Սամվել Մարտիրոսյան. «Պետք չէ ադրբեջանական տեղեկատվական աղբը ներս բերել տուն»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | August 17, 2009 16:30

Samvel Martirosyan«Հայկական լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն ադրբեջանական տեղեկատվական դաշտում հայտնված ապակողմնորոշիչ նյութերին արձագանքնելիս ,- այսօվա ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,- դա նույնն է, որ դրսից զիբիլը բերես տուն: Մենք մեր ձեռքով խեղում ենք մեր լրատվական դաշտը` տարածելով նրանց հրապարակած աղմկահարույց լուրերը, որոնք իրենցից շատ հաճախ ոչինչ չեն ներկայացնում, և, ըստ էության,  փուչիկ են»:

Մարտիրոսյանն ասում է, որ տեղեկատվական դաշտում իրականացված հարձակումները հիմնականում ուղղված են թիրախին հոգեբանական ճնշումների ենթարկելու: «Այն, որ ամբողջ օրը ադրբեջանական մամուլում խոսվում է այն մասին, թե իրենք ինչքան հզոր բանակ և մեծ բյուջե ունեն, և հակառակը, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ է, բյուջեն փոքր է, խոսում է հենց այդ մասին, – ասում է Մարտիրոսյանը,- դրանով նրանք փորձում են թաքցնել իրենց սեփական խնդիրները: Այն, որ օրինակ իրենց բանակում առկա լուրջ խնդիրներ կան (սպա է գնդակահարվել, զինվորները դասալիք են լինում, բռնաբարություններ կան և այլն): Եվ արձագանքել իրենց տարածած ինֆորմացիային, նշանակում է պարել նրանց  դուդուկի տակ»:

Ադրբեջանական ու թուրքական հակերների կողմից հայկական պաշտոնական կայքերի վրա հարձակումները շարունակվում են արդեն մեկ շաբաթ:  Կոտրել էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքը (www.taxservice.am): Կոմիտեի պաշտոնական կայք մտնելիս  հայտնվում էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի լուսանկարը, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ կոտրվել էր «Արմինկո» ընկերության սերվերը, որից օգտվում էին նաև պետական մի քանի կայքէջեր, այդ թվում՝ Կառավարության:

«Երեկ էլ հարձակում էին գործել Սփյուռքի նախարարության կայքի վրա»,- ասում է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն ասում է, որ հարձակումների այս ալիքը աննախադեպ էր ոչ միայն Հայաստանի համար, այլև կիբեռ ոլորտում դիտված տեղեկատվական պատերազմների պատմությունում. «Եթե հաշվի առնենք, որ հարձակման թիրախ էին դարձել կոնկրետ պետական կայքերը, ապա հասկանալի է, որ դա ուղղված էր կոնկրետ պետության դեմ և, անշուշտ, ազդում է Հայաստանի իմիջի վրա»:

Սակայն ՀՀ որոշ նախարարություններ, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը,  հերքեց, որ իրենց կայքերի վրա հարձակում է եղել:  Օգոստոսի 15-ին էկոնոմիկայի նախարարության կայքէջում ( www.mineconomy.am )պաշտոնակակն հայտարություն է դրված այն մասին, որ կայքը կոտրված չի եղել: «Սա ճիշտ դիրքորոշում չի,- ասում է Մարտիրոսյանը,- տեղեկատվական հարձակման ենթարկվելը ամոթ չէ, ամոթն այն է, որ ոչինչ չի արվում այն կանխելու համար»:

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանն ասում է, որ Ադրբեջանում դեռևս 5-6 տարի առաջ մեկնարկել է մի պետական ծրագիր, որով ադրբեջանցի մեծահարուստները ՌԴ-ում կամ եվրոպական երկրներում գնում են լրատվամիջոցներ և այդպիսով միջազգային տեղեկատվական դաշտում իրականացնում են պրոադրբեջանական լոբբինգ:

«Մեր տեղեկատվական դաշտը ևս կարիք ունի պետական աջակցության և ինչու չէ` նաև հովանավորչության,- ասում է Աբրահամյանը,- կարվի դա ԱԱԾ-ի, թե այլ պետական կառույցի միջոցով` կարևոր չէ: Մեր տեղեկատվական պաշտպանվածությունը, հիմնականում իրականացվում է էնտուզիաստների միջոցով»:

Մարտիրոսյանն ասում է, որ հայկական և ադրբեջանական տեղեկատվական դաշտերն իրենց կառուցվածքով խիստ տարբերվում են: «Ադրբեջանում դա իրականացվում է ուղղահայաց ձևով,- ասում է Մարտիրոսյանը,- այսինքն նախագահականից անմիջապես ասվում է ֆաս, և միաժամանակ նույն թեմայից սկսում են խոսել քաղաքագետները, պաշտոնյաները, հկ-ները և այլն»:

Իսկ հայկական տեղեկատվական դաշտն ավելի ճկուն է ու բազմավեկտոր: «Այն, որ Googel-ում մոտ երկու շաբաթ է, որ Խանքենդին գրված է Ստեփանակերտ, արդյունք է ԱՄՆ-ի էնտուզիաստների աշխատանքի,- ասում է Մարտիրոսյանը,- իսկ մեր լրատվամիջոցները երևի նույնիսկ տեղյակ էլ չեն այդ մասին ,և դա չի լուսաբանվել»:

Կայքերը կարելի է կոտրել մի քանի եղանակներով. դա կախված կարող է լինել և սերվերից, և կայքի որակից: Հարձակման են ենթարկվում նաև նախագահական կայքերը, սակայն լավ գրված կայք կոտրելն այնքան էլ հեշտ չէ: «Հայկական պետական կայքերի վրա հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ դրանք տեղափոխվում էին ավելի պաշտպանված սերվերի վրա,- ասում է Մարտիրոսյանը,- ուղղակի նրանք ինչ-որ կերպ իմացել են այդ մասին»:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply