Ուկրաինայում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը` որպես հանցագործություն մարդկության հանդեպ» խորագրով կլոր սեղան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2011 18:24

Ապրիլի 22 –ին Հայաստանի դեսպանության և Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ կլոր սեղան «Հայոց ցեղասպանությունը` որպես հանցագործություն մարդկության հանդեպ» խորագրով, որին մասնակցում էին նշանավոր գիտնականներ, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ-ների, հայ համայնքի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի աշխատանքները վարում էր Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ով ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշեց, որ այն ունի չափազանց կարևոր նշանակություն ուկրաինական հասարակայնությանը Հայոց ցեղասպանության մասին գիտական և լիարժեք տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև այն ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ տարվող աշխատանքների առումով:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակցության համար` Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենամռայլ և ողբերգական էջն է, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մարդկային կյանք և հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծված հոգևոր և նյութական հսկայական ժառանգությունը: Իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ`ձևավորելով հայկական սփյուռքը:

Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև` ողջ մարդկության հանդեպ, քանի որ կործանվեց մի ողջ քաղաքակրթություն և պատահական չէ, որ դեռևս 1915 թ. մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ այն բնորոշվում էր որպես «…հանցագործություն մարդկության և քաղաքակրթության հանդեպ»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցին, նա նշեց, որ Հայաստանը և Սփյուռքը միասնաբար և հետևողական աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ` նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները` այդպիսով իրենց մասնակցությունը ունենալով նաև աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:

Նա իր երախտագիտությունը հայտնեց Ուկրաինային և ուկրաինացիներին ցեղասպանության փրկվածներին օթևան տալու, աջակցելու համար, որոնք ինչպես մեր հայրենակիցները 1000 տարիների ընթացքում և ներկայիս սերունդը, իրենց ակտիվ մասնակցությունն են բերել և բերում Ուկրաինայի զարգացման և պետականության ամրապնդման գործում` դրանով իսկ նպաստելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը:

Ալեքսանդր Բոժկոն հրապարակեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավուքների, միջազգային հարաբերությունների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ Օլեգ Զարուբինսկու ողջույնի խոսքն`ուղղված կլոր սեղանի մասնակիցներին:

Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահ Իվան Դրաչը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մայբորդան, Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խորհրդի նախագահ Իլյա Լեվիտասը, Կիևի միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը, թարգմանիչ, գրողների միության անդամ Սերգեյ Ցուշկոն, որոնք Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձան քաղաքական, էթնիկական, մշակույթային և այլ տեսանկյուններից:

Ծավալված մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցողները խիստ կարևորեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը, որը ուկրաինական հասարակայությանը տալիս է Հայոց ցեղասպանության իրական պատկերը և գնահատականը, միաժամանակ հույս հայտնելով, որ Ուկրաինան, որպես դեմոկրատական երկիր, իր ձայնը կմիացնի մյուս երկրներին` ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Քննարկումների արդյունքում կլոր սեղանի մասնակիցներն ընդունեցին ուղերձ`հասցեագրված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Գերագույն Ռադային Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առաջարկով:

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply