Քաղաքապետարանն արտոնեց ՀԱԿ–ի հանրահավաքն Ազատության հրապարակում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 0:08
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը Ազատության հրապարակում։
Այդ մասին ասված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրվածհաղորդագրությունում:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետարանի որոշումը գնահատեց որպես ընդդիմության երկրորդ պահանջի բավարարում։
«Մենք երեք պահանջ էինք ներկայացրել, այսպես ասած՝ մինիմալ փաթեթ, որի կատարման դեպքում ապրիլի 28-ը կարող է դառնալ երկխոսության սկզբնավորման օր, կամ, եթե չի կատարվում, վերջնական ջրբաժանի օր, ինչպես Տեր–Պետրոսյանը նշել էր», – ասաց Զուրաբյանը։ – «Այդ երեք պահանջներից մեկը մի քանի օր առաջ էր կատարվել. դա պաշտոնական հավաստիացումն էր մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտման պատրաստակամության մասին, երկրորդն էլ Ազատության հրապարակում հանրահավաքների համար արտոնված կարգավիճակ ստանալու պահանջն էր»։
2008 թվականի մարտի 1-2-ի՝ 10-ը մարդկային կյանքեր խլած իրադարձություններից հետո առաջին անգամ քաղաքապետարանը արտոնում է ընդդիմության հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում։
Ազատության հրապարակը շրջապատած ոստիկանության ուժերի հետ բանակցությունների արդյունքում Հայ ազգային կոնգրեսը մարտի 17-ին եւ ապրիլի 8-ին այստեղ հանրահավաքներ անցկացրեց՝ չնայած քաղաքապետարանը դրանք չէր արտոնել։
Ընդդիմության ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ–ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե մինչեւ հաջորդ հանրահավաքը` ապրիլի 28-ը, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց ներկայացրած երեք նվազագույն պահանջները` «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը»:
Անցած շաբաթ դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ակնկալում է «նոր թափ» 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում, ինչը ՀԱԿ–ի կողմից գնահատվել էր որպես իրենց առաջին պահանջի բավարարում։
ՀԱԿ–ի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր նշեց, որ իրենց համար էլ անցանկալի էր՝ ամեն անգամ ոստիկանության վրա ճնշում գործադրելով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հնարավորություն ստանալը։
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է հնարավորություն ունենան հանրահավաք անցկացնելու Ազատության հրապարակում», – հավելեց Զուրաբյանը։
azatutyun.am






Facebook
Tweet This
Email This Post
