Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2011 18:28

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում:

Նախագահը կարևորել է շվեդ պատգամավորների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ նաև Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ջանքերով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան:

«Ցանկանում եմ ձեզ և  ձեր բոլոր համախոհներին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի անունից` Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու համար: Ավելորդ չէ ասել, որ մեզ համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Բայց Ռիկստագի որոշումը երկու կարևոր առանձնահատկություն ունի. մեկն այն է, որ այդ որոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ Շվեդիան` սերտ փոխգործակցություն ունենալով Թուրքիայի հետ, միանգամայն հնարավոր է համարել նման որոշում ընդունելը: Դա շատ լավ օրինակ կարող է լինել այլ երկրների համար: Եւ երկրորդ՝ այդ բանաձևը դուք ընդունեցիք մի ժամանակահատվածում, երբ մենք փորձում էինք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել: Մեր բոլոր ընդդիմախոսներն ասում էին, թե այդ քայլով մենք ձախողեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, և այլևս ոչ ոք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բոլորի համար հասկանալի դարձավ, որ կարելի է փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` միևնույն ժամանակ շարունակելով ցեղասպանության ճանաչման գործընթացը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանում ուրախ կլինեն ավելի հաճախակի հյուրընկալել Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին և նրանց գործընկերներին, ինչը լավ հնարավորություն է ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայ ժողովրդին, նաև` տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, որոնց լուծման գործում բարեկամների աջակցությունը ևս կարևոր է:

Շվեդ պատգամավորներն ընդգծել են, թե ցեղասպանությունը ցանկացած պարագայում մնում է ցեղասպանություն և այլ անունով այն չի կարելի անվանել:

«Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերն անհրաժեշտ էին, քանի որ արդարության վերականգնմանն էին ուղղված: Մենք   Շվեդիայի խորհրդարանում ճանաչման օգտին դժվարին աշխատանք ենք կատարել և համարում ենք, որ հոլոքոստի համար հրեաներից ներողություն խնդրած Գերմանիայի օրինակով, Թուրքիան ևս պետք է ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայերից: Արդարության ճանապարհը դժվար է, բայց, պարո´ն Նախագահ, այդ դժվարին ճանապարհին դուք Շվեդիայում մշտապես կունենաք բարեկամներ»,-վստահեցրել են պատգամավորներ Անելի Էնոքսոնն ու Ֆրեդրիկ Մալմը:-0-

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply