Արցախում գործում են հանդբոլի 18 խմբեր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 13:40
Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տանը կայացած ԼՂՀ հանդբոլի ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովում ամփոփվեցին 2009-10-ի արդյունքները, անցկացվեցին ֆեդերացիայի նախագահի և նախագահության նոր կազմի ընտրություններ: ԼՂՀ կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ֆեդերացիայի անդամներին ասաց, որ մարզաձևը ժամանակին Արցախում մեծ մասսայականություն է վայելել, սակայն արցախյան պատերազմից հետո, ինչպես մյուս մարզաձևերը, հանդբոլը ևս անուշադրության է մատնվել: Եվ 2009-ին, մարզաձեւի զարգացման, նախկին ավանդույթները վերականգնելու համար, Սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ Արցախում ստեղծվել էր հանդբոլի ֆեդերացիա, որի նախագահ էր ընտրվել Արցախի հանդբոլի հավաքականի նախկին անդամ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը (նկարում): Իր հերթին, շնորհակալություն հայտնելով Սպորտի պետական կոմիտեի նախագահին ցուցաբերվող մշտական աջակցության համար, Ս. Գրիգորյանը ներկայացրեց անցած երկու տարիներին ֆեդերացիայի կատարած աշխատանքը: Մասնավորապես հայտնվեց, որ Արցախում գործում են հանդբոլի 18 խմբեր, որոնցում կանոնավոր մարզումներ են անցկացնում 200 պատանիներ և աղջիկներ: Կազմավորվել են տարբեր տարիքային խմբերի ԼՂՀ հավաքականներ: Մարզաձևը զարգացնելու նպատակով մի շարք դպրոցների մարզագույք է տրամադրվել: «Այդ ծրագիրը ֆեդերացիայի նախագահության կողմից արժանացել է հավանության և առաջիկա տարիներին ևս շարունակելու է` ընդգրկելով Արցախի բոլոր շրջանների այն դպրոցները, որոնք մարզադահլիճներ ունեն և հնարավոր է մարզագույքով կահավորել»,-ասաց Ս. Գրիգորյանը:
ԼՂՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ս. Գրիգորյանը: Ընտրվեց նաև ֆեդերացիայի նախագահության կազմ` 13 մարդուց բաղկացած:






Facebook
Tweet This
Email This Post
