Գիտնականները պահանջում են վերջ դնել «ճակատագրի հեգնանքին» և ավելացնել գիտության ֆինանսավորումը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | մայիսի 1, 2011 8:59

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում». երկու շաբաթ է` քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել, որը պայքարում է Հայաստանում գիտության կարգավիճակի բարձրացման համար:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների` գիտության ոլորտում Հայաստանն արդեն 10 տարի առաջատար է Կենտրոնական և Արևմտյան Ասիայում` զիջելով միայն Իսրայելին:  Հայաստանցի շուրջ 4 հազար գիտնականները տարեկան աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակում են 500-ից ավելի հոդվածներ: Այս թվով  Հայաստանն աշխարհում 70-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջին հորիզոնականներում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և այլն:

Քաղաքացիական նախաձեռնության անդամներից ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, անդրադառնալով ՀՀ գիտական ցուցանիշներին, նշում է, որ Հայաստանն  իրականում առաջատար է աշխարհում, քանի որ այդ գիտական արտադրանքի մոտ 90%-ն ապահովում են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի և բնագիտական մյուս ոլորտների ներկայացուցիչները (որից 54,9%-ը` ֆիզիկոսները): Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Գերմանիային, Անգլիային, ԱՄՆ-ին 1,5 անգամ:

«Ոլորտում մնացել են բացառիկ որակյալները, որոնք կարողացել են գտնել միջազգային համագործակցություն»,- ասում է Իշխանյանը:

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: Հայաստանում գիտնականները, սակայն, գնալով պակասում են: Այսպես, եթե 2002-ին Հայաստանում եղել է 4927 գիտնական, ապա 2008-ին` 4114. վեց  տարվա ընթացքում գիտնականների թիվը նվազել է 813-ով:

Հայաստանում տնտեսական երկնիշ աճ արձանագրած տարիներին գիտությանը հատկացվող ֆինանսավորումը գրեթե նույնն է եղել, իսկ  2009-ին հատկացվել է 9 մլրդ դրամ, 2010-ին` 8 մլրդ դրամ: Այս հատկացումը կազմում է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 1%-ը, սակայն ողջ աշխարհում  գիտության ֆինանսավորումը գնահատվում է ՀՆԱ-ի տոկոսով:  Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0,2%-ը, հարևան Վրաստանում և Ադրբեջանում` 0,5%:  Քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են, որ գիտության ֆինանսավորումը կազմի ՀՆԱ-ի 2%-ը:

«ՀՀ ՀՆԱ-ն աճում է, իսկ ֆինանսավորման ծավալը մնում է նույնը, հետևաբար վերջին 10 տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը կայուն նվազել է»,- ասում են նախաձեռնող խմբի անդամները:

Եթե համաշխարհային չափանիշների համաձայն` մեկ գիտնականին հատկացվող ծախսերը կազմում են 120-130 հազար եվրո, ապա Հայաստանում` 3 հազար եվրո:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախաձեռնող խումբը էջ է ստեղծել, որտեղ մասնակիցները քննարկում են գիտության խնդիրները և լուծումներ առաջարկում: «Արևմտյան փորձագետների կարծիքով` ՀՆԱ-ի նկատմամբ գիտահետազոտական ծախսերի մակարդակը 3%-ից չպետք է ցածր լինի` անկախ դրանց արդյունավետության մասին պատկերացումներից: Դրա` որպես երկրի տնտեսական անվտանգության  ցուցանիշներից մեկի շեմային նշանակությունը համարվում է 2%-ը: 1998-2003 թթ. գիտության վրա ընդհանուր ծախսերը կազմել են` ԱՄՆ-ինը` 2.74%, Ճապոնիայինը` 3.31%, Գերմանիայինը` 2.54%, Ֆրանսիայինը` 2.2%, Ֆինլանդիայինը` 3.49%, Շվեդիայինը` 3.98%: Մեր երկրում գիտության ֆինանսավորումը ոչ միայն չի կարող համեմատվել այս ցուցանիշների հետ, այլև անվտանգության շեմից ուղիղ 10 անգամ ցածր է»,- գրում է տնտեսագետ Նարեկ Ղուկասյանը:

Կենսաֆիզիկոս Տիգրան Հարությունյանն էլ նշում է, որ զարգացած գիտությունը զարգացած պետության և հասարակության գլխավոր երաշխիքն է. «Մենք ապրում ենք XXI դարում, երբ առաջ են գնում և զարգանում միայն գիտատար և մրցունակ տնտեսությամբ երկրները: Մնացածը կա՛մ սպասարկում են առաջինների շահերը, կա՛մ դառնում են նրանց աղբանոցը»:

Նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ 2008-ից սպասել են, որ իշխանություններն իրականություն դարձնեն  նախագահի նախընտրական ծրագրի` գիտությանը վերաբերող դրույթները: Նրանք նշում են, որ նախ` ժամանակ են տվել իշխանություններին, որպեսզի իրենց ծրագրերն իրականացնելու հնարավորություն ունենան, ապա տնտեսական ճգնաժամի հետևանքները հաշվի առնելով` չեն բողոքել գիտության իրավիճակի համար: «Արդեն երրորդ տարին է, սակայն ունենք 0% փոփոխություն»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում նշվում է, որ «XXI դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարները և հայտնագործություններն են և դրանք, մյուսներից արագ, առօրյա կյանք ներդնելու ունակությունը: Ելնելով այս հրամայականից` պետության գործառույթները զգալիորեն փոխվում են: «XXI դարում ունենալ կրթության ցածր մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»: Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբելու համայն հայության գիտական և մտավոր ներուժը»:

Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի նախաձեռնող խմբի անդամները որոշել են պայքարել մինչև իրենց նպատակներին հասնեն, այն է` գիտության ֆինանսավորման ավելացում:

Գիտնականները ճակատագրի հեգնանք են համարում այն իրավիճակը, երբ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենը տարեկան ստանում է մոտ 200 հազար դոլար աշխատավարձ, որի ուղիղ կեսը` պետբյուջեից, այն դեպքում, երբ երկրի մրցունակությունն ապահովող 500-ից ավելի ֆիզիկոսներն, օրինակ, վերջերս անցկացված թեմատիկ ֆինանսավորման մրցույթով ստացել են մոտ 150 հազար դոլար ողջ տարվա համար: «Էլ ինչ գիտելիքահենք տնտեսության մասին խոսք կարող է լինել նման պայմաններում»,- հարց են բարձրացնում նրանք:

Գիտության ոլորտի ներկայացուցիչներն արձանագրում են, որ տարրական գոյատևելու խնդիր կա, ու երիտասարդ գիտնականը չի կարող չլքել գիտությունը կամ երկիրը:

Նախաձեռնող խմբի անդամները ոչ միայն ֆինանսավորման ավելացում են պահանջում, այլև մշակել են 10 ծրագիր, որոնք հանրային քննարկման դնելուց հետո հերթով կուղարկեն կառավարությանը: Այդ ծրագրերն ընդունելու դեպքում գիտության ֆինանսավորման հարցը առավել արդյունավետ կլուծվի, կընդգրկվեն գիտության բոլոր ոլորտները և բոլոր գիտնականները:

Ծրագրերից մեկը, օրինակ, առաջարկում է 1000 դոլարի չափով հոնորարներ տալ աշխարհի առաջատար հեղինակավոր գիտական ամսագրերում գիտական աշխատություններ տպագրած գիտնականներին: Ծրագիրը ռիսկեր չի պարունակում, քանի որ հեղինակավոր գիտական հրատարակությունների ցանկը և դրանցում տպագրված հեղինակների անունները հրապարակային են ու հասանելի: Ծրագիրը նախատեսում է, որ գիտնականներին հոնորարներ պետք է տա Ազգային մրցունակության հիմնադրամը, քանի որ այդ գիտնականներն իրենց աշխատություններով ապահովում են ՀՀ մրցունակությունը միջազգային ասպարեզում:

Մեկ այլ ծրագրով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել ապագա գիտնականների մասնագիտական աճի համար: Ըստ այդմ` առաջարկվում է յուրաքանչյուր ասպիրանտին միանվագ հատկացնել հազար դոլար գումար, որը նա պետք է ծախսի միայն մասնագիտական աճի համար պայմաններ ստեղծելով: Ասպիրանտը մեկ տարի անց հաշվետվություն պետք է ներկայացնի, որում հստակ կերևա, թե ինչպես է նա ծախսել այդ գումարը: Ծրագիրը նախատեսում է, որ ֆինանսավորումը պետք է հատկացնի կառավարությունը, որն էլ ամեն տարի կոնկրետ թվով ասպիրանտական տեղեր է հատկացնում` հաշվի առնելով, թե որ ոլորտների գիտաշխատողների կարիք ունի:

Դիտվել է 4445 անգամ:

Leave a Reply