Ճրագալոյցի եւ Զատկական արարողութիւններ՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2011 0:05

«ԱԼԻՔ» – Երէկ՝ կիրակի, ապրիլի 24-ին, Քրիստոնեայ աշխարհը եւ ի շարս դրա՝ Հայոց Առաքելական Եկեղեցին նշեց Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը՝ Զատիկը: Իրանահայ երեք թեմերի եկեղեցիներում Ճրագալոյցի երեկոյեան եւ Զատկի առաւօտեան մատուցւեց ս. պատարագ:

Երէկ առաւօտեան Ս. Յարութեան տօնի առթիւ ս. պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը երէկ առաւօտեան պատարագեց եւ քարոզեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ շաբաթ, ապրիլի 23-ին՝ Ճրագալոյցի երեկոյեան՝ Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Ս. Յարութեան տօնի առիթով մատուցած պատարագի ընթացքում Սրբազան Հայրը իր քարոզի մի բաժնում Յարութեան պատգամը այսպէս փոխանցեց. «Ահա պատգամը, որ գալիս է մեզ Քրիստոսի հրաշափառ Յարութեան այս առաւօտ: Լսենք հրեշտակի աւետիսը. «Գիտեմ Նազովրեցի խաչեցեալին էք փնտրում, այստեղ չէ, յարութիւն է  առել»: Լսենք մեր մէկուկէս միլիոն նահատակների ոսկորների ձայնը, որ երկնքի ու երկրի  խորքերից է գալիս, գալիս է պատմական Հայաստանի դաշտերից, Դեր Զորից ու Միջագետքից եւ ասում է՝ մեզ այլեւս մի փնտրէք այստեղ, մենք ձեզանով յարութիւն ենք առել, բայց մեր յարութիւնը կատարեալ կը լինի այն ժամանակ, երբ դուք որպէս մեր ժառանգորդները՝ ամբողջական էութեամբ տէր կանգնէք ձեր իրաւունքներին եւ մի օր մեր Փրկչի հրաշափառ Յարութիւնը տօնէք մեր ամբողջական ժողովրդով, ամբողջական հայրենիքում»:

Երէկ երեկոյեան հոծ թւով հայորդիներ համախմբւել էին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակների յիշատակը:

Հոգեհանգիստ, ծաղիկների մատուցում՝ Նահատակների յուշարձանի մօտ, եւ երիտասարդական համահաւաք: Ահա այն ամէնը, որ իւրաքանչիւր պահանջատէր հայորդի կատարում է իր մասնակցութեամբ՝ թէ՛ յարգանքի տուրք մատուցելու իր մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակին, եւ թէ՛ ի լուր աշխարհի լսելի դարձնելու իր արդար ու պահանջատէր ձայնը:

Ծրագիրը սկսւեց հոգեհանգստեան արարողութեամբ, որին նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որը կատարւեց եկեղեցու բակում գտնւող Նահատակների յուշարձանի մօտ: Հոգեհանգստեան արարողութեանը մասնակցում էր Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը: Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների հոգիների խաղաղութեան համար յուշարձանի մօտ կատարւող կրօնական արարողութիւնից եւ խնկարկումից յետոյ՝ ներկաներին իր խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդը: Սրբազան Հօր ոգեշնչող արտայայտութիւններից յետոյ՝ սկսւեց ծաղիկների մատուցման արարողութիւնը:

Յուշարձանին ծաղիկներ մատուցեցին եւ խնկարկեցին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդը, հայ կաթողիկէ համայնքի եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Իրանում ՀՀ դեսպանութեան աշխատակազմը, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը,  Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, կառոյցների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Ծաղիկների մատուցման արարողութիւնից յետոյ՝ պատնէշի վրայ գտնւող հայ երիտասարդը եկաւ իր պահանջատիրական ձայնը միացնելու աշխարհասփիւռ հայութեան ձայնին: Հայ երիտասարդը իր նախաձեռնած գեղարւեստական ծրագրով ու խօսքով ապացուցեց, որ լիցքաւորւած է իր նահատակների հեղած արեամբ եւ խրոխտ քայլով ընթանում է առաջ: Օրւայ հաւաքի ընթացքում մերթընդմերթ հնչում էին կարգախօսներ, որոնք բարձրաձայն ու խրոխտ կրկնում էր ժողովուրդը:

Հաւաքը շարունակւեց մինչեւ ուշ գիշեր եւ յանձնառու երիտասարդութիւնը եկեղեցու բակում յուշարձանի մօտ համախմբւած՝ հնչեցրեց յեղափոխական ոգեշունչ երգեր եւ հաւաքն աւարտւեց «Սարդարապատ» քայլերգով:

«ԱԼԻՔ» օրաթերթ
25
ապրիլի 2011 թ.

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply