Կարեն Անդրեասյանը կրկնակի լավ է զգում իրեն զրպարտության ապաքրեականացման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 26, 2011 15:58

Աշխատանքային 50 օրը լրանալուց հետո, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպեց լրագրողների հետ:

Մարտի 2-ին ԱԺ ձայների 83 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ նա ընտրվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան: Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել է իշխանական կոալիցիան Հանրապետական կուսակցության առաջարկությամբ:

Ասուլիսում  Կարեն Անդրեասյանը ներկայացրեց այն պետական կառույցները, որոնցից նա քաղաքացուն կարող է պաշտպանել, եթե մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում: Դրանք են. կառավարությանն առընթեր պետական կադաստրը, ԴԱՀԿ-ն, ոստիկանությունը, դատախազությունը,  զինված ուժերը, քրեակատարողական հիմնարկները, աշխատանքի պետական տեսչությունը, քաղաքացիական ակտերի կացության գրանցման գործակալությունը, պետեկամուտների կոմիտեն, սոցապ ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինները՝ մարզպետարաններ,  թաղապետարաններ, գյուղապետարաններ: «Այս ցանկը սպառիչ չէ, բայց դրանք ներկայացնում են այն հիմնական ուղղությունները,  որոնց դեպքում պաշտպանի գրասենյակը պատրաստ է օգնել և աջակցել մարդկանց»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ֆիզիկական անձին պաշտպանել մեկ այլ ֆիզիկական անձից:  Լրագրողների հնչեցրած հարցին, թե կարո՞ղ է արդյոք օմբուդսմանը լրագրողին պաշտպանել պատգամավորի ոտնձգություններից, նա պատասխանեց. «Ես այդպիսի օրենսդրական լիազորություններ չունեմ, պատգամավորը պետական մարմին չէ, այդ հարցով պետք է զբաղվեն դատարանները, բայց եթե լրագրողը դժգոհություն ունենա դատարանի անգործությունից, կարող է դիմել պաշտպանի գրասենյակին»:

Անդրեասյանը խնդրեց լրատվամիջոցներին լուսաբանել և տարածել պաշտպանի գրասենյակի գործունեությունը. «Բայց եթե չեք ցանկանում օգնել, խնդրում եմ, մի խանգարեք»:

Հնչած հարցին, թե կոնկրետ ինչ դեպքեր են եղել, երբ լրատվամիջոցը խանգարել է պաշտպանի գործունեությանը, Անդրեասյանն ասաց, որ նման դեպք չի եղել. «Ես հանրային գործիչ եմ և բնական եմ համարում իմ անձի նկատմամբ մամուլում հնչած գնահատականները, սակայն  մի քննադատեք պաշտպանի գրասենյակը, քանի որ դա թուլացնում է օմբուդսմանի ինստիտուտը»:

Կարեն Անդրեասյանը զրպարտության ապաքրեականացման և դրա համար ֆինանսական տույժ սահմանելու մասին  օրենսդրական նախաձեռնության հեղինակն է:

Նախկինում զրպարտությունը կարգավորվում էր քրեական օրենսգրքով, որի համաձայն` զրպարտող անձը կարող էր ազատազրկվել մեկ տարի: Այն սահմանում էր տուգանք 100 հազարից մինչև 500 հազար դրամի չափով: Անդրեասյանի առաջարկած նախաձեռնությանը լրատվամիջոցները դեմ էին: Սակայն ԵԽ առջև ստանձնած պարտավորությունների շրջանակում վիրավորանքի և զրպարտության հոդվածները ապաքրեականացվեցին:  2010 թ. մայիսի 18-ից զրպարտությունը կանոնակարգվում է քաղաքացիական օրենսգրքով, որի համար սահմանվել է առավելագույնը 2 մլն դրամ տուգանք: Այս փոփոխություններից հետո մի շարք դատական հայցեր ներկայացվեցին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների դեմ («Ժամանակ», «Հրապարակ» և այլն):

Կարեն Անդրեասյանը,  պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մեղավոր չի՞ զգում վատ բան անելու համար, ասաց, որ վատ կամ մեղավոր են զգում վատ բան անելու համար. «Բայց ես ինձ  կրկնակի լավ եմ զգում, քանի որ, նախ, ապաքրեականացվել է զրպարտության մասին հոդվածը, ու նաև մարդու արժանապատվության պաշտպանության մեխանիզմ է դրվել»:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև օրերս ՀԱԿ-ի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ լինելու մասին իր առաջարկին. «Հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն ու առողջ համագործակցություն, ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու առաջարկությամբ»:

Օմբուդսմանի առաջարկը բացասական արձագանքներ է ունեցել և՛ կոալիցիայից, և՛ ՀԱԿ-ից:  ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, արձագանքելով նրա առաջարկին, ասել է, որ միջնորդ լինելը պաշտպանի գործառույթների շրջանակներից դուրս է: Կարեն Անդրեասյանը խորհուրդ տվեց օրենքներ կարդալ: «Ես, որպես իրավաբան, ունեմ այդ լիազորությունը,- ասաց նա,- հենց միայն մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով դա ինձ վերապահված է»:

Անդրեասյանը պատրաստվում է  պաշտոնապես նամակով դիմել ՀԱԿ-ին և  ԱԺ խորհրդարանական կոալիցիայի անդամներին: «Նամակով կդիմեմ ու կներկայացնեմ իմ առաջարկները,- ասաց նա,- պետք է սկսել փոքրից, գտնել կողմերի ներկայացուցիչներին ու երկխոսությանն ուղղված քայլ անել: Նրանք կընդունեն ինձ` որպես միջնորդի, ոչ թե որպես անձի, այլ որպես ինստիտուտի»:

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply