«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Շեն գյուղում կառուցում է համայնքային կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2011 11:48

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում համայնքային կենտրոն է կառուցում: Ծրագիրն իրականացվում է երկկողմ ֆինանսավորմամբ` լիբանանահայ համայնք, Հայաստանի եւ Արցախի նվիրատուներ:

Երկհարկանի կառույցն ունի 195 քմ տարածք: Ներկայումս կանգնեցվում են երկրորդ հարկի սյուները:

Նորակառույցում կկենտրոնացվի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, հանդիսությունների դահլիճը: Նախատեսված է նաեւ արհեստների ու ձեռքի աշխատանքի սենյակ:

«Այսպիսի կենտրոններ Հիմնադրամը կառուցել է նաեւ այլ համայնքներում: Նման լուծումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրներին, այլեւ ապահովում այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ներկայումս գյուղապետարանը գործում է հեռախոսակայանի, բուժկետը`  հիվանդանոցի խարխուլ շենքում: Գրադարանն էլ ժամանակավոր հանգրվանել է դպրոցի մեկ սենյակում: Իսկ հանդիսությունների սրահ գյուղը երբեւէ չի ունեցել:

«Գյուղում երիտասարդներ քիչ կան, իսկ խնդիրներ` որքան ասես,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց համայնքի ղեկավար Միքայել Օսիպյանը,- համայնքային կենտրոնը կաշխուժացնի գյուղի կյանքը եւ հուսով եմ` երիտասարդներին կպահի գյուղում: Մեր ուժերով էլ փորձում ենք լուծել խմելու ջրի հարցը, գուցե այս կերպ հաջողվի գյուղը փրկել դատարկվելուց»:

Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է: Այստեղ ապրում է 119 մարդ` մեծամասնությունը տարեցներ: Մեղվապահությունը, հողագործությունը, անասնապահությունը բնակիչների ապրուստի հիմնական աղբյուրն են: Գյուղը հայտնի է 17-րդ դարում կառուցված Սբ. Պանտելեոն վանքով, որն իր անունը ստացել է ի պատիվ այն գյուղական բժշկի, ով բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply