Հայ գործարարները բաց նամակով քննադատել են ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսային
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 23, 2011 18:46
Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը եւ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) բաց նամակ են հղել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Գիլերմո Տոլոսային` կապված նորարարական արտադրություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նրա կատարած հայտարարության հետ:
Նամակում գործարարների շահերը պաշտպանող կազմակերպությունները մտահոգություն եւ անհամաձայնություն են հայտնել Գ. Տոլոսայի` ապրիլի 15-ի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքի հետ, որ ԱՄՀ-ն հավանություն չի տալիս ՀՀ նախագահի առաջարկությանը` նորարական արտադրություններին շահութահարկի արտոնություն տրամադրելու վերաբերյալ: Գ. Տոլոսան իր առարկությունը բացատրել էր նրանով, որ ԱՄՀ-ն ընդհանրապես դեմ է հարկային արձակուրդներին, բացի այդ` նմանատիպ արտոնությունները հարկահավաքման ռիսկեր կստեղծեն:
Բաց նամակի հեղինակները «ոչ տեղին եւ չհիմնավորված» են համարում Գ. Տոլոսայի այդ կարծիքը, եւ լիակատար պաշտպանություն հայտնում ՀՀ Նախագահին : «Ձեր տեսակետը կարող է խոչընդոտներ ստեղծել Հայաստանի տնտեսական զարգացման համար: Նման մերժողական մոտեցումը հարկային դաշտի բարելավման կապակցությամբ անխուսափելիորրեն կհանգեցնի արտադրական եւ նորարարական ձեռներեցության տեմպերի անկման»,- նշված է բաց նամակում:
Նամակի հեղինակները նաեւ համոզմունք են հայտնել, որ հենց նորարարական հատվածն է ապահովելու Հայաստանի տնտեսության վերականգնումը, ինչը թույլ կտա ստանալ լրացուցիչ հարկային մուտքեր, թուլացնել սոցիալական լարվածությունը եւ արդիականացնել տնտեսությունը:
Նամակը ստորագրել են` ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը եւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
