«Կյանքի գինը» սերիալի աստղ Սամվել Սարգսյանը. «Բարխուդարովն ո՞վ ա իմ մոտ»

Շաբաթվա լուր | | August 17, 2009 19:18
210

Ոմանք Բորիս Բարխուդարովի դերակատարի` Սամվել Սարգսյանի խաղաոճը նմանեցնում են Ալ Պաչինոյին, և մեծ հակահարված հասցնում ռուբինյանապաշտներին:

Երբ հեռարձակվում է «Կյանքի գինը» հեռուստասերիալը, փողոցում անցուդարձը քչանում է, իսկ հեռախոսային օպերատորները փաստում են, որ այդ ժամերին հատուկենտ զանգեր են լինում: Հեռուստասերիալի հերոսների անուններով նորածինների անուններ են դնում:
Հեռուստադիտողի ամենակրքոտ քննարկումների թեման է գլխավոր հերոսներ Բարխուդարով-Ռուբինյան անվերջանալի հակամարտությունը:

Հեռուստադիտողները բաժանվել են խմբերի` Ռուբինյանականների ու Բարխուդարովականների, վիճում են, թե որ կերպարն է ավելի հմայիչ, որի դերասանն է ավելի համոզիչ խաղում, ու վեճերը հաճախ վերաճում են վիրավորանքների, ինչպես սերիալում կռվում են երկու հերոսների համախոհները, այսպիսով Բարխուդարով-Ռուբինյան կոնֆլիկտը ներխուժում է իրական կյանք:
Ոմանք Բարխուդարովի դերակատարի` Սամվել Սարգսյանի խաղաոճը նմանեցնում են Ալ Պաչինոյին, և մեծ հակահարված հասցնում ռուբինյանապաշտպաններին: Վիճաբանությունները դեռ մի քանի ամիս էլ կշարունակվեն, քանի մեր էկրաններին ամեն աշխատանքային օր` ինն անց կեսին, կհայտնվեն հարազատ դարձած դեմքերը:

Երեք րոպե ուշացել էի, վազում էի, հեռվից նկատեցի Բորիս Բարխուդարովի դերակատար Սամվել Սարգսյանին. ժամադրվել էի Սունդուկյան թատրոնի այգում: Կանգնած էր մեջքով դեպի ինձ` սպիտակին տվող մազեր, երկնագույն ջինսե վերնաշապիկ, բոլորն իր կողմն են նայում, ինքն էլ տան տիրոջ պես հենվել է պատին ու զայրացած ժամացույցին է նայում: Երբ մոտեցա, քթի տակից ծոր տվեց. «Ուշացել ես», ճիշտ այնպես, ինչպես Բարխուդարովը կզայրանար իր ենթականերից մեկի վրա: Մենակ Սյոմն էր պակաս, որ դուրս ցցվեր մոտակա ծառի հետևից ու հարցերս լուծեր: «Գիտեմ», -պատասխանեցի ժպտալով, ու թեման արագ փոխեցի, -«Ինչքա՞ն ժամանակ է եկել եք Ամերիկայից»:

«Արդեն սկսեցի՞ր», -թեթև ժպտաց: «Չգիտեմ ինչքան ժամանակ ունեք, եթե կես ժամ, ինչպես որ պայմանավորվել ենք, ուրեմն պիտի շտապենք, իսկ եթե ավել, ուրեմն սկզբի համար մի քիչ կոկետություն կանեմ»: «Արա՛», -ասաց: Շփոթվեցի, – «Դէ… ձեզ որպես դերասան շատ եմ սիրում»: «Դաաա~: Գոնե գիտե՞ս` ինչ դերեր եմ խաղացել», – փորձեցի իրար չխառնվել. «Դէ Բարխուդարովի դերն արդեն լավ է ստացվում, ձեզ դուր չի՞ գալիս»: «Գործ ա, անում եմ էլի»:

«Գիտեմ, որ Գյումրիի թատրոնում եք խաղացել երկար տարիներ, լենինականցի ե՞ք»: «Աղջի՛կ ջան, դու հայոց պատմություն չե՞ս կարդացել»: «Սխալ գրքեր եմ կարդացել, ձեր մասին դրանց մեջ չկար»: «Մոտ հինգ տարի աշխատում էի Լենինականի թատրոնում, Հենրիկ Մալյանն ինձ շատ էր սիրում, համոզում էր, որ թողնեի գայի հետ` Երևան: Համարյա համաձայնվել էի: Բայց որ Խորեն Աբրահամյանը եկավ մեր թատրոն, էլ ի~նչ հետ գալ:

Հիշում եմ, ներկայացում էինք խաղում, մեկ էլ տղեքից մեկը վազեց կուլիսներ, թե` լավ խաղացե՛ք, Խորեն Աբրահամյանը դահլիճում ա: Դուրս եկա բեմ, հեռվում մեծ, սպիտակ ինչ-որ բան տեսա` Խորիկն էր: Հետագայում իրան «բատյա» էի ասում, ինքն էլ ինձ` «վարպետ»: Շատ ներկայացումներ խաղացինք միասին, եթե ինքը մասնակցում էր ներկայացմանն, ուրեմն` գլխավոր դերում էր, ես էլ` կողքը, եթե ինքը չէր խաղում, ուրեմն գլխավոր դերն իմն էր: Շատ լուրջ ներկայացումներ ենք խաղացել: Ես չէի սիրում երկնագույն հերոսներ խաղալ, ասենք Ռոմեո` ախմախ դեր, զարմանում եմ` դերասանները ո՞նց են ուզում էդ դերը խաղալ: Ամբողջ էդ պիեսի մեջ երկու հետաքրքիր կերպար կա` Մերկութիո, Տիբալթ»:

«Բարխուդարովն էլ դրական հերոս չի»:
«Էդպե՞ս ես կարծում: Հիշի՛ր Ռուբինյանի արած քայլերը, նայի՛ր իրա ընտանիքին` սիրուհի, կին, բայց չգիտես ինչու Բարխուդարովի անունն ա դուրս եկել:
«Ասում են, որ ձեր Բարխուդարովը Ռոբերտ Քոչարյանին է հիշեցնում»:
«Սերիալի սկզբում գրվում է` «բոլոր համընկնումները պատահականություն են»:

Թատերական ինստիտուտն ավարտած կամ սովորող յուրաքանչյուր ուսանող լսել է «Մաուգլի» մյուզիքլային ներկայացման մասին, որը մի ժամանակ բեմադրել է Խորեն Աբրահամյանը: Ներկայացմանը դերասանները երգել-պարել են, թռել բեմի մի ծայրից մյուսը, ակրոբատիկ հնարքներ արել: Ականատեսները պատմում են, թե ինչպես էր ճկուն Մաուգլին, ձեռքերը օդում պարզած, թռնում բեմով մեկ, իսկ նրա տակ վազում էր գայլերի ոհմակը:

Լեգենդար Մաուգլիի դերակատարը հենց ինքն էր` Սամվել Սարգսյանը: Հիշում է, թե ինչպես էր ոտքը կոտրել այդ ներկայացման հենց պրեմիերայի ժամանակ ու ինչպես չէր զգացել կոտրած ոտքի ցավը, այնքան շատ էր եղել ոգևորվածությունը, իսկ ներկայացումից հետո ոտքն ահավոր ուռել էր: Սամվելը հիշում է` ինչպես է Աբրահամյանը համոզել ջարդած ոտքով ևս մի ներկայացում խաղալ. «Անզգայացրին ոտքս ու գցեցին բեմ, ոգևորվեցի ու մոռացա, որ ջարդած ոտքով եմ, մի քսան րոպե հետո դեղի ազդեցությունն անցավ, սկսեցի տանջվել»:

Երբ փորձում եմ որևէ տարեթիվ ճշտել, Սամվելը ջղայինանում է, ասում, որ թվեր չի հիշում: «Մաուգլիի» բեմադրման տարեթիվն այսպես հիշեց` «ժաժքից առաջ»:
Զինվորների մի մեծ խումբ անցավ մեր մոտով, բոլորը հերթով հիացած բարևեցին դերասանին: Մի փոքրիկ վազելով մոտեցավ ու Սամվելին դիմելով` ասաց. «պապի~կ», «հա՛ բալիկ ջան», – ժպտաց Սամվելը.- Երեխեն դեմքս էնքան ա տեսել հեռուստացույցով, որ պապու տեղն ա դրել»:

Սամվելը «ժաժքից հետո» մոտ ութ տարի աշխատել է Սունդուկյանի անվան մայր թատրոնում: Հիմա նեղացած է թատրոնից: Հարցնում եմ` ինչի՞ եք նեղացած, չե՞ն հրավիրում: «Պա~հ, դրանց էդքան դուխ որտեղի՞ց»: Վաղուց չի եղել թատրոնում, համոզում եմ` ներս մտնենք, համ բուֆետում կսրճենք, համ էլ անցորդների սիրառատ հայացքներից կազատվենք:

Պահակներն ուրախ իրար են խառնվել. «Հը՞, ո՞նց եք ապրում առանց ինձ», -հարցնում է Սամվելը` թփթփացնելով մեկի ուսին. «Ինչի՞ առանց որ, հա~ էլ մեզ հետ ես, ամեն օր էլ նայում ենք տելեվիզորով»: Բուֆետի տիկին Հայկուշը երջանկացավ տեսնելով Սամվելին. «Ես եմ կոֆե դնում, Հայկու՛շ», -ասաց, ձեռքերն իրար շփեց ու տանտիրոջ պես անցավ խոհանոց, ինչպես ամուրի Բարխուդարովը կաներ.«Դիր, դիր, տղա՛ ջան, էդ իրավունքն ունես: Էս ինչ էլ լավ աղջիկ ա, բայց մեր տղեն էլ պակաս չի, աղջի՛կ ջան, աշխարհումը մեր տղի պես տղա ծնած չկա», Սամվելը գլուխը հանեց խոհանոցից. «Հայկու՛շ, հանգստացի լրագրող ա»:

Հեռուստադիտողներ կան, որ այնքան են տարվում սերիալով, որ նույնացնում են դերասանին իր հերոսի հետ, բայց հակառակն էլ է լինում, երբ դերասանն ինքն է իրեն նույնացնում հերոսի հետ. «Երեկ մեր սերիալի դերասաններից մեկը մոտեցել ա ինձ, ասում ա. «Շե՛ֆ ջան, հարյուր հազար ա շտապ պետք, տաս օրով տու՛ր, կբերեմ», – ասում եմ, տղա՛ ջան, ես Բարխուդարովը չեմ, ես Սարգսյանն եմ, հինգ հազար ուզի, պարտքով կտամ»:

Սամվելին անհանգստացնում են հայկական սերիալների բովանդակությունն ու սպանությունների, ոճիրների քանակը.«Եթե ինչ-որ հայերեն հասկացող այլազգի մեկը նստի ու նայի մեր սերիալները, ընենց տպավորություն կստանա, որ հայ ազգի կեսն օլիգարխ ա, մյուս կեսն էլ իրանց ծառան: Վերջերս մի սերիալ տեսա, ընդհանրապես սարսափեցի, երեխեքին գաղութի օրենքներ էին սովորեցնում»:
Ամերիկայում մշտական բնակության իրավունք ունեցող Սամվելն ասում է, որ ոչ մի տեղ ինքն իրեն այնքան լավ չի զգում, որքան Հայաստանում:

«Բայց Ամերիկայում մարդիկ ապահով են, հատկապես ծերերը», -ասում եմ:
«Նկատի ունես ծերերի մանկապարտեզնե՞րը: Եղել եմ էդպիսի տեղ, ի՞նչ կա, տխուր ժպիտով մարդիկ, քեզ թվում ա` լավ տեղ է՞»:
«Իսկ Հայաստանում ծերանոցում եղե՞լ եք»:
«Հայաստանի ծերանոցներից մեկում նկարահանվել եմ: Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» ֆիլմի տեսարաններից մեկն այնտեղ ենք նկարել, ահավոր տեղ էր` անտեր պառավներին տեսա, լացս եկավ, դուրս եկա, լացեցի, նորից ներս մտա»:

Բացի «Մարիամից»` Սամվելը նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում` Մհեր Մկրտչյանի ու Գալյա Նովենցի հերոսների ավագ որդու դերում: Ֆիլմը դիտելիս Սամվելը զայրանում է` ձայնն իրենը չի, ռեժիսորի որոշումն է այդպիսին եղել:

Ասում եմ, որ շատ համեղ սուրճ է պատրաստել, Սամվելը պատասխանում է. «Ինձ մոտ ամեն ինչ էլ լավ ա ստացնում, ամեն ինչ ձեռքիցս գալիս ա, Լենինականի տանս մեջ ամեն ինչ իմ ձեռքով էի սարքել, իմ ճաշակով»: «Այդ տունը կա՞»: «Իհարկե չկա: Տունը հեչ, կինս ու երեխես էլ երկրաշարժի ժամանակ տանն էին…»: «Քանի՞ տարեկան էր երեխան»: «Յոթ: Պիտի տանը չլինեին, տղաս կարմրուկով էր հիվանդացել, դպրոց չէր գնացել, մայրն էլ գործի չէր գնացել, խնամում էր… ճակատագիր ա ինչ ա, ինչ որ ա` վատ ա»: Մտքումս լացեցի, բայց բարձրաձայն ասել ոչինչ չկարողացա, ես էլ հենց յոթ տարեկան երեխա ունեմ: Սամվելը կոտրեց լռությունը. «Երկրորդ ամուսնությունս էր, առաջին ամուսնությունից էլ մի տղա ունեմ, արդեն երեսուներեք տարեկան` հայկական բանակի կադրովի օֆիցեր, մի հատ էլ շատ լավ թոռ ունեմ, երեք տարեկան է»:

117

Սպիտակին տվող մազեր, երկնագույն ջինսե վերնաշապիկ. բոլորն իր կողմն են նայում, ինքն էլ տան տիրոջ պես հենվել է պատին:

Առաջարկեց շրջել թատրոնում, երբ մտանք բեմ, հոտ քաշեց, շրջվեց դեպի ինձ ու ծիծաղեց. «Բեմի հոտ: Երեք տոնածառային ներկայացում եմ բեմադրել էս բեմում, մոտ քառասուն դերասան զբաղված էին ներկայացման մեջ»: Դժվար չէ՞ր այդքան շատ դերասանների հետ գործ բռնելը: Սամվելն ասաց, որ ինքը շատ խիստ ու ջղային մարդ է. «Բարխուդարովը ո՞վ ա իմ մոտ»:

Բնավորությամբ իշխող է` իր կերտած կերպարի պես, սակայն ի տարբերություն Բարխուդարովի` Սարգսյանը շատ շարժուն է, չի սիրում երկար նստել մի տեղում, ասում է, որ հաճախ զայրանում է սերիալի ռեժիսորի թելադրած ստատիկ միզանսցեններից:
Սունդուկյան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը Սամվելին համարել է թատրոնի առաջին դերասանը, սակայն ինքը հաճախ դժգոհ է եղել իրեն բաժին հասած դերերից. «Ով հիվանդանում էր, Սամվել` հասի: Թատրոնի չգրված օրենքն ա, հենց դերը չի ստացվում, չեն ասում` չի կարողանում խաղալ, ասում են` հիվանդացավ, ու կանչում էին ինձ ներմուծվելու»:

Քայլեցինք դեպի սրահ, այնտեղ ուր պատի երկայնքով կախված են դերասանների լուսանկարները. «Իմը հանել են», -ասաց: Հետո թատրոնի բազմաթիվ գրիմանոցների մեջ գտանք իր նախկին գրիմանոցի դուռը, ձեռքը հենեց դռանը, շոշափեց ու ասաց` դուռն էլ են փոխել: Պատմեց, թե ինչքան հարմար ու գեղեցիկ էր կահավորել իր գրիմանոցը` դերասանները նախանձում էին: Ժամանակի զգացումը երկուսս էլ կորցրել էինք, երբ գլխի ընկանք, որ ուշ է, շտապել է պետք, արագ քայլեցինք դեպի ելք:

Երբ ձեռքս թողեց ու հեռացավ, ես ինձ զգացի «Կյանքի գինը» սերիալի Լիլիթի վիճակում` մինչև ականջներս սիրահարված հայրիկիս տարիքի մարդուն` անսահման հնայիչ, այրվող աչքերով, առնական ձեռքերով: Հուսով եմ` «Անկախ»-ի այս համարն ամուսնուս ձեռքը չի ընկնի:

54-ամյա Սամվել Սարգսյանը ծնվել է Երևանում, 1961-71սովորել է Գայի անվան համար 129 դպրոցում, ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական պետական ինստիտուտը, 80-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, 90-ականներին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 3 տարի բնակվել է ԱՄՆ-ում, ունի տղա և թոռ:

dav_0416

Picture 1 of 10

Դիտվել է 15850 անգամ:
Print Friendly

Leave a Reply