Փորձագետն առաջարկում է հարկերից ազատել կոոպերացիաներում ընդգրկված գյուղացիներին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2011 15:35

Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում գյուղացիական տնտեսությունների թիվը կրճատվել է 8 հազարով` 348 հազարից հասնելով  340 հազարի: Անկախ տնտեսագետ-փորձագետ Արսեն Պետրոսյանն ասում է, որ գյուղացիական տնտեսությունների կրճատման պատճառը դրանց սնանկացումն է:

«Ագրարային խնդիրների քննարկման և լուծման գործուն մեթոդներ չկան, այդ իսկ պատճառով էլ կառավարության բոլոր նախաձեռնություններն ունեն զրո արդյունք»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ բացակայում է կառավարություն-գյուղացի շփման օղակը:

Նրա խոսքով` գյուղացու կարգավիճակը հստակոցնող օրենսդրական բազա չկա, սակայն կա խնդիր, որը լուծման կարիք ունի. գյուղացին և արտադրանքը գնող առևտրականները պետք է հավասար պայմաններում շփման հնարավորություն ունենան, ոչ թե ներկայիս պես գյուղացուն նվազագույն գին պարտադրվի:

Պետրոսյանը նշում է, որ ողջ քաղաքակիրթ աշխարհում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության համար նախապատվությունը տալիս են կոոպերացիաներին. այն բարձրացնում է գյուղացու կարգավիճակը, հնարավորություն է տալիս համախմբման միջոցով արտահայտել և պաշտպանել գյուղացու շահերը, տնտեսապես  բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Սակայն, ըստ Պետրոսյանի, Հայաստանում  կոոպերացիաների գաղափարը վարկաբեկված է` մարդիկ այն շփոթում են կոլխոզի հետ:

Անդրադառնալով գյուղում տիրող տենդենցներին` Պետրոսյանն ասում է, որ գյուղացին կորցրել է վստահությունը ամեն ինչի հանդեպ և ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելով` նախընտրում է վաճառել հողը և թեկուզ կարճ ժամանակով լուծել իր խնդիրները, քան թե ընդգրկվել կոոպերացիայում, որի հեռանկարներն իրեն հայտնի չեն:

Պետրոսյանը նշում է, որ մեկ գյուղացիական տնտեսությունը տարեկան լավ բնակլիմայական պայմանների դեպքում ունենում է 300-400 հազար դրամ եկամուտ ողջ տարվա համար /1,4 հա հողատարածքի և 0,5 հա այգու առկայության դեպքում/: Նման գումարով, օրինակ, 3 շունչ ունեցող ընտանիքի ամեն անդամին ամսական բաժին կընկնի 8 հազար դրամ:

Իսկ կոոպերացիաներ կազմելու դեպքում ընդհանուր ծախսերը կնվազեն և հնարավոր կլինի ավելի շատ եկամուտ սատանալ: Սակայն Պետրոսյանը նշում է, որ կոոպերացիայում միավորված գյուղացիները, որոնք աղքատության եզրին են հասած, խնդիր չեն կարող լուծել առանց պետական աջակցության: Որպես աջակցության տարբերակ փորձագետն առաջարկում է 3 տարով կոոպերացիայում ընդգրկված գյուղացիներին ազատել բոլոր տեսակի հարկերից` հավելելով, որ նման պրակտիկա է կիրառվում նաև Իտալիայում, իսկ Գերմանիայում էլ գյուղացիներին ազատում են շահութահարկից:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply