաթիռների ոչնչացման իրավաչափությունը» թեմայով:

ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ  Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի քաղաքացիական իրավունքի պաշտպանության  մասին 4-րդ կոնվենցիայի տեսանկյունից «քաղաքացիական օդանավերի կործանումը ռազմական հանցագործություն է, և այս դեպքում երկու կարծիք լինել չի կարող»:

Մյուս կողմից` Վլադիմիր Վարդանյանի խոսքով, չնայած ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) միզազգային քաղավիացիային վերաբերող Չիկագոյի կոնվենցիան արգելում է օդում ուժ գործադրել քաղաքացիական օբյեկտների նկատմամբ և մասնավորապես հարվածել դրանց, սակայն միաժամանակ չի արգելում պետությանը կտրել օդանավի ճանապարհը և թույլ չտալ մուտք գործել իր տարածք (ապահովելով օդանավի ու անձնակազմի անվտանգությունը):

Բայց, նրա կարծիքով, Ադրբեջանի օդանավերի խոցման հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ նա փորձելու է կանխել խնդրի միջազգայնացումը, քանի որ քաղաքացիական չվերթները էապես նպաստում են պետության անկախության ճանաչման գործընթացին. «Ի՞նչ է տեղի ունելալու ICAO-ում առաջին չվերթն իրականացնելուց հետո: Ադրբեջանն արդեն իսկ հստակ հայտարարել է, որ վարույթ է նախաձեռնելու  այնտեղ` փորձելով կանխել Ղարաբաղի օդային տարածքի օգտագործումը: Այս առումով նախադեպ կա. Վրաստանը հստակ դեմ է արտահայտվել Սուխումի օդանավակայանի օգտագործմանը, նախաձեռնել է վարույթ և կարծես թե ICAO-ն հստակորեն հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության պարագայում չի կարող օրինականացնել Սուխումից դեպի այլ պետություններ չվերթները»: Սակայն, ըստ նրա, ամեն դեպքում ներքին` Երևան-Ստեփանակերտ, հետագայում նաև Ստեփանակերտ-Երևան ու միջազգային այլ ուղղությամբ չվերթների իրականացումը լիովին հնարավոր է և իրագործվելու է:

Չնայած Արցախը` որպես չճանաչված պետություն, չի կարող դառնալ  ICAO-ի անդամ, սակայն այստեղ միջազգային քաղավիացիայի հեռանկար ունենալու տեսանկյունից, ըստ Վլադիմիր Վարդանյանի, շատ կարևոր է, որ Արցախը միակողմանի հայտարարի, որ հետևելու է Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին,  և իր օդային օրենսդրությունը համապատասխանեցնի դրան: Սա անհրաժեշտ է, որ  տեխնիկական խնդիրներ չառաջանան:

Քննարկման մեկ այլ մասնակից, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց, որ Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական և տնտեսական նպատակներ են հետապնդում և հատկապես` տնտեսական շրջափակումը պահպանելու նպատակ. «Կանոնակարգված չվերթները նոր հեռանկարներ են բացում չճանաչված պետության առջև: Այն լուրջ տնտեսական խթան կարող է  լինել Արցախի զարգացման համար, ապահովել բեռնափոխադրումների արագ տեղափոխում և տուրիստների ներհոսք», – ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ նույնիսկ տեխնիկապես Ադրբեջանի համար շատ դժվար կլինի խոցել օդանավերը, բացի այդ, հայկական հակաօդային պաշտպանության  համակարգերն էլ ունակ են պաշտպանելու քաղաքացիական օդանավերը: Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ իր հայտարարություններով Ադրբեջանը փորձում է պահպանել իր իսկ ստեղծած ահաբեկչական մթնոլորտը: Ըստ նրա` քաղաքացիական օդանավի ոչնչացումը կարող է գնահատվել որպես պատերազմի սպառնալիք, և այդ դեպքում, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, հնարավոր կլինի Ադրբեջանին կանչել պատասխանատվության:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply