Ն. Զոհրաբյան. «Մենք թերագնահատում ենք քարոզչական պատերազմը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2011 14:49

«Մենք թերագնահատում ենք քարոզչական պատերազմը»,- այսօր կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ու թեեւ, ըստ նրա, մենք չենք կարող մրցել ռեսուրսների առումով, քանի որ մեզ մոտ միայն այս տարի է գումար հատկացվել քարոզչական նպատակով, սակայն Ազգային ժողովի աջակցությամբ արդեն իսկ միջազգային կառույցներում մեր պատվիրակության աշխատանքները համակարգող խորհուրդ է ստեղծվել, որի կարիքը, ըստ Զոհրաբյանի, վաղուց կար. խորհրդի աշխատանքներում ընդգրկված են լինելու նաեւ ներկայացուցիչներ Արցախից:

Ն. Զոհրաբյանը նշեց, որ Ադրբեջանում Խոջալուի մասին ապատեղեկատվական ֆիլմի համար 1.5 մլն դոլար պետական մրցանակ է հատկացվել. սա, ըստ նրա, արդեն իսկ վկայում է, թե այդ պետությունն ինչ միջոցների է պատրաստ` հանուն ապատեղեկատվության տարածման: Աժ պատգամավորի խոսքով` իրենց կողմից նախորդ տարում եվրոպական կողմին է ներկայացվել գրքույկ, որը կազմվել էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի աջակցությամբ: Դրանում ներկայացված են ադրբեջանցի գործիչների մտքերը, ինչպես, օրինակ, մարդու իրավունքների պաշտպան Սուլեյմանովայի խոսքերը, թե` Ռամիլ Սաֆարովը պետք է օրինակ դառնա յուրաքանչյուր ադրբեջանցու համար, կամ ադրբեջանցի պատգամավորի միտքը, թե` Ղարաբաղը պետք է մաքրել հայերից:

Ն. Զոհրաբյանը նկատեց, որ այստեղ մեր որեւէ մասնակցություն չկա. ադրբեջանցիների պատկերը գծագրվում է իրենց իսկ խոսքերով: Բանախոսը մեկ անգամ եւս շեշտեց քարոզչական նպատակներով գումարների հատկացման անհրաժեշտությունը: «Ճիշտ է, մեր բյուջեն սակավ է, սակայն գերադասելի է, որ, ասենք, այսինչ վայրում մոծակների դեմ պայքարին ուղղվելիք գումարները ծառայեցվեն այս նպատակին»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply