Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ Ֆրանսիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2011 18:56

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը ծաղկեպսակներ դրեցին Կոմիտասի արձանին:

Նույն օրը Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ Հայ Առաքելական մայր եկեղեցում Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին մատուցվեց ռեքվիեմ-պատարագ` Ֆրանսիայում հայ կաթողիկե և ավետարանչական համայնքների առաջնորդների մասնակցությամբ:

Պատարագից հետո հավաքի մասնակիցները Փարիզի Հայ Առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցուց Շանզ-Էլիզե պողոտայով երթ կազմակերպեցին դեպի Հաղթանակի կամար, ուր տեղի ունեցավ Հիշատակի միջոցառում` Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, ֆրանսիացի քաղաքական գործիչների, բարձրաստիճան զինվորականների, քաղաքացիական և կրոնական գործիչների մասնակցությամբ: Ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի շիրիմին, հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Արարողության մասնակիցները շարունակեցին երթը և հավաքվեցին Շանզ-Էլիզե և Ժորժ 5-րդ պողոտաների անկյունում, ուր տեղի ունեցավ բազմահազարանոց հավաք` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես և ի զորակցություն մայիսի 4-ին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրինագծի ընդունման: Ելույթներով հանդես եկան ֆրանսահայ քաղաքական, հասարակական, կուսակցական գործիչներ, ֆրանսիացի պաշտոնյաներ, Սարսել, Կլամար քաղաքների քաղաքապետները, ֆրանսիացի մտավորականներ, Ֆրանսիայում գործող Հրեական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչը, ֆրանսիայում ապրող հունական, կիպրական, ասորական համայնքների ներկայացուցիչներ, գերմանաբնակ թուրք լրագրող Ալի Էրթեմը:

Հավաքի մասնակիցները Ֆրանսուա 1-ին փողոցով երթ կատարեցին դեպի Կոմիտասի արձան, ուր տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք և ծաղկեպսակների տեղադրում: Ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին կոչ ուղղեցին ակտիվորեն մասնակցելու մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի առջև կազմակերպվելիք հանրահավաքին` ի զորակցություն նույն օրը Սենատում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրինագծի ընդունման:

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց բացվեց «Ցեղասպանության ոգեկոչմանը և ժխտողականության մերժմանը» նվիրված խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Կազմակերպիչը «Ժխտողականության դեմ հայկական հսկում» /Կոլեկտիվ ՎԱՆ/ կազմակերպությունն է` ֆրանսիական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությամբ: Ցուցադրվեցին ժխտողականությանը ո’չ ասող ցուցափեղկեր:

Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի Հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս Նորին Սրբություն Գրեգուար Գաբրոյանի կողմից պատարագ մատուցվեց ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, ֆրանսիացի բարձրաստիճան այրեր, կրոնական-հասարակական գործիչներ, քրիստոնեական քույր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները սկսվել էին դեռևս օրեր առաջ:

Հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Մարսելում, Լիոնում, Վալանսում, Բորդոյում, Անտոնիում, Բանյոյում, Մեդոնում և այլ քաղաքներում: Հիշատակի պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում: Կազմակերպվեցին բանախոսություներ Հայոց ցեղասպանության և ժխտողականության մերժման վերաբերյալ թեմաներով:

Ապրիլի 22-ին Փարիզի շրջակայքում գտնվող Բանյո և ապրիլի 23-ին Մեդոն-լա-ֆորե քաղաքներում քաղաքապետների մասնակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աշխատակիցները: Անցյալ տարի ապրիլի 21-ին Մեդոն-լա-ֆորե քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել էր Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի ընկած հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարը:

Ֆրանսիական առաջատար մամուլը (Le Figaro, Le Monde, Le Nouvel Observateur) հիշատակի օրը և նախօրեին անդրադարձել են Հայոց Մեծ Եղեռնի թեմային. մասնավորապես` Երևանում, Թուրքիայում և Ֆրանսիայում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին, մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատում նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի քննարկմանն առնչվող խնդրին:

Ապրիլի 20-ի երեկոյան ARTE ֆրանս-գերմանական հեռուստաալիքը ցույց տվեց գերմանացի հետաքննող լրագրող Էրիկ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Աղետ» փաստավավերագրական կինոնկարի ֆրանսալեզու տարբերակը: Ֆիլմը նկարահանվել է 2010 թ. գերմանական 1-ին հեռուստաալիքի` ARD-պատվերով և կարճ ժամանակահատվածում արժանացել մի քանի մրցանակների, այդ թվում` Գերմանական հեռուստատեսության ամենահեղինակավոր Գրիմ մրցանակին:

Ֆրանսիայում գործող ԱՐԱՐԱՏ գիտությունների միջազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ ապրիլի 16-ին Փարիզի Սենտ-Օնորե հյուրանոցի սրահում ցուցադրվեց Պոդսդամ-Բեռլինում գործող Յոհաննես Լեփսիուս մշակութային միության նախաձեռնությամբ նկարահանված Պատմական Հայաստանի և Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Փյունիկը ծնվում է մոխրից» վավերագրական ֆիլմը, որի գիտական խորհրդատուն ևս երջանկահիշատակ գերմանացի հայագետ, պրոֆ. Հերման Գոլցն է: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՐԱՐԱՏ ակադեմիայի նախագահ պրոֆ. Հակոբ Կրկյաշարյանը, Յոհաննես Լեփսիուս միության և Վուպերթալում գործող Արմին Թեո Վեգներ ընկերության վարչության անդամներ Անտյե Ֆոլմերը և Համո Պետրոսյանը:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply