Արթուր Աբրահամ. «Չեմ սիրում պարտվել, անգամ նարդի խաղալիս»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 17, 2009 18:07

arm_0118-copy– Մահիր Օրալի հետ անցկացրած վերջին հանդիպման ժամանակ այն տպավորությունն էր գերիշխողը, որ մրցակցիդ կարող ես հաղթել ավելի շուտ, սակայն դա չես անում:
– Այդ մրցամարտն ինձ համար յուրահատուկ էր, քանի որ հակառակորդս ազգությամբ թուրք էր: Ես միշտ մրցակցիս տապալում եմ, եթե այդ հնարավորությունն ունենում եմ: Բայց նա շատ պինդ տղա էր և չէր ուզում զիջել: Օրալին մի քանի անգամ ես նոկդաունի ենթարկեցի: Իմ հարվածներից հետո նա ընկնում էր, սակայն ոտքի էր կանգնում: Անգամ, երբ ի նշան պարտության նրա մարզիչը սրբիչը նետել էր ռինգի հատակին, Մահիրը դարձյալ ցանկանում էր շարունակել պայքարը: Այդ ժամանակ էլ նրան ցույց տվեցի իր մարզչին: Նա արդեն որոշել էր, որ իր սանի համար իմաստ չունի այլևս հանդիպումը շարունակելը:

– Բայց դու ինչո՞ւ էիր խառնվում այդ ամենին:
– Ես մրցակցիս մարզչին, նաև պրոմոութերին լավ եմ ճանաչում: Ի դեպ, Օրալի հետ 6 տարի առաջ միասին ենք պարապել: Բոլորի հետ էլ լավ հարաբերություններ եմ պահպանում: Կարիք չկար, որ մրցակցիս առողջությանը վնաս հասցնեի: Դա իմ կողմից հարգանքի նշան էր:

– Ինչո՞ւ ես փոխել քաշային կարգդ, որում քեզ անպարտելի ես զգում:
– Այո, 72, 5 կգ քաշային կարգից տեղափոխվել եմ 76, 2 կգ քաշային կարգ: Ես ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ ամեն մրցամարտից առաջ ստիպված էի 8-10 կգ քաշ «գցել»: Բացի այդ, առաջիկայում առաջին անգամ սուպերմրցաշար է անցկացվելու շրջանաձև մրցակարգով, որին մասնակցելու են վերջին քաշային կարգի աշխարհի ներկայիս և նախկին 6 չեմպիոններ: Այդ մրցաշարը կսկսվի 2009-ին և կավարտվի 2011-ին: Դրանից հետո կպարզվի, թե ով է իսկական չեմպիոնը: Բռնցքամարտի պատմության ընթացքում այդպիսի մրցամարտ չի կայացել, որ այդքան շատ պրոֆեսիոնալներ պայքարեն մեկ գոտու համար:

Ինձ համար դժվար կլինի, քանի որ մրցակիցներս տիտղոսակիր են և ավելի ծանր քաշային կարգում հանդես գալու փորձ ունեն: Նոյեմբերի 7-ին Գերմանիայում մրցելու եմ Ջերմեն Թեյլորի, ապա ԱՄՆ-ում հանդիպելու եմ Անդրե Դիլերի, հետո էլ` Կարլ Ֆրոխի հետ: Վերջին մրցամարտը կանցկացվի Գերմանիայում կամ ԱՄՆ-ում:

– Արժե՞ր դրա համար հրաժարվել IBF վարկածով չեմպիոնի գոտուց: Հայտնի է, որ այն արդեն ետ ես հանձնել: Կարո՞ղ էիր գոտին պահել:
– Դա իմ ցանկությունն էր, կարող էի այն ինձ մոտ պահել: Սակայն ես անպարտելի մնացի: Միջին քաշային կարգում 30 հանդիպում եմ անցկացրել և բոլորում էլ հաղթել եմ: Այլևս ինձ համար հետաքրքիր չէր, քանի որ Քելի Պավլիկի և Ֆելիքս Շտուրմի նման ուժեղ բռնցքամարտիկները հրաժարվում էին մրցել ինձ հետ, և իմաստ չուներ մնալ այդ քաշային կարգում: Իսկ գոտին հանձնեցի, որ չեմպիոնի կոչման համար հանդիպում անցկացնեն այդ քաշային կարգի առաջին երկու համարները:

– Ի՞նչ ես կարծում, թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ինչո՞ւ պարտվեց գանացի Ժոզեֆ Ագբեկոյին:
– Վստահ էի, որ Վախթանգը կհաղթի: Հանդիպումից առաջ զանգահարել, հեռախոսով խոսել էի նրա հետ: Բայց բռնցքամարտում ամեն բան պատահում է: Այդ օրը Վախթանգի օրը չէր: Դա անսպասելի էր, և վստահ եմ, որ Դարչինյանը դեռ ցույց կտա այդ տղային, թե ով է իրենցից ուժեղը:

– Երբ շարունակ բռնցքամարտում հաղթում ես, հոգեբանորեն դժվա՞ր է պարտության հետ համակերպվելը:
– Մարդուց է կախված: Ինքս սովոր չեմ անգամ նարդի խաղալիս պարտվել, ծանր եմ տանում: Սակայն պետք է կարողանալ ուժ գտնել հաղթահարելու: Չկա մարդ, որն անպարտելի լինի:

– Հնարավո՞ր է, որ հետևես Դարչինյանի օրինակին և Հայաստանի դրոշի ներքո մրցելույթներ ունենաս:
– Ես պայմանագիր ունեմ գերմանական «Զաուրլանդ Էվենթ» կազմակերպության հետ: Ինձ աջակցել են մինչև աշխարհի չեմպիոն դառնալս: Ամեն բան արվել է, որ կարողանամ այս բարձունքին հասնեմ: Եվ այժմ հնարավոր չէ այդ ամենը մոռանալ, նաև պայմանագիրն անտեսել, խնդիրներ կծագեն: Փաստաթուղթն ուժի մեջ է մինչև 2011-ը:
-Մտածե՞լ ես այն մասին, թե ի՞նչ ես անելու, երբ ռինգը թողնես, ձեռնոցները կախես մեխին:

– Կզբաղվեմ անշարժ գույքի և ինքնաթիռների բիզնեսով:
– Իսկ ի՞նչ կարծիքի ես կանանց բռնցքամարտի մասին:
– Նույնն է, եթե կանանց ֆուտբոլը համեմատենք տղամարդկանց ֆուտբոլի հետ: Կանայք ավելի դանդաղաշարժ են, ուրիշ տեխնիկայով են մրցում: Համենայն դեպս, ես չէի ցանկանա, որ իմ կինը կապտած աչքով տուն գար:

– Ճանաչո՞ւմ ես Սյուզի Քենտիկյանին:
– Իհարկե, մենք հաղթանակներից հետո միշտ իրար շնորհավորում ենք: Իսկ ընդհանրապես ես դեմ չեմ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նույնպես բռնցքամարտով զբաղվեն:

Դիտվել է 2091 անգամ:
Print Friendly

Leave a Reply