Ինչ ուտել աշխատավայրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2011 10:28

Աշխատող մարդը, բացի մասնագիտական ամենօրյա հարցերից, ստիպված է լինում լուծել ևս մեկը` ստամոքսայինը: Այսօր ոչ բոլոր հիմնարկներում կարող ենք  հանդիպել ճաշասենյակների, ոչ բոլորը կարող են ամեն օր սրճարան գնալ, իսկ մոտակա խանութից սովորաբար հնարավոր է գնել միայն բուլկի, խաչապուրի ու գազավորված հյութեր, իսկ միայն առավոտյան ու երեկոյան ուտելն օգտակար չէ:

Կարող եք մտածել` թող ուտելու բան լինի, իսկ թե որտեղ կուտենք, երկրորդական հարց է: Բայց սնվելն ավելի ճիշտ է ոչ թե հենց աշխատավայրում, այլ դրսում: Եվ ոչ միայն այն պատճառով, աշխատավայրում գործընկերների ներկայությամբ դա այնքան էլ վայելուչ չէ: Եթե դուրս գալու հնարավորություն չունեք, գոնե մի կողմ դրեք թղթերը, անջատեք համակարգիչը և նստեք սենյակի մյուս անկյունում: Գործը` գործ, բայց ճաշին հատկացրեք գոնե կես ժամ:

Աշխատավայրի համար կարող եք տանը պատրաստել ինչ ուզեք` ցանկացած կերակրատեսակ` աղցան կամ բազմաշերտ բրդուճ` մսով ու բանջարեղենով: Ինչ վերաբերում է տարատեսակ արագ պատրաստվող ապուրներին ու շիլաներին, ապա այդպիսի ճաշը լավ է միայն այն դեպքում, երբ ուրիշ ոչինչ չկա (ավելի լավ է այդ տարբերակն ընդհանրապես բացառելը):

Ի դեպ,  ճաշի ժամը պայմանավորված է նրանով, թե որ ժամին եք նախաճաշել. վեց ժամից ավելի չարժե քաղցած մնալ:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 2617 անգամ:
Print Friendly

Leave a Reply