ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2011 15:19

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրականացրած հրեշավոր ոճրագործության նպատակը հայության ամբողջական բնաջնջումն էր, իսկ հետևանքը` հայ ժողովրդի հայրենազրկումը, մեր իսկ բնօրրանում հայության ֆիզիկական, պատմական, հոգևոր ու մշակութային ներկայության իսպառ բացառումը:
Հայոց ցեղասպանությունն իրականացման օրվանից դարձել է ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության այնպիսի դրվագ, որը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից ու դուրս թողնել քսաներորդ դարի ժամանակագրությունից. անգամ այն մարդկանց հիշողությունից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանությունը:
Մեր ժողովրդի պահանջը հստակ է. Հայոց ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական:
Երախտիքի խոսք եմ ուղղում այն մարդկանց և պետություններին, ովքեր հայ ժողովրդի կողքին են պատմական արդարության, ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման համար միասնական պայքարում:
Ոգեկոչելով Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը` մեր հայացքն ուղղենք ապագային`հանուն մեր պետականության ու հայ ժողովրդի ավելի լավ վաղվա օրվա:

Դիտվել է 2074 անգամ:
Print Friendly

Leave a Reply