Կարսում քանդում են հայ-թուրքական բարեկամության հուշարձանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2011 13:25

Կարսում սկսվել են հայ-թուրքական բարեկամությանը նվիրված «Մարդկության հուշարձան»-ի քանդման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «ԶԼՄ-եր, հսկա հուշարձանը քանդելու համար Ստամբուլից Կարս է բերվել հատուկ շարժական կռունկ, որն անմիջապես սկսել է քանդման աշխատանքները:

Հուշարձանի քանդումից առաջ Կարսում բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի տարբեր վայրերից ժամանած 200-ից ավելի արվեստագետներ եւ արվեստասերներ: Բողոքի ակցիային մասնակցել են Էրզինջանի նախկին դատախազ Իլհան Ջիհաները, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը եւ ուրիշներ: Հուշարձանի ստեղծման նախաձեռնությունը Նաիֆ Ալիբեյօղլուինն է, ով տարիներ շարունակ հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանները բացելու օգտին:

Դրա համար նա Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, սակայն, 2009 թ-ին քաղաքապետի ընտրություններում, ազգայնականների ճնշման տակ, նա պարտություն է կրել: Կարսի հին հայկական թաղամասին կից բարձունքում տեղադրված հուշարձանը մինչ օրս անավարտ էր: Հիիշեցնենք, որ Կարսի քաղաքապետարանը հուշարձանը քանդելու որոշում է ընդունել այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Կարս կատարած այցին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ով իշխող «Արդարություն եւ զարգացում» իսլամիստական ուղղվածությամբ կուսակցության առաջնորդն է, հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում ազգայնականների ձայները ստանալու նպատակով, «հրեշավոր եւ տգեղ» էր անվանել թուրք հանրահայտ քանդակագործ Մ.Աքսոյի ստեղծած «Մարդկության հուշարձան»-ը եւ հրահանգել էր քանդել այն:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply