Դեսպան Վիգեն Չիտեչյանը Անրի Սաբիին է հանձնել Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2011 19:00

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2011թ. փետրվարի 21-ի հրամանագրով, հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբին /Henri SABY/ պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:

Ֆրանսիայի հարավում գտնվող Օտ-Գարոն /Haute-Garonne/ դեպարտամենտի Գլխավոր Խորհրդի նստավայրում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը ՀՀ Նախագահի շնորհած մեդալը հանձնեց Անրի Սաբիին:

Արարողությանը ներկա էին Օտ-Գարոն դեպարտամենտի նախագահ Պիեր Իզարը, Գլխավոր Խորհրդի եւ Թուլուզի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Անրի Սաբին Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր է եղել 1981-1994 թվականներին եւ ակտիվ ներդրում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում:

Իր ելույթում դեսպան Վիգեն Չիտեչյանը Հայաստանի իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց Անրի Սաբիին` նշելով, որ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձեւը կարեւոր նշանակություն ուներ ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այլեւ` մարդկության դեմ ոճիրների կանխարգելման առումով:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply