Միջազգային համաժողով` նվիրված մամուլում հայ-թուրքական հարաբերությունների արտացոլմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2011 16:17

Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանն այսօր մեկնարկեց «Հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» թեմայով միջազգային համաժողով:

«Հայ- թուրքական հարաբերություններն ազդել են, ազդում են եւ ազդելու են տարածաշրջանային զարգացումների վրա»,- կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նկատեց, որ հայ- թուրքական հարաբերությունների այն արտացոլումը, որ կա այսօր մամուլում, էականորեն իր որակական, փիլիսոփայական, բովանդակային առումով փոխված է: «Ջինը շշից բաց է թողնված»,- ասաց Ն. Զոհրաբյանը` նշելով, որ եթե երեկ Ստամբուլի հրապարակներից մեկում հավաքվել էր 100 հոգի, ապա վաղը նրանց թիվը կհասնի երկու հարյուրի, ապա` երեք հարյուրի, եւ մենք պետք է 21-րդ` տեղեկատվական պատերազմի դարի ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործենք:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Գուտորովը հանդես եկավ «Համացանցը եւ քաղաքականությունը. հայ-թուրքական կոնֆլիկտի արտացոլումը զանգվածային ենթակառուցվածքների համակարգում» թեմայով զեկուցմամբ: Ըստ զեկուցման` հայկական եւ թուրքական կայքերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երկու կողմում էլ մշտապես վառ է պահվում այս թեման: Թուրքիան, ըստ զեկուցողի, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կարեւոր գործընկերներից մեկն է, դրա համար է ԱՄՆ-ն յուրաքանչյուր տարի խուսափում «ցեղասպանություն» բառից: Գուտորովի խոսքով` գոյություն ունեցող ԶԼՄ-ների մեծ թիվը, որն օրեցօր ավելանում է, հնարավորություն է տալիս` ազատ արտահայտվելու:

Ղարաբաղի հարցում, ըստ նրա, Թուրքիան անփոփոխ կերպով պաշտպանում է Ադրբեջանին. այս դիրքորոշումն ակնհայտ է: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացնելով «Աշխարհաքաղաքական միտքը ժամանակակից Թուրքիայում» թեմայով զեկուցը` նշեց, որ կան մի քանի հայեցակետեր, որոնք շրջանառվում են արդի Թուրքիայում: Ըստ դրանցից մեկի` թեեւ Թուրքիան չունի այն ռազմական եւ տնտեսական պոտենցիալը, որն ունեն մեծ տերությունները, այդուհանդերձ, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեծ տերությունների վրա, այդ իսկ պատճառով փորձագետներից մեկի կողմից այն անվանվել է «կենտրոնական տերություն»:

Թուրք մի գեներալ-լեյտենանտի ռազմական հավասարակշռության հայեցակարգով` Թուրքիան, որպես առավել ուժեղ ռազմական տերություն տարածաշրջանում, հնարավորություն ունի կարգավորելու Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմատնտեսական իրադարձությունների ամբողջ ընթացքը, եւ փաստացի, այդպիսով պահպանել այն հավասարակշռությունը, որը ձեռնտու է Թուրքիային: Կա նաեւ էքստրեմիստական հայեցակարգ, ըստ որի` Թուրքիայի տարածքը համարվում է աստիճանապետության կենտրոն Եվրասիայում, եւ Թուրքիան իշխող կարգավիճակում է մյուս երկրների հանդեպ: Համեմատաբար «չեզոք» հայեցակարգով` ժամանակակից Թուրքիան համարվում է նախկին Օսմանյան կայսրության իրավահաջորդը, եւ կայսրության կազմի մեջ մտնող բոլոր երկրները, որոնք ներկայում Թուրքիայի հարեւաններն են, համարվում են Օսմանյան ժառանգության կրողը, եւ այս երկիրն այժմ կարող է օգտագործել այդ ժառանգությունը, ազդեցություն ունենալ այդ երկրների վրա:

Գոյություն ունի նաեւ աշխարհաքաղաքական հայեցակարգ, որը որդեգրել է պանթուրքիզմի գաղափարախոսությունը. Թուրքիան նկատելի ակտիվություն է դրսեւորում այն շրջաններում, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության մաս են եղել, եւ միտում կա` ակտիվությունը քայլերի վերածելու: Ըստ զեկուցողի` այս հայեցակարգը Թուրքիայում պետականորեն կիրառվող ռազմավարությանն անչափ մոտ է: ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական ուսումնական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը, ներկայացնելով «Հայ-թուրքական հարաբերությունները ժամանակակից փուլում եւ նրանց ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա» թեմայով զեկույցը, առանձին շրջափուլերի բաժանեց պատմությունը` հայ-թուրքական հարաբերությունների առումով:

«Թուրքիան շարունակում է իրականացնել Հայաստանի շրջափակումը` Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու նպատակով»,- նշեց զեկուցողը` հավելելով, որ մեկուկես տասնամյակ ձգված այս փուլում միակ նկատելի երկխոսությունը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումն էր: Ա. Ավետիսյանի խոսքով` վրաց- ռուսական պատերազմը վերաձեւավորեց աշխարհի խոշոր քաղաքական կենտրոնների մարտավարությունը:

Թուրքիան հանդես եկավ կովկասյան պլատֆորմով. «Թուրքիան եւ Ռուսաստանը հանդես եկան` որպես մրցակցող դաշնակիցներ` միաժամանակ փորձելով թույլ չտալ մեկմեկու` չափից ավելի ամրապնդումը տարածաշրջանում»,- ասաց նա:

Արմենպրես

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply