Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սանն իր ձևով է սգում Մեծ եղեռնը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 24, 2011 1:37

Ներկայացնում ենք երկու բանաստեղծություն, որոնք Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սան Աշոտ Գրիգորյանը http://ankakh.com/2011/03/102708/ գրել է հատուկ Հայոց ցեղասպանության  96-ամյակի առթիվ:

Հիշեցնենք, որ այդ դպրոցը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Կարդալով այս բանաստեղծությունները` կհամոզվեք, որ Աշոտի տեղն ամենևին էլ այդ դպրոցը չպիտի լիներ:

Ցավոք, պետական անփութության պատճառով տարիներ շարունակ այնտեղ են հայտնվել այնպիսի աշակերտներ, ինչպիսին Աշոտն է:

ԽՈԿՄԱՆ ԺԱՄ

Ես ինչպե՞ս ներեմ, ասա, տե´ր աստված,

Ենիչերներին, թուրք ասկյարներին,

Սուլթան համիդին և հրեշավոր

Հատկությամբ օժտված երախն Օսմանյան:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ հրամանն էր

Քանդել Հայաստան, ջնջել հայություն:

Երբ աշխարհակալ, բիրտ ճիրաններին

Մեկուկես միլիոն  դատապարտվեցին:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ  քրիստոնյա

Ազգը հայկական հանուն հավատի,

Գոյության համար խոշտանգվեց, խաչվեց,

Տեղահան եղավ, անլուր կործանվեց:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ Վանա ալիճը

Արյուն էր հագել, արյուն էր հորդում

Հարսանքատանը՝ գինու փոխարեն

Եւ հարս ու փեսա  մահ էին կոծում:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ հայ գյուղացին

Ցանքսի ժամանակ, դեռ սերմ չգցած,

Սեփական արյամբ  հագեցրեց հողը,

Հողը  չոր, պապակ, դեռ ջուր չտեսած:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ մայրը սպանեց

Իր ծծկեր որդուն, որ նա չպղծվի

Ձեռքով թշնամու և ապա ինքն էլ

Յուր անձը մեկնեց օսմանյան սրին:

Փշրվեց հայոց երգն ու խաչքարը,

Հայաստան բառը՝ հայի շուրթերին,

Որ վերջին բառն էր, աղոթքը վերջին,

Վերջին հանգրվանն ու հույսը վերջին:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ բազում մանկանց

Որբություն իջավ, գավազանն առած՝

Գիրկն ընկան անհայտ,  մութ պանդխտության՝

Հայաստան բառը սրտերում գամած:

Ես ինչպե՞ս ներեմ, երբ Կոմիտասյան

Մեղմ, քաղցրահնչյուն պատարագն այդօր

Չավարտվեց  ավաղ, վանականն ընկավ՝

«Տեր ինձ ողորմեա» խոսքը բերանում:

Իսկ ավազանում սուրբ մկրտության

Մկրտվեց մանուկն իր «մյուռոն արյամբ»,

Դեռ չդրոշմված,  դեռ չճաշակած,

Իր  մաս և բաժինք, բաժինքն հավիտյան:

Ես ինչպե՞ս ներեմ. տաճարում վերջին

Աղոթքը մարեց այրու շուրթերին,

Վերջին երգն  հնչեց  արեվագալի,

Ո՞նց չխենթանար Կոմիտասն այդժամ:

Սարսափը տիրեց խեղճ վարդապետին

Ու չհասկացավ, թե ինչ է անում,

Լուռ ծունկի իջավ ու ցավը սրտում

Երգեց «գթա, տեր»,  հետո՝ «ի վերին»:

Էլ ո՞նց դիմանամ ես այսքան դավին,

Էլ ո՞նց դիմանամ այս անմարդկային

Իրականություն կոչված այս ցավին

Եվ հոգեվարքին այս դժոխային:

Ներիր ինձ աստված, որ հանդգնում եմ

Չներել նրանց ու չմոռանալ

Սպանդն այս անհոգի, ջարդն այս անհոգի

Եվ երկինք հառած՝ դատաստան անսալ:

Ներիր ինձ, աստված, որ հանդգնում եմ,

Չներել նրանց, չներել նրանց,

Տեր, ինձ ողորմեա, ողորմեա ինձ տեր

Եվ ինձ ողորմիր շնորհը ներման…

2011թ.

ԵՂԵՌՆ-ԿՈՏՈՐԱԾ

Հազար իննը հարյուր տասնհինգ թիվ.

Պատմության վրա արյունով ներկված

Գրվեց երկու բառ՝«եղեռն», «կոտորած»,

Հայկական սպանդ, ջարդ համատարած:

Խորհում  եմ ցավով. սեփական հողում

Մեկուկես միլիոն հայ յաթաղանին

Նահատակվեցին, թրքական զորքի

Ոճրահոտ ձեռքով սրի մատնվեցին:

Կարծես կանգնած եմ շատ մոտ Սասունին,

Էրզումին,  Վանին ,Մշին, Կարինին,

Իսկ Անին արդեն ավերակ դարձած

Իր վերջին ծուխն է մարում հայկական:

Նա մաքառել էր, դիմադրել կես դար,

Պիղծ յաթաղանով ու մահվան գնով

Իր վերջին կաթիլ արյամբ և ուխտով

Փորձել էր մնալ որպես հայ, հայկյան:

Նա մաքառել էր և այն ժամանակ,

Երբ թուրքն իր զորքով կազմելով շրջան՝

Մեջտեղ է բերել մայրերին, ապա

Խողխողել սրով  սուրբ, անմեղ մանկանց:

Մորթել մայրերին, սարսափած մանկանց,

Ստիպել ծափ տալ թրքական երգի

Ու մուղամի տակ,  մորթոտել որդկանց,

Միսը կերցրել  մայրերին հյուծված :

Եվ հղի կնոջ պտուղը պղծել՝

Դեռ աշխարհ չեկած, կյանք չճաշակած:

Դուստրերին իրենց մոր աչքի առաջ

Բռնաբարելով տանջել, մասնատել:

Միևնույն պահին հեռվում մի ամբոխ

Քայլում էր դեպի անապատ, Դեր զոր,

Եվ պատկերացնել ոչ ոք չէր կարող

Որ սա թե´ ծես էր, թե´ թաղման թափոր:

Քայլում էր ամբոխն  անձայն,  հոգնատանջ՝

Քաջ գիտակցելով, որ տղամարդկանց

Թուրքական զորքը  հենց շեմի վրա

Օջախ չմտած՝ հանձնել էր մահվան:

Մի մասն էլ նրանց խրախճանքներին

Թրքական նենգ, պիղծ զվարճանքներին

Զոհաբերվեցին՝ չենթարկվելով

Հրամաններին Օսմանյան զորքի:

Էրզրումը, Վանը, Մուշը, Կիլիկիան

Ու շատ քաղաքներ հայաթափ եղան՝

Արժանանալով այն ճակատագրին,

Ինչին մատնվեց Անին Հայաշատ:

Այս ամենն, ավաղ, փաշան խրախճանք

Ու ծես է կոչել, կոչել զվարճանք,

Իր արյունաքաղց խիղճը հագեցրել

Լոկ հայի  արյամբ,  լոկ հայի արյամբ:

Ես սարսափում եմ,  ողորմած աստված,

Ահով  զարմանում մազապուրծ եղած

Մայրերի վրա, որ խելագարված,

Բայց հայ մնացած, փորձեցին ջանալ

Երդիկը կրկին ծխեցնել մարած:

Հայն ապրեց՝ շնորհիվ հավատի, ուժի

Եվ իր աղոթքով  կրկին վեր հառնեց

Վանքեր հոյակերտ ու երգեց ձայնեղ՝

Երազ իմ երկիր,  իմ սուրբ Հայրենիք:

Ոչ մի ազգ երբեք իր կաշվի վրա

Չի ապրել ցավը մեր ապրած, տեսած

Ու քչերն այսօր մեզ կհավատան,

Որ սա կատարված փաստ է իրական:

Իսկ սա իրական փաստ է ու հաստատ,

Ճչացող մի փաստ: Թշնամին հիմա

Փորձում է կոծկել եղելությունն այս,

Անզոր է,  սակայն, հավատա, ո´վ մարդ:

Ու միջազգային հանրության առաջ

Փորձում է կեղծված ու անիրական

Փաստերով խոսել և հավատացնել,

Որ մաքուր է, սուրբ օրենքի առաջ:

Չենք լռի, ո´վ մարդ, մեզ կմիանա

Մեկուկես միլիոն զոհերի ձայնը,

Քանզի թշնամին՝ պատրաստ ամեն ժամ,

Հարմար առիթ է փնտրում հարձակման:

Լուռ խոնարհվում եմ, խոնարհվում զոհված,

Մեկուկես միլիոն և մեկ գումարած

Հայության առաջ և հարգում նրանց

Անմոռանալի հիշատակն անմար:

Լուռ խոնարհվում եմ, դո´ւ էլ խոնարհվիր

Հայության առաջ, ո´վ մարդ արարած,

Եւ կրակն այս վառ դու միշտ վառ պահիր,

Որ միշտ վառ մնա հիշատակն անմար:

2011թ.

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply