Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում և Ղրղզստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2011 19:14

Ալմաթի

Ապրիլի 24-ին` կիրակի առավոտյան, Ալմաթիի «Սուրբ Կարապետ» Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի կարգ և այնուհետև պատարագ է մատուցվել ինսունվեց տարի առաջ թուրք ոճրագործների ձեռքով ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին:

«Սուրբ Կարապետ» եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել հարյուրավոր հայեր, որոնք մեկ րոպե լռությամբ հարգել են հայ նահատակների հիշատակը:

Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր Ալմաթի հայկական մշակութային տան դահլիճում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Միջոցառումը սկսվել է «Ադանա» տեսահոլովակի ցուցադրմամբ, որից հետո ելույթներ են ունեցել «Սուրբ Կարապետ» եկեղեցու հովիվ` Տեր Մարկոս քահանան և տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են 1915թ. Հայոց ցեղասպանության ոճրագործներին և համոզմունք հայտնել, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ բացառելու համար, պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Այնուհետև տեղի կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հնչել են Կոմիտասի «Կռունկը» երգիչներ Հասմիկ Ավդալյանի և «Դլե-յամանը»` Պարգև Խաչատրյանի կատարմամբ: Հիշատակի միջոցառումը եզրափակել է «Նաիրի» պարի համույթը` ներկայացնելով

« Խաչքար» պարը:

Աստանա

Ապրիլի 24-ին Աստանա քաղաքում «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարությունը, ՂՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, կազմակերպել էր հուշ-հավաք` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Հավաքի մասնակիցները վաղ առավոտյան այցելել են տեղի ուղղափառ եկեղեցի և մոմեր վառել` ի հիշատակ 1915թ. անմեղ զոհերի: Այնուհետև «Վան» հայկական մշակութային կենտրոնում հավաքի մասնակիցները ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրությանը:

Կարագանդա

Կարագանդայի «Սպասկ» հուշահամալրի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև այսօր տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-հավաք: Հավաքի մասնակցիները ծաղիկներ են զետեղել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել հայ անմեղ զոհերին` մեկ րոպե լռությամբ:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կայացել նաև Պետրոպավլովսկի, Պավլոդարի, Ուստ Կամինագորսկի, Կոստանայի և Ղազախստանի այլ հայաշատ քաղաքներում:

Բիշքեկ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաև Բիշքեկում: ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը և «Նաիրի» հասարակական միությունը կազմակերպել էին հուշ-հավաք և ծաղկեպսակների զետեղման արարողություն` հայկական խաչքարի առջև:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply