Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը հայերեն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 25, 2011 11:40

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակը հանդիսանում էր գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսը, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար:

1899թ. գալով Ուրֆա` Յ. Կյունցլերն աշխատանքի է անցնում «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին նա միակն էր, ով ունակ էր բժշկական օգնություն ցույց տալ Ուրֆայի և շրջակա բնակավայրերի բնակչությանը:

Յակոբ Կյունցլերին և նրա կնոջը` Էլիզաբեթին հաջողվում է պատերազմի տարիներին բազմաթիվ հայերի փրկել վերահաս մահվանից:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևալագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահների բողոքական եղբայրության անդամ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Նրա հրավերով 1899թ. Կյունցլերը ևս ժամանում է Ուրֆա` դառնալով Քրիստի օգնականը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply