Հայաստանում դիֆտերիայի վտանգ չկա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2011 13:06

Հայաստանի Հանրապետության 26, 36, 46 ու 56 տարեկան քաղաքացիները պոլիկլինիկայում կարող են անվճար պատվաստվել դիֆտերիայի ու փայտացման դեմ: Նման բովանդակության հաղորդագրություն է այսօր տարածել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս պատվաստումներն ազգային օրացույցի համաձայն են կատարվում. յուրաքանչյուր 10 տարին մեկ նախատեսված է քաղաքացիների պատվաստում նշված հիվանդությունների դեմ:

«Հաղորդագրությունների ձեւով մենք պարզապես փորձում ենք մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել կամ իրազեկել իրենց իրավունքների մասին»,- նշեց Գ. Սահակյանը` տեղեկացնելով, որ Հայաստանում դիֆտերիայի վտանգ չկա, 2000 թվականից դիֆտերիայի դեպքեր չեն եղել, փայտացման դեպքերն էլ եզակի են: Ի դեպ, փայտացման դեպքերը գրանցվել են հիմնականում մեծահասակների մոտ: Նշված տարիքային խմբերում գտնվողները կարող են օգտվել անվճար պատվաստվելու հնարավորությունից ողջ տարվա ընթացքում` քանի դեռ այդ տարիքում են:

Գ. Սահակյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի իրազեկման այս մեթոդը կիրառվեց առաջին անգամ, եւ գրանցվեց նկատելի ակտիվություն`մոտ երեսուն տոկոսի չափով, սակայն, միայն մի քանի ամսվա ընթացքում, որից հետո դարձյալ նույն պասիվությունն էր: Մասնագետը նշում է, որ այս պատվաստումն անհրաժեշտ է, թեկուզ պրոֆիլակտիկ նպատակներով, որպեսզի խուսափեն ծանր դեպքերից: Պատվաստումները պետք է կատարվեն այն պոլիկլինիկաներում, որտեղ իրենք հաշվառված են:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply